14/07/2009 16:41
«Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ. Հայ բլոգոսֆերան պահանջում է
«Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ հուլիսի 10-ի հայտարարությունը մեծ խմորումների տեղիք տվեց, որոնք անդրադարձել են նաև հայկական բլոգոսֆերայի վրա: Այդ խմորումների, մտահոգությունների ու, ինչու՞ չէ, նաև վրդովմունքի արդյունքում ծնվեց մի խումբ բլոգերների կողմից ներակայացված հայտարարությունը, որը տեղ գտավ ԶԼՄ-ներում և այսօրվա թերթերում: Մենք որոշեցինք ամեն դեպքում, որպես հայկական բլոգոսֆերայի մի հատվածի ներկայացուցիչներ, մեր մտահոգություններով, առաջարկություններով ու նաև պահանջներով կիսվել հասարակության հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց մասնագիտությամբ ճարտարապետ Արսեն Կարապետյանը: Նրա խոսքերով, բլոգոսֆերան կուռ համակարգ չի, անհատականությունների համայնք է և շատ տարբեր կարծիքներ կան: «Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ միշտ վեճեր են եղել, սակայն այս դեպքում, պաշտոնական հայտարարությունը տեսնելուց հետո, զարմանալիորեն միակարծիք էր ամբողջ բլոգոսֆերան»,- ասաց նա:
Մասնագիտությամբ քաղաքագետ Արթուր Ավթանդիլյանը համոզմունք հայտնեց, որ հրապարակված Մադրիդյան սկզբունքները տանում են պատերազմի: Նա նշեց, որ այդ սկզբունքներից բխող հետևությունները թռիչքաձև տեմպերով տանելու են ԼՂՀ-ից, այնուհետև նաև Սյունիքից, զանգվածային արտահոսքի, քանի որ բնակչության մոտ կվերանա անվտանգության զգացումը: «Ազատագրված տարածքները հանձնելու դեպքում ռազմական ճակատը մեծանում է 3 անգամ, վերադառնում են Արդրբեջանի փախստականները, հայտնվում է 3-րդ ուժ ` խաղաղապահների տեսքով, որոնք, այլ երկրների փորձից ելնելով, բնակչության վրա դրական տպավորություն չեն թողնում: Կատարվում է 1991թ. ստատուս քվոյի վերականգնում` հանած ադրբեջանցի բնակչության ներկայությունը ԼՂ-ում ու Հայաստանում և հայկական բնկաչությունը` Ադրբեջանում: Մնացած բոլոր դերակատարները և դրանցից բխող ուղղակի և անուղղակի հետևանքները առկա են»,- հայտարարեց Ա. Ավթանդիլյանը:
Բլոգերներից ուսանող-թուրքագետ Վարուժանի կարծիքով, մեծ վտանգ է առաջանում նաև Արցախի և Սյունիքի գյուղատնտեսական կապի խզման առումով, վտանգի տակ է հայտնվում նաև Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը, որը որոշ տեղերում 1-2 կմ է հեռու սահմանից, իսկ Քարահունջ-Որոտան հատվածն անմիջապես անցնում է նախկին խորհրդային Ադրբեջանի տարածքով, որը, ըստ Մադրիդյան սկզբունքների, ենթակա է վերադարձման:
Բլոգեր, հաշվապահ Հայկ Բալանյանի խոսքերով, Մինսկի խումբը հակամարտության վերահսկման մեխանիզմ է, իսկ անցած տարիների ընթացքում Անդրկովկասում ձևավորված իրադրությունը գոհացնում էր ԱՄՆ-ին ու Եվրոպային: «Այժմ այդ ստատուս քվոն չի բավարարում կողմերին. ԱՄՆ և Եվրոպան ուզում են Հայաստան-Ադրբեջան կապի միջոցով կամուրջ ստեղծել դեպի միջին Ասիայի ռեսուրսներ, իսկ Ռուսաստանը չի ուզում թողնել իր ձեռքում եղած լծակները և այժմ կողմերը պետք է փորձեն` Ռուսաստանը` ցմահ փակել ԱՄՆ համար ճանապարհը դեպի Միջին Ասիա, իսկ ԱՄՆ` փորձել ինչ-որ կերպ ապահովել իր ռազմական ներկայությունը»,- հայտարարեց Հ. Բալանյանը և ընդգծեց, որ ստատուս քվոյի փոփոխման մեխանիզմը պատերազմն է, որի դեպքում հնարավոր կլինի զորք մտցնել տարածաշրջան: «Երկու կողմն էլ անշահախնդիր դատավոր չեն, այլ` մանակից: Այս դեպքում Հայաստանը և Ադրբեջանը հանդես են գալու որպես թնդանոթի միս»,- վստահ է բլոգերը: Ըստ նրա, Հայաստանը դրան է գնում իշխանությունների լեգիտիմության ապահովման և որոշակի բիզնես շահերի համար:
«Ֆորումներում ադրբեջանցիները, կարծես, դեռ չեն էլ հասկացել մինչև վերջ, թե ինչ կլինի: Հետաքրքիր էր մի պահ. դեմոգրաֆիկ վիճակի մասին են շատ գրում, թե ով ուր կգնա: Ադրբեջանցի բլորգերները իրենց կառուցվածքով այնքան էլ ռազմատենչ չեն, բայց միանգամից մտածում են քանի հոգի կապրի այս շրջանում 20-30 տարի հետո»,- նշեց Ա. Կարապետյանը:
Այսպիսով` հայ բլոգերները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանից պահանջում են պաշտոնանկ անել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին և հասարակությանը ժամանակ տալ` հասարակական քննարկումներ ծավալելու և հետագա քայլերը հասկանալու համար: