20/02/2013 20:00
Միքայել Լորիս-Մելիքով. Ռուսական կայսրության ներքին գործերի նախարար
Կոմս Միքայել Տարիելի Լորիս-Մելիքով Ռուսաստանի Կայսրության ռազմական և պետական գործիչ, գեներալ-համհարզ , հեծելազորի գեներալ, Ռուսաստանի Պետական խորհրդի անդամ, Կովկասի փոխարքայի պաշտոնակատար, Ռուսաստանի վարչապետ-դիկտատոր, Ռուսաստանի ներքին գործերի նախարար, Ռուսաստանի գիտությունների կայսերական ակադեմիայի ակադեմիկոս։
Արժանացել է Ռուսաստանի բարձրագույն Սուրբ Անդրեյ Նախավկայի շքանշանի Ծնվել է հայ ազնվական (մելիքական) ընտանիքում, Թիֆլիս քաղաքում:
Կրթությունը ստացել է Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, նախ՝ Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտում, ապա՝ հեծելազորի յունկերների դպրոցում։
1845 թ-ին ծառայության է անցել ռուսաց կայսրության բանակում՝ հուսարական գնդում, Կովկասում, որտեղ ծառայել է մոտ 32 տարի և այդ բարդ տարիներին ցուցաբերել է իրեն որպես հիասքանչ հեծելազորային սպա և մեծակարող վարչարար։
Շնորհիվ դրա կարողացել է ռազմասեր տեղացիներին խաղաղեցնել։
Ռուս-թուրքական 1877-78 թթ պատերազմում նա հանդիսացել է առանձին բանակային կորպուսի հրամանատար ընդդեմ Օսմանյան Կայսրության զորքերի՝ Հայկական լեռնաշխարհում։ Արդահան /Արտահան/ ամրոցի գրավումից հետո նրա վրա հարձակվեց թուրքերի զորավար Մուխթար Փաշան՝ Զևինի մոտ, բայց Ալաջայի մոտ հայ զորավարը ջարդեց թուրքական այդ զորահրամանատարին, գրոհով գրավեց Կարսը և, ապա՝ պաշարեց Էրզրումը.
Այս ծառայությունների համար հայ զորավարը ստացավ կոմսի տիտղոս։ Ալաջայում ցոյց տուաց քաջության համար նրան շնորհվեց նաև 2-րդ աստիճանի Սուրբ Գևորգի շքանշան։
Հետագայում Լորիս-Մելիքովը դարձավ Ստորին Վոլգայի գեներալ-նահանգապետը, ապա՝ հաջող գործունեության համար փոխադրվեց Կենտրոնական Ռուսիայի նահանգներ՝ պայքարելով ահաբեկչության դեմ և նշանակվեց Խարկովի նահանգապետ։
Դարձյալ հաջող գործունեության համար նա նշանակվեց Ռուսաց կայսրության «Գերագույն գործադիր հանձնախմբի» ղեկավար, որը ստեղծվել էր Սանկտ Պետերբուրգում 1880 թ փետրվարից հետո, երբ հեղափոխական-ահաբեկիչների կողմից մահափորձ էր կատարվել Ալեքսանդր II ռուսաց ցարի դեմ։
Այստեղ էլ Լորիս-Մելիքովը ցուցաբերեց իր վարչարարական հանճարը։ Նա Ալեքսանդր 2-րդ ցարին ներկայացրեց վարչական և տնտեսական բարեփոխումների ընդարձակ մի ծրագիր։
Ռուսաց կայսրն ընդունեց իր հայ զորավարի առաջարկը։ Լորիս-Մելիքովը նշանակվեց ներքին գործերի նախարար՝ բացառիկ իշխանությամբ, փաստորեն դառնալով Ռուսաստանի վարչապետ-դիկտատորը։
Նույն այն օրը (մարտի 13 1881 թ), երբ կայսրը ստորագրեց ուկազը /հրամանմագիրը/ Լորիս-Մելիքովի առաջարկած բարեփոխումների մասին, ընդհատակեայ հեղափոխական-ահաբեկիչները սպանեցին ցար Ալեքսանդր 2-րդին։
Վերջինիս հաջորդը` Ալեքսանդր III կայսրը, միանգամից անցավ հեղափոխության դեմ պայքարի կոշտ ուժային մեթոդների։
Կոմս Լորիս-Մելիքովն անմիջապես հրաժարական տվեց, և պաշտոնաթող գեներալի կարգավիճակով ապրեց մինչև իր մահը, որը տեղի ունեցավ Ֆրանսիայի Նիցցա քաղաքում, 1888 թ դեկտեմբերի 12-ին։