15/01/2013 16:25
«Պետական կառավարման ողջ համակարգը պետք է համախմբել Զինված ուժերի շուրջ»
Երկրի անվտանգության և պաշտպանության հարցերը չեն կարող լինել միայն ուժային կառույցների պատասխանատվության դաշտում: Այս մասին ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացված ընդլայնված նիստի ժամանակ հայտարարել է Հանրապետության Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Մենք առաջին անգամ ենք այս ձևաչափով հավաքվում զորավարժությունների արդյունքներ ամփոփելու համար: Հրավիրել եմ ձեզ այս կազմով, նկատի ունեմ՝ Ազգային ժողովի ղեկավարություն, կառավարության ընդլայնված կազմ, այդ թվում՝ մարզպետներ, փոխնախարարներ, Նախագահի և Անվտանգության խորհրդի աշխատակազմերի ղեկավար աշխատողներ, դատական և այլ կարևոր կառույցների ղեկավարներ, քանի որ համարում եմ՝ մի կողմից փոխվում են մեր երկրի առաջ կանգնած տարածաշրջանային և միջազգային մարտահրավերները, մյուս կողմից` մեր Զինված ուժերը մտել են կայացման այնպիսի փուլ, որում լիամասշտաբ պլանային ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների անցկացումը պետք է կրի պարբերական բնույթ: Իսկ դրա արդյունավետության համար պահանջվում է բոլորիս համատեղ աշխատանքը:
Մենք լսեցինք պաշտպանության նախարարի զեկույցը «Փոխգործակցություն-2012» ՀԱՊԿ զորավարժությունների և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության փուլերի վերաբերյալ: Ինչպես նշեց նախարար Օհանյանը, դրանցում հիմնականում հաջողության հասել ենք, թեև կան նաև թերություններ: Թերությունները պետք է շտկվեն արագ և որակով: Դեկտեմբերին ես ստորագրել եմ համապատասխան կարգադրություն` հստակ ցուցումներ տալով կառավարությանը: Բայց հիմնական դասը, որ պետք է քաղենք այդ զորավարժություններից, մեր ներքին փոխգործակցության, պետական կառավարման բոլոր մարմիններում լուրջ նախապատրաստական աշխատանք կատարելու անհրաժեշտության գիտակցումն է:
Երկրի անվտանգության և պաշտպանության հարցերը չեն կարող լինել միայն ուժային կառույցների պատասխանատվության դաշտում: Ավելին, հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը, առկա մարտահրավերները, արագ մոբիլիզացվելու անհրաժեշտությունը, մենք պետք է մշտապես կատարելագործենք պետական համակարգի փոխգործակցելու և արդյունավետ արձագանքելու կարողությունները:
Հայրենիքի պաշտպանությունը յուրաքանչյուրիս թիվ մեկ խնդիրն ու գործն է: Անկախ նրանից, թե որ ոլորտում եք դուք ղեկավար պաշտոն զբաղեցնում, Հայաստանի անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է ձեր աշխատանքի կարևոր բաղկացուցիչ մաս կազմի:
Անկախության առաջին երկու տասնամյակի ընթացքում մենք անցանք մեզ պարտադրված գոյամարտով, դուրս եկանք հաղթանակած և կարողացանք արագ անցնել պետական շինարարության բուն գործընթացին: Ունեցել ենք ձեռքբերումներ և բացթողումներ: Հաճախ ենք հղում կատարել մեր անփորձությանը, ինստիտուտների բացակայությանը, ավանդույթների պակասին: Կատարել ենք սխալներ, երբեմն՝ ներելի, երբեմն` ոչ:
Անցել է քսան տարի, փոխվել է վիճակը մեր տարածաշրջանում, փոխվել է աշխարհը, շատ է փոխվել նաև մեր պետությունը: Այն, ինչ ներելի էր և միգուցե օրինաչափ անկախության առաջին տարիներին, այժմ անհանդուրժելի է և պետք է բացառվի:
Այսօր պետք է հստակ պայմանավորվենք, որ այսուհետ զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք մեր այն գործընկերների նկատմամբ, ովքեր բավարար ուշադիր չեն Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության խնդիրներին: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր պախարակում և վարկաբեկում են զինված ուժերի պատիվն ու համբավը: Զրոյական հանդուրժողականություն պետք է ցուցաբերենք այն մարդկանց նկատմամբ, ովքեր փորձում են ամեն գնով խուսափել զինվորական ծառայությունից կամ ոչ պատշաճ ձևով կատարել այդ ծառայությունը: Զրոյական հանդուրժողականություն այն զինվորականների նկատմամբ, ովքեր ուսադիրներն ու համազգեստն օգտագործում են սեփական շահի համար կամ որևէ այլ կերպ ստվերում են սպայական պատիվը:
Այնպես ստացվեց, որ անկախության առաջին իսկ տարիներից բանակը հատուկ տեղ զբաղեցրեց մեր հասարակության կյանքում: Պատերազմ էր, որի շունչը զգացվում էր Հայաստանի ողջ տարածքում` մի տեղ ավել, մի տեղ պակաս: Այդ տարիներին յուրաքանչյուր ընտանիք ուներ մոտիկ կամ հեռավոր ազգական Հայոց բանակում: Եվ բանակը յուրաքանչյուր մարդու սրտում էր: Այդ զգացումը առավել ամրապնդվեց, երբ մեր բանակը տարավ այնքան անհրաժեշտ, կենսական հաղթանակ:
Քսան տարի անց ունենք բանակի հանդեպ այդ սերն ու հարգանքը մեր հասարակության ինստիտուցիոնալ հիշողության մեջ մեկընդմիշտ ամրագրելու անհրաժեշտություն: Այսինքն, պետք է այնպես անենք, որ զինված ուժերի նկատմամբ հասարակության լայն խավերի վերաբերմունքը մշտապես լինի ընդգծված դրական: Այդ խնդրի լուծմանը պետք է հասնենք և՛ բանակում տեսանելի լուրջ բարեփոխումներ իրականացնելով, և՛ տեղեկատվական աշխատանքի որակը բարձրացնելով, և՛ բանակին վերաբերող հարցերում հանրային ճիշտ վարքագծի ձևավորմանը միտված ամենօրյա ջանքերով:
Մեր պետական շինարարության մեծ ձեռքբերումներից էր բանակաշինության գործում արձանագրված արդյունքը: Հազվագյուտ է ստացվում պատերազմական գործողություններին զուգահեռ արդյունավետ անցում կատարել զինված խմբավորումներից կանոնավոր բանակի: Մեզ դա հաջողվեց: Այսօր մեր առաջ նոր խնդիր է կանգնած` պետական կառավարման ողջ համակարգը համախմբել մեր Զինված ուժերի շուրջ: Խստորեն պահպանելով զինվորականության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ժողովրդավարական սկզբունքը, մենք պետք է օրինականության շրջանակներում ամրագրենք բանակի ուրույն տեղն ու դերը մեր պետության կյանքում:
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր երկրի պաշտպանությունն ուղղակի պարտավոր ենք կազմակերպել խելամիտ ձևով: Խելամիտ ասելով՝ առաջին հերթին նկատի ունեմ միջոցների արդյունավետ օգտագործմամբ՝ լինեն դրանք անձնակազմ, տեխնիկա, բյուջե, թե ղեկավար փաստաթղթեր ու հրամաններ, ավելի մեծ արդյունք ապահովելու կարողությունը:
Ուժային կառույցները, այդ թվում՝ բանակը, ազգային անվտանգության մարմինները, ոստիկանությունը, փրկարարական ստորաբաժանումները, նրանց քաղաքացիական հատուկ ծառայողները, սպայակազմը և ենթասպայակազմը պետության անվտանգության հենասյունն են: Անվտանգությանը ցանկացած լուրջ մարտահրավերի դեպքում առաջին հերթին նրանք պետք է կարող լինեն գործելու միասնաբար` ունենալով համատեղելի ընթացակարգեր և փոխլրացնող տեխնիկական միջոցներ: Զինված ուժերի անձնակազմն իր լուրջ ներդրումը պետք է բերի նաև այլ գերատեսչություններում քաղաքացիական պաշտպանության ու զորահավաքի առավել արդյունավետ համակարգերի մշակման գործում:
Մեր հասարակությունը գրեթե մոռացել է, որ սպան առաջին հերթին մտավորական է: Պետք է հստակ քայլեր ձեռնարկենք այդ համբավը վերականգնելու ուղղությամբ: Պետք է զարգացնենք բանակի բնական կապը հասարակության բոլոր շերտերի հետ, նոր մակարդակի բարձրացնենք բանակ-գիտություն փոխգործակցությունը` ապահովելով բանակի համար արդի և կիրառելի գիտական արդյունքի մատակարարում: Պետք է ուժեղացնենք կապը ռազմական և քաղաքացիական բուհերի միջև` ապահովելով համազգեստով կուրսանտների մուտքը քաղաքացիական բուհեր և քաղաքացիական ուսանողների մուտքը ռազմական ուսումնական հաստատություններ` կրեդիտային համակարգով լավագույն դասախոսների մոտ սովորելու հնարավորություն ընձեռելով:
Մեր առաջնահերթ խնդիրներից է զինված ուժերը ժամանակակից, այդ թվում՝ հայրենական արտադրության սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելը: Այդ նպատակով պետք է ամրապնդենք բանակ-տնտեսություն կապը` խթանելով ռազմարդյունաբերությունը»:
Նախորդող հրապարակում` ՀՀ Նախագահը ՊՆ-ում մասնակցել է ընդլայնված կազմով նիստին