14/04/2014 21:16
865+1. Բերքաբեր. Հայաստանի ամենահին գյուղը
Տավուշի մարզի Սահմանամերձ Բերքաբեր գյուղը գտնվում է նախկին Իջևանի շրջանի հյուսիսային մասում, Ջողազ գետի ափին, Սարիգյուղից 3 կմ դեպի հյուսիս:
Գյուղը նախկինում անվանվել է Պիպիս, Պապիս, Ջողազ։ Գյուղը Բերքաբեր է կոչվում 1978-ի հունվարի 25-ից։
1990-ական թվականներին գյուղը եղել է պատերազմի ամենաթեժ կետերից մեկը և հրետակոծության ժամանակ վնասվել են գյուղի բազմաթիվ շենքեր ու տներ: Բերքաբեր է կոչվում, որովհետև ժամանակին գյուղն ունեցել է բազմաթիվ գյուղատնտեսական այգիներ, տնկարանային տնտեսություններ, որոնք այսօր, ցավոք, այլևս չկան: Առատ բերքատվություն է եղել և ամեն տեսակի միրգ ու բանջարեղեն է աճել, որի համար և ստացել է Բերքաբեր անվանումը:
«Հայաստանի համար մեկ դարպասապահն ու առաջին գյուղը»
Գյուղն այսօր ունի շուրջ 550 բնակիչ, որոնց մեծ մասը հիմնականում երիտասարդներ են: Իսկ գյուղի ամենատարեցը համարվում է Վոլոդյա Արզումանյանը, ով 98 տարեկան է:
Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ գյուղը համարվում է Տավուշի մարզի ամենահին գյուղը: «Հայաստանի համար մեկ դարպասապահն ենք ու ամենաառաջին գյուղը: Գյուղը վտանգավոր է, որովհետև գտնվում է հենց թշնամու նշանակետում, սահմանից 300 մետր հեռավորության վրա, որտեղից անմիջապես երևում են նաև հակառակորդի գյուղերը»,- մանրամասնեց գյուղապետը:
Գյուղն ունի 1130 հա հող, որից 830 հա պտղատու այգիները գտնվում են հակառակորդի հսկողության ներքո: Հակառակորդի սահմանագոտում են այժմ գտնվում խորհրդային տարիներին կառուցված Ջողազի ջրամբարը, ինչպես նաև՝ Գավազան սարը: Ջողազի ջրամբարով են ժամանակին ոռոգվել Իջևանի, Նոյեմբերյանի ու Ադրբեջանի Ղազախ շրջանի գյուղերը:
Խոսելով խնդիրներից՝ գյուղապետը նշեց, որ առաջնային են այսօր համարվում հողի, ճանապարհի, գազաֆիկացման ու խմելու ջրի հարցերը, որոնք երևի թե այդպես էլ անլուծելի կմնան: «Գյուղի կարևարագույն խնդիրն է այժմ համարվում խմելու ջուրը: Բնակիչները խմելու ջուրը դույլով են տուն բերում»,- ասաց նա՝ նշելով, որ գյուղն ունի նաև բուժկետի և տրանսպորտի խնդիր: «Բուժկետը չունի համապատասխան սարքավորումներ ու դեղորայք»,- հավելեց Ա. Մադաթյանը:
Գյուղում միայն 20 մարդ է աշխատում. Մյուսները գործազուրկ են
Ըստ գյուղապետի՝ գյուղի մեծ մասը գործազուրկ է: «Աշխատատեղեր չունենք: 20 մարդ հազիվ է աշխատում: Գյուղի մեծ մասը հիմնականում զբաղվում է այգեգործությամբ ու անասանապահությամբ, բայց չունենք անգամ արոտավայրեր, որտեղ կարողանանք անասուն պահել, կով կթել ու մեր երեխաներին մի բաժակ կաթ տալ: Գործազրկության պատճառով շատերը բռնում են արտագնա աշխատանքի ճանապարհը, բայց գնում են, մի երկու կոպեկ աշխատում ու հետ են գալիս: Յոլա են գնում, բայց այդ աշխատանքն էլ սեզոնային է և հիմա արդեն փող էլ չունեն, որ գնան աշխատեն, գան: Ստիպված կանայք տնամերձ հողատարածքներն են մշակում, որպեսզի գոյատևեն: Ոչ մի բան չունենք: Կա «Սահման» կազմակերպությունը, որին շատ շնորհակալ եմ, և որը գյուղացիներին շատ է օգնում: Մի քանի ջերմոցներ են կառուցել գյուղի 5 ընտանիքներին տրամադրել, ովքեր զբաղվում են դրանցով, բայց դա նոր ծրագիր է և չգիտենք՝ կստացվի, թե ոչ: Ջերմոցներում աճեցնում են լոլիկ, վարունգ, լոբի, որոնք վաճառում են մոտակա հարևան գյուղերում կամ Իջևանում»,- ասաց գյուղապետը՝ նշելով, որ գյուղը բնակիչների հայրենի հողն է, ու վաղ, թե ուշ, բոլորն են հետ վերադառնալու: «Պետք է մի բան մտածել: Պետք է, որ լավ լինի»,- հուսադրված ասաց նա՝ շարունակելով.
«Բերքաբերում շատ են նաև անապահով ընտանիքները: Գյուղի 90%-ը անապահով ընտանիքներն են կազմում: Մեր գյուղը շատ-շատ ընտիր, չնաշխաչհիկ մի վայր է, բայց, ցավոք, հնարավորությունները քիչ են այն զարգացնելու համար»,- ասաց նա:
Գյուղապետի խոսքով՝ գյուղում լավ չեն աշխատում նաև կապի միջոցները: «Հնարավորություններ չունենք, որ որակը լավացնեք: Եղածն էլ լավ չի աշխատում»:
Սահմանապահ գյուղի 37 աշակերտները. Սովորում են՝ կրակոցների տակ
Անդրադառնալով գյուղի դպրոցին ու մանկապարտեզին՝ Մադաթյանը նշեց, որ ՀՀ կառավարության կողմից տրամադրված միջոցներով դպրոցը վերջերս է վերանորոգվել, որտեղ սովորում է 37 աշակերտ: «Սահամանապահ գյուղի համար սա շատ լավ ցուցանիշ է: Դասերը հետաձգվելու խնդիր չի լինում: Անգամ կրակոցների ժամանակ են երեխաները դպրոց հաճախում: Ինչ վերաբերում է մանկապարտեզին՝ ապա մանկապարտեզ հաճախում է շուրջ 25 երեխա. բայց մանկապարտեզի շենքը թալանված է, ավերված: Մեր միջոցներով ուզում ենք այն վերանորոգել: Սենյակներից մեկը վերանորոգվել է, 2-ը դեռ վերանորոգման կարիք ունեն: Կարելի է ասել, որ մենք մեր աշխատավարձի հաշվին ենք մանկապարտեզը պահում: Գյուղից երկու աղջիկ ենք վարձել այդ 25 երեխաներին զբաղեցնելու համար»,- մանրամասնեց Մադաթյանը:
Այստեղ եկեղեցին էլ սրտի հովանք չէ
Բերքաբերը չունի նաև մշակույթի տուն, որի կարիքն այս պահին ամենից շատն է զգացվում: Իսկ բոլորովին վերջերս գյուղում տեղի է ունեցել Սուրբ Գևորգ եկեղեցու բացումը: «Սա մի փոքր աշխուժություն է մտցրել գյուղական համայնքում, բայց դա սրտի հովանք չէ»,- հավելեց գյուղապետը՝ նշելով, որ եկեղեցին էլ կառուցվել է թրքահայ բարերարներից մեկի ջանքերով:
Վերադառնալով գազաֆիկացմանն ու ջրաֆիկացմանը՝ գյուղապետը նշեց, որ դիմել են ՀՀ կառավարություն, բայց այն դեռևս ընթացքի մեջ է: «Գազը խոստացել են, որ կլինի, իսկ ջրագիծ քաշելը մեծ ծախսերի հետ է կապված: Ջուրը պետք է բերվի Աճարկուտի անտառից, որը մեզանից 16-17 կմ հեռավորության վրա է գտնվում: Այս հարցին նույնպես կառավարությւնը խոստացել է ընթացք տալ»,- ասաց Մադաթյանը:
Լուսանկարները՝ Mediamax-ի
Նախորդող հրապարակում՝ 865+1. Խաչիկ. Սահմանապահ խաչիկցիների ամենամեծ ցանկությունը տուն ունենալն է