15/04/2014 14:37
Թիվ 71 դպրոցի տնօրեն. Լուծարված դասարանի աշակերտներին հետ չեմ ընդունի
Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հարություն Ղազարյանին կտեղափոխեն այլ դասարան, եթե դա պահանջի օրենքը: Այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հարությունի եղբայրը՝ Մակար Ղազարյանը:
Նշենք, որ այդ դասարանում միակ աշակերտը մնացել է Հ. Ղազարյանը, մյուսները տեղափոխվել են այլ դպրոցներ:
Նրա խոսքով՝ Հարությունը այժմ հիվանդ է և տանն է, սակայն առողջանալուց հետո հաճախելու է դասերի:
«Ես չեմ համարում, որ սա պայքար է, երեխան պետք է հաճախի դասերի և հաճախում է, եթե օրենքը պահանջի, մենք նրան կտեղափոխենք այլ դպրոց, սակայն սա դեռևս հստակ չէ, որովհետև մի շարք վարկածներ կան այս իրավիճակի հետ կապված»,-ասաց նա:
Հարցին՝ օրինակ, արդյոք հավանակա՞ն համարում է, որ Հարությունի դուրս գալուց հետո մյուս երեխաների ծնողները նորից դիմեն այդ դասարանում սովորելու համար, Մ. Ղազարյանը ասաց, որ չի բացառում այդ տարբերակը:
Դպրոցի տնօրեն Գայանե Դեմիրյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա, ըստ էության, ծնողների միջև հակամարտություն էր, որ ձնագնդնի նման մեծացավ և ավարտվեց երեխաներին այլ դպրոց տեղափոխելով:
«Ես ի սկզբանե խնդրել էի Հարություն Ղազարյանի ծնողներին երեխային մեկ այլ դասարան տեղափոխել, քանի որ երեխան մի փոքր ավելի հասուն է, քան տարեկիցները, սակայն նրանք չէին ցանկացել և այժմ բոլոր ծնողները իրենց երեխաներին հանել են դպրոցից: Ապրիլի 7-ից սկսած սկզբում երկու-երկու, հետո էլ բոլորը դուրս եկան դասարանից, 3 հոգի էլ տեղափոխվեցին այլ դասարան, դա նրանց իրավունքն է և ես չեմ կարող որևէ բան անել: Ես ըստ կարգի այդ մասին տեղեկացրել եմ քաղաքապետարանին և կսպասենք որոշմանը»,-ասաց նա:
Դպրոցի տնօրենի խոսքով՝ դասարանը համախմբելու համար անգամ դասղեկին են փոխել, բազմաթիվ հանդիպումներ են անցկացրել, զրուցել հանդուրժողականության թեմայով, սակայն ծնողների միջև հակասությունը շատ ավելի խորն է եղել:
«Այնքան միասնական դասարան էր, որ նման բան շատ հազվադեպ է լինում»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ դպրոցից հեռացած երեխաներին հետ ընդունեն, նա պատասխանեց.
«Ոչ, ես չեմ ընդունի նրանց, թեև իրենք էլ չեն դիմի, որովհետև առանց ինձ հետ խոսելու են հեռացել, իրենց ասելով՝ վիրավորված, սակայն ես այդ երեխային հեռացնելու իրավունք չունեի»,-ասաց նա:
Նախորդող հրապարակում՝ Թիվ 71 դպրոցի աշակերտի եղբայր. Երեխան չպետք է պատժվի չարածի համար
Թիվ 71 դպրոցի աշակերտների ծնողները վերջնագիր են ներկայացրել տնօրենին
Քաղաքապետարանը պարզաբանում է 71 դպրոցի աղմկալի միջադեպը