05/03/2012 12:17
Հենրիկ Իգիթյանը հավատում էր ու տեսավ այդ հաղթանակը
Այսօր Հենրիկ Իգիթյանը կդառնար 80-տարեկան: Նրա մահվանից 4 տարի անց էլ նրա ընկերները խոստովանում են, որ նրա մասին ինչքան էլ խոսեն, հնարավոր չէ ամեն ինչ ասել:
«Հենրիկ Իգիթյանին ես գիտեի 1954 թ.-ից, երբ ինքը դեռ ջոկատավար էր: Ամբողջ կյանքում միասին ենք եղել: Առանձնահատուկ մարդ էր, որ ոլորտում էլ աշխատեր, հանճարեղ կլիներ: Անկանխատեսելի քայլեր էր անում, միշտ ձգտում էր նոր բան անել»,-ասում է «Այդ Իգիթյանը» գրքի հեղինակ, Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Յակով Զարգարյանը:
«Ինքը մեր հետ է, անկախ նրանից, որ հեռացել է: Այն ժամանակ շատերի, նաև իմ նկարները մերժում էին թանգարաններում ներկայացնել: Ինքը հավաքում էր թանգարաններում մերժված գործերը և դրանից հիանալի հավաքածու ստացավ: Նա մշակույթի նախարարության ողջ գործն իր վրա էր վերցրել, և ստեղծեց մի հրաշալի թանգարան, որի բացումը 3 անգամ հետաձգեցին: Կենտկոմից մարդիկ կային, 1972 թ. էր, ես ու Մինասը ասեցինք, եթե չթողեք բացել, մենք մեր գործերը կվառենք հրապարակում: Երբեք չէր գոռում, բայց միշտ հասնում էր իր նպատակին»,-ասաց գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:
Հ.Իգիթյանի հարազատ եղբայր Լևոն Իգիթյանն այն մարդկանցից է, ով անմիջականորեն մասնակից է դարձել նրա անցած ուղուն և դժվարություններին: Խոստովանում է, հենց այդ հզոր թիմն էր Իգիթյանի հաջողության գաղտնիքը: «Այդ տարիներին վտանգը մեծ էր, բայց ավելի մեծ էր արվեստագետների ոգևորությունը, դրա շնորհիվ էլ նրա թանգարանը կայացավ: Իգիթյանը մենակ չէր, նա հզոր թիմ ուներ, դժվար էին ապրում, նեղ պայմաններում ստեղծագործում, բայց նրան բոլորն էին ճանաչում: Բոլորը մոռացել էին դժվարության մասին և ապագայի հավատով էին ապրում: Մի բան կար, որ այսօր պակասում է, շնորհակալ նպատակին ծառայելու գաղափարը, որը ուժ էր տալիս մարդկանց»,-ասում է ճարտարապետ Լևոն Իգիթյանը:
Նրա հավաստմամբ, այդ նկարիչներին հնարավոր չէր շեղել ուղուց, ինչը հիմա չի կարելի ասել այլ ոլորտների արվեստագետների մասին: «Նրանց հնարավոր չէր շեղել ո’չ Ֆրանսիայից, ո’չ Ամերիկայից, ո’չ Եվրախորհրդից, նրանք հստակ գիտեին, ինչ են անում և որ դա ապագայի համար է: Նրանք հավատում էին ու տեսան այդ հաղթանակը: Այսօր այդ մեծերից հետո հաջորդ սերունդը գալիս է, որը առաջադեմ է, ու որևէ մեկին այն աշխարհում չի զիջում, ինչը, ցավոք, չեմ կարող ասել այլ ոլորտների արվեստագետների մասին»,-ասաց նա:
Նշենք, որ Հենրիկ Իգիթյանը հիմնադրել է աշխարհում առաջին մանկական պատկերասրահը, Ժամանակակից արվեստի թանգարանը, մանուկների գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնը, «Նոյյան տապան» հայ արդի նկարիչների ընկերակցությունը: 1989-91 թթ. եղել է ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր: Հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, ալբոմների, արվեստաբանական հոդվածների: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի, Մովսես Խորենացու և Մխիթար Գոշի անվան մեդալներով:
Այսօր ժամը 12-ին նախատեսվում է այցելություն Հենրիկ Իգիթյանի գերեզմանոց, ապա նրա հուշաքարը կտեղադրվի նրա տան վրա, ժամը 15-ին մանկական պատկերասրահում կազմակերպվել է նրա հիշատակին նվիրված ցուցահանդես, իսկ վաղը` ժամը 16–ին, ժամանակակից արվեստների թանգարում կբացվի նրա անվան ցուցահանդես: