Թիվ 71 դպրոցի աշակերտի եղբայր. Երեխան չպետք է պատժվի չարածի համար

28/11/2013 13:15

Թիվ 71 դպրոցի աշակերտի եղբայր. Երեխան չպետք է պատժվի չարածի համար


Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի 6բ դասարանի աշակերտ Հ. Ղ-ի ընտանիքի անդամները բաց նամակ են տարածել՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանին ուղղված, որում ներկայացնում է ստեղծված իրավիճակի պատճառների մասին իրենց տեսակետը: Նամակի հեղինակներից, Հ. Ղազարյանի եղբայր Մակար Ղազարյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ երեխային չեն տեղափոխում այլ դպրոց կամ դասարան սկզբունքից ելնելով:

«Եղբայրս չպետք է մտածի, որ պետք է պատժվի մի բանի համար, ինչում անմեղ է: Իսկ այլ դասարան կամ դպրոց տեղափոխվելով երեխան այդպես է մտածելու: Այս հարցը ճիշտ մանկավարժական մոտեցում ցուցաբերելու դեպքում հնարավոր կլիներ կես ժամում լուծել, ինչը չի արվել: Այդ որոշումը սխալ կլինի նաև դասարանի մյուս աշակերտների համար, քանի որ նրանք կմտածեն, որ նման միջոցներով կարող են իրենց ուզածին հասնել»,- ասաց Մ. Ղազարյանը:

Նամակում, մասնավորապես, ասված է.

«Հարգարժա՛ն պարոն Անդրեասյան, ստիպված եմ գրում այս դիմումը` Ձեզ անհանգստություն պատճառելով` կապված «Նելսոն Ստեփանյանի» անվան թիվ 71 միջնակարգ դպրոցի 6-բ դասարանում ստեղծված անբարո և խիստ պայթյունավտանգ իրավիճակի հետ, որը հարթելու անկարող է նշված դպրոցի տնօրինությունը: Ցավոք, չեմ կարող շատ ամփոփ կերպով ներկայացնել եղելությունը, քանի որ բաց կթողնենք ողջ զազրելի պատկերը, այլ կփորձեմ հնարավորինս հանգամանալից ներկայացնել պատմությունը, քանզի «սատանան հիրավի թաքնված է մանրամասներում»: Դեպքերը ներկայացնում եմ ամենայն մանրամասնությամբ, նաև որպեսզի ի սպառ մերկացվի մի քանի ծնողների և դպրոցի տնօրինության կողմից եղբորս մեղսագրվող «մեղադրանքների» ողջ մեղկությունը:

Եվ այսպես, չարաբաստիկ պատմությունը սկսվում է նրանով, որ եղբայրս` Հարություն Ղազարյանը, այս ուսումնական տարվա (2013 - 2014) սկզբից թիվ 114 դպրոցից տեղափոխվում է թիվ 71 դպրոց` ուսումը շարունակելու` կապված ուսումնական հոսքերի հերթերի հետ (2-րդ հերթից տեղափոխվում է 1-ին հերթ): Ինչպես հետագայում պետք է պարզվեր, սույն դասարանում երեխաների, մասնավորապես` տղաների միջև անցած 5 տարիների ընթացքում ձևավորվել էին որոշակի հիերարխիկ կարծրացած հարաբերություններ, որոնք «սրբագրվել» էին ծնողական կոմիտեի մի քանի «առանցքային» ակտիվիստ ծնողների «բարձր» հովանավորությամբ:

Ստեղծված իրավիճակը ձեռնտու էր «բոլորին», քանի որ դպրոցի տնօրինությանը և դասվարին անհրաժեշտ չէին լրացուցիչ «անհանգստություններ», իսկ նշված ծնողներին ձեռնտու էր, որ իրենց երեխաները դասարանում ունենան իշխող դիրք (իրենց միջավայրում տարածված զազրելի բառապաշարով` լինեն լիդերներ): Եղբայրս` Հարությունը, լինելով բավականին ամուր և արդարամիտ բնավորության տեր երեխա, բնականաբար, չէր կարող հանդուրժել իր կամ որևէ ուրիշ աշակերտի նկատմամբ իշխող վերաբերմունք, և, այսպիսով, ինքնըստինքյան պետք է դառնար նշված արատավոր ծնողական կոալիցիայի «աչքի փուշը»:

Առաջ ընկնելով` ասեմ, որ, ցավալիորեն, դպրոցի տնօրինությունը, փոխանակ համարձակորեն պաշտպանելու արդարությունը և շարժվելու` համաձայն ուսումնամանկավարժական կանոնակարգի, հիմնավորապես որդեգրում է նվազագույն հոգսատարությունը պահանջող ուղին` տեղի տալով այդ ծնողական բնազդային, արատավոր ագրեսիային` անկախ նրանից, թե որքանով այդ ընթացքում կխախտվեն աշակերտի տարրական իրավունքները թե՛ որպես քաղաքացի, թե՛ որպես ուսումնական հաստատության սան: Եվ այսպես, եղբորս` նշված դասարան մուտքից չանցած մի քանի օր` տեղի է ունենում առաջին կոնֆլիկտը: Եղբայրս, ունենալով վատ տեսողություն (2.5 – 3.0 դպտր.), դասամիջոցին խնդրում է դասվարին, որպեսզի նստի առջևի թափուր նստարանին` գրատախտակը լավ տեսնելու համար, դասվարը, բնականաբար, թույլատրում է և հեռանում դասարանից: Այդ ժամանակ նրա առջև նստած տղաներից մեկը, որը հիշատակածս ծնողներից մեկի երեխան է, հրամայական կերպով ասում է եղբորս, որ դուրս գա այդտեղից, որովհետև «ըտեղ պիտի իրանց ախպերը նստի» (ներեցեք նման մեջբերումներ անելու համար, սակայն առանց դրանց` լիովին ընկալելի չի լինի ողջ լկտի և ամենաթող մթնոլորտը, որը, ինչպես հետագայում պետք է պարզվեր, թելադրվում և խրախուսվում էր ծնողական այդ կոալիցիայի կողմից, և որի առաջ աչք էր փակում ուսուցչական անձնակազմը):

Եղբայրս, տեղեկացնում է, որ վատ է տեսնում և թույլտվություն է խնդրել դասվարից, իսկ երբ իրենց բացակա ընկերը գա, դուրս կգա այդ տեղից, ինչին ի պատասխան` լսում է բազմաթիվ առումներով տարօրինակ ու շատ ֆոնային երևույթներ նախանշող հետևյալ հարցադրումը` «ի՞նչ դասղեկ, մենք քեզ ասում ենք, էդ քեզ հերիք չի՞»: Սակայն, ինչպես արդեն պարզ է, այս պահանջների ներկայացումը նպատակ չուներ իրենց ընկերոջ («ախպոր») նստատեղի ապահովությունը երաշխավորելու, այլ նպատակ էր հետապնդում իրենց գերիշխանությունը հաստատելու նորեկի նկատմամբ, ուստի խոսակցությունն այսքանով չի ավարտվում, այլ շարունակվում` վերածվելով լեզվակռվի և անպիջապես` ձեռնամարտի ու հրմշտոցի, որին միանում են ևս երկու հոգի իրենց ընկերներից (միևնույն ծնողական խմբավորման ծնողների տղաներից), ու սկսում երեքով հարվածներ հասցնել եղբորս: Սակայն, ցավոք, այսքանն էլ դեռ բավական չէր. միանում է չորրորդ դասընկերը, որը «բաժանողի» դիմակով առավելաբար սկսում է խոչընդոտել Հարությունի` եղբորս ձեռնարկած պաշտպանական միջոցները: Եվ այս ամենը... դասարանի կենտրոնում` աղջիկների ներկայությամբ, ինչը, ինչպես շատ չանցած պետք է զարմանալիորեն պարզվեր, ընդունված պրակտիկա է, որտեղ թույլատրված են ամենավերջին սեռական բնույթի բացահայտ հայհոյանքները դասարանի աղջիկների և... ուսուցիչների ներկայությամբ, ինչը, կարծեք թե, չի դիտարկվում վերջիններիս կողմից որպես, մեղմ ասած, արտառոց երևույթ:

Որոշ ժամանակ անց ներս է մտնում ուսուցիչը, պարզապես նստեցնում երեխաներին իրենց տեղերում և այսպիսով, առանց եղելությունը պարզելու, ավարտում այս հարցը: Բայց վեճն ու կռիվը շարունակվում են հաջորդ դասամիջոցին, արդեն առավել համակարգված կերպով: Եղբայրս, զգալով դեպքերի զարգացման ակնհայտ ուղղությունը, հասցնում է ձեռքը վերցնել ցուցափայտը, որի միջոցով փորձում է հեռավորության վրա պահել այդ չորս աշակերտներին, ինչը երկար չի տևում. կարճ ժամանակ անց նրանցից մեկը, գրիչի ծայրով ետևից հարվածելով եղբորս մեջքին (պատճառելով լուրջ վնասվածք) և ձեռքերը ոլորելով, խլում է ցուցափայտը: Դասվարը, գալով դասարան, նույնպես առանց մանրամասների մեջ մտնելու, շատ արագ «ավարտում» է վեճը, այնուհետև եղբորս տանում փոխտնօրենի մոտ, ով ասում է, թե այդ երեխաները «շատ հանգիստ» երեխաներ են, և ինքը չի հավատում, թե նրանք իրենց կարող էին նման կերպ պահել: Այնուհետև կանչելով այդ տղաներին` «հաշտեցնում» է նրանց և եղբորս:

Թվում էր` «ստուգատեսն» ավարտված է, բայց սրանք հետագայի լոկ ծիլերն էին, քանի որ այստեղ ոչ այնքան այդ երեխաների դիրքի խնդիրն էր դրված, որքան... նրանց ծնողների փառամոլության, որոնք պետք է ամեն կերպ խանգարեին ինքնուրույն և արժանապատվություն ունեցող որևէ տարրի գոյությունը դասարանում, որը կխոչընդոտեր իրենց տղաների մենիշխանությանը:
Դեպքերը շարունակում են ուղղորդված կերպով զարգանալ մեծ արագությամբ: Հաջորդ իսկ օրը ֆիզկուլտուրայի դասաժամին, երբ եղբայրս փորձում է հանդերձարանի կիսաբաց դռնով ներս մտնել, նրան տեսնելով` ներսում գտնվող նույն այդ ծնողների երեխաները անմիջապես հրում են իրեն և փակում դուռն իր վրա` թույլ չտալով ներս մտնել: Հարությունը սկսում է թակել դուռը ու խնդրել, որ բացեն այն: Սակայն ապարդյուն կերպով որոշ ժամանակ փորձելով հասկացնել այս պարզ խնդրանք-պահանջը` մեծ ճիգերով կարողանում է մի կերպ բացել դուռը: Որից հետո ներսում հավաքվածներից մի քանիսը հռետորաբար հարցնում են, թե ինչու է ուզում այդտեղ մտնել, և ասում, որ նա պետք է մտնի... կողքում գտնվող աղջիկների համար նախատեսված հանդերձարան (!!!): Դժվար է նույնիսկ երևակայել, թե ինչ աստիճանի հղփացած պետք է լինեն այդ տարիքի երեխաները նման բան ասելու համար, իսկ թե ինչ աստիճանի վիրավորական է նման արտահայտությունը տղա երեխայի համար, քննարկման առարկա նույնիսկ չեմ համարում: Դրանից հետո անմիջապես փորձում են նրան նորից դուրս հանել, բնականաբար սկսվում է հրմշտոց, որն ուղեկցվում է այդ միջավայրում բնական դարձած հայհոյանքներով: Եվ երբ հետևում կանգնած տղաներից մեկը, կռիվն ավելի թեժացնելով, հերթական ծաղրական վիրավորանքն է հասցնում, եղբայրս, այլևս չունենալով իրեն զսպելու որևէ ուժ, շրջվում և ձեռքով հարվածում է վերջինիս այտին: Այդտեղ ներս է մտնում ուսուցիչը և ամեն կերպ ջանում դադարեցնել ծեծկռտուքը (որը, բնականաբար, նույնիսկ այդ ժամանակ ուղեկցվում էր հայհոյանքներով` չխորշելով անգամ ուսուցչից): Վեճը, կարծեք թե, դադարում է, սակայն անընդհատ սպառնալիքներ են հնչում եղբորս հասցեին, թե վեճը դեռ չի ավարտվել և թե ինքը դեռ պետք է «պատասխան» տա:

Այտը վնասած երեխային տանում են բուժկետ, սառը թրջոց դնում և ուղարկում դասարան: Եղբայրս այդքանից հետո, մոռանալով իրեն հասցված ծայրաստիճան ստորացուցիչ վիրավորանքը, նստում է այդ տղայի կողքին, ներողություն խնդրում նրանից և ամեն կերպ ջանում քավել իր «մեղքը»: Այս ամենից հետո, բնականաբար, նույնպես առանց մանրամասների մեջ մտնելու (քանի որ դա լրացուցիչ «անհանգստության» առիթ կարող էր լինել մանկավարժների համար)` տնօրինությունը կանչում է Հարությունի ծնողներին: Վերջիններիս ներկայացվում է իրականությունից բիրտ ձևով կտրված և գլխիվայր շրջված պատկեր, որը պատմում և «հաստատում» են այդ ամենի մասնակից տղաները (ինչպես հետագայում կպարզվի, զարհուրելի կերպով ստել սովորեցնելը նրանց «դաստիարակելու» («անդաստիարակելու») անքակտելի մասն էր կազմում): Ըստ էության ձայն չտալով եղբորս (սեփական փորձով հետագայում պետք է համոզվեի, թե ինչպես կարելի է այդ միջավայրում երկու ժամ մեկ նախադասություն ասելու հնարավորության խնդրել, բայց այդպես էլ չստանալ...)` իբր «հաստատված» է համարվում իրենց կողմից ներկայացված սցենարը, որտեղ եղբայրս ներկայացվում է որպես ծայրաստիճան «մեղսագործ»: Հայրս ամոթահար սկսում է ներողություն խնդրել տնօրինությունից և հարված ստացած երեխայի ծնողից` խոստանալով, որ այլևս նման բան չի կրկնվի: Եղբայրս ակնհայտորեն ընկճված գալիս է տուն և, ինձ հետ խոսելով, բացահայտում ողջ զազրելի իրականությունը, ինչը բնականաբար անմիջապես հայտնում եմ ծնողներին: Ծնողներս անմիջապես ետ են գնում դպրոց և պատմում իրականությունը տնօրենին: Լսելով ողջ ճշմարտությունը` տնօրինությունը սկսում է խրախուսել և գովել եղբորս, որ այդքան քաջ է եղել և տուրք չի տվել այդպիսի ճնշումներին` միաժամանակ... ամեն կերպ հորդորելով շարունակություն չտալ այս ամենին (ցավոք, ինչպես հետո պետք է պարզ դառնար, դա արվում էր պարզապես բոլոր կողմերին հաճոյանալու և, ինչպես ասում են, «գլխի տակ փափուկ բարձ դնելու» համար, իսկ նրանց դիրքորոշումը կտրուկ փոխվում էր` ըստ իրավիճակային հարմարության): Ֆոնային իրականությունը, որը շատ չանցած պետք է դառնար աղաղակող բացահայտ, դեռևս այս փուլում նշմարելու համար ասեմ, որ այդ օրը դպրոց գնալու ճանապարհին ծնողներս, անցնելով հարված ստացած երեխայի ծնողի և երեխաների հայոց լեզվի ուսուցչի կողքով, լսում են, թե ինչպես է ծնողն ասում ուսուցչին, որ Հարությունին պետք է... «մեկուսացնել» դասարանից, ինչին ի պատասխան` ուսուցիչն ասում է, որ անկասկած հենց այդպես էլ պետք է անեն (վայ կրթօջախ, վայ բարքեր...): Սակայն երբ այդ խոսքերի վրա մայրս մոտենում է նրանց, ծնողն անմիջապես հեռանում է, իսկ ուսուցիչը սկսում է հանգստացնել մորս և հաճոյանալ` ասելով, թե Հարությունը իրականում «շատ էլ լավ է արել» և դեռ «քիչ» (մեջբերում եմ բառացի):

Թվում էր այսքանն արդեն ավելի քան բավարար է փոխադարձաբար ճանաչելու և հաշտության ու խաղաղ գոյակցության եզրեր գտնելու համար: Բայց... երիտասարդ կանանց փառամոլությունը ավերիչ է, և առաջինը հենց իրենց համար... Իսկ անտարբեր տնօրինության` չարիքին վճռականորեն չընդդիմանալը լավագույն գործակցությունն է վերջինիս:
Հաջորդ մոտ երկու շաբաթն անցնում են հարաբերականորեն խաղաղ մթնոլորտում, որի ընթացքում եղբայրս հասցնում է ծանոթանալ այդ դասարանում միևնույն ծնողների երես առած տղաների լկտի վարքի այլ «գոհարների». թե ինչպես են ծաղրուծանակի ենթարկում իրենց դասարան նոր եկած սիրիացի հայրենադարձ-փախստական աղջիկ աշակերտներին, չեն թողնում մտնել դասարան, ընդհուպ գետնին գցում, բռունցքով հարվածում դեմքին (այո՛, սարսափելի է անգամ պատկերացնելը): Իհարկե, դրանից հետո ամեն ստորություն գործադրելով` այդ երիտասարդ ծնողների տղաները գլխիվայր շրջում էին իրականությունը և այդպե՛ս միաձայն ներկայացնում ուսուցիչներին` պարտակելով կատարվող լկտիությունները:
Եվ ահա մոտ երկու շաբաթ անց տեղի է ունենում այդ ծնողների կողմից հրահրված հերթական միջադեպը: Երգեցողության դասաժամի ավարտին, երբ դասարանը բաժանված էր երեք մասի, և որոշակի մրցույթ էր կազմակերպվել նրանց միջև, եղբայրս նկատում է, որ հակառակորդ թիմին կես միավոր ուսուցիչը սխալմամբ ավել է հաշվել: Ասելով, որ գրատախտակին գրված միավորների մեջ փոքրիկ շփոթմունք կա, հակառակ թիմում գտնվող այդ ծնողներից մեկի տղան սանձարձակ կերպով հակադարձում է, թե «հիմա քեզնի՛ց կես բալ կհանեմ»: Եղբայրս զարմացած շրջվում և փորձում է պարզել, թե ում էր ուղղված այդ խոսքը, և ինչու է այդպես խոսում, ինչին ի պատասխան` «թե բա լավ եմ անում» «պատճառաբանությամբ» սկսվում է լեզվակռիվը, որը կարճ է տևում: Քիչ անց նույն տղան հարձակվում է եղբորս վրա, որը գտնվում էր մյուս շարքում, փորձելով խեղդել և գցել գետնին:

ՈՒսուցիչը մի կերպ բաժանում է նրանց, ինչից հետո, սակայն, վեճը չի դադարում. կանգնած ուսուցչի կողքին այդ տղան սեռական բնույթի հայհոյանք է հասցնում եղբորս ողջ դասարանի և ուսուցչի ներկայությամբ (շշմեցնող լկտիություններն ամեն քայլափոխի են) ու, կրկին խույս տալով ուսուցչից բղավոցով հարձակվում եղբորս վրա, որն էլ նրանից պաշտպանվելու համար ձեռքով հարվածում է վերջինիս, ինչի արդյունքում այս տղայի քիթն արյունոտվում է (այս փաստերը նշում եմ, որովհետև հետագայում ահա այսպիսի բաները ամենաստոր կերպով փորձ է արվում օգտագործել` «գիշատիչ-զոհ» պատկերը շրջելու, և եղբորս որպես «նախահարձակի» ներկայացնելու համար): Իսկ կռիվը ուսուցչի ներկայությամբ դեռ պետք է շարունակվեր ևս մի քանի րոպե մինչև դասի ավարտը: Բոլորը ցրվում են: Հաջորդ օրը դասարան է ներխուժում այդ տղայի մայրը և բղավելով ասում, թե գիտի արդյոք եղբայրս, որ իր տղայի քիթը... կոտրվել է (!!! սրան դեռ քիչ անց կանդրադառնամ):

Ու հրամցնում մի հնարանք, թե Հարությունը իր տղային ոչ թե ձեռքով է հարվածել, այլ հեռախոսով, ինչի մասին իբր ինքն իմացել է համադասարանցի Միքայելից (սա այն տղան է, ով ուսումնական տարվա սկզբին փորձում էր ապահովագրել «իրենց ախպոր» նստատեղը): Այնուհետև ավելացնում, թե «դու էդքան ուժ չունես, որ ուղղակի ձեռով խփես տղուս ու քիթը ջարդես» (կարծում եմ` արդեն վաղուց Ձեզ պարզ է սրանց բարոյական ու մտավոր որակը, բայց սպասվում է ավելին): Երբ եղբայրս ասում է այդ տղայի մորը, որ շատ է ցավում, եթե իրոք նման բան է պատահել, բայց երդվում (մեջբերում եմ բառացի) «իր բոլոր սրբություններով», որ հարվածը եղել է անզեն ձեռքով ու միայն պաշտպանվելու նպատակով, մայրը պատասխանում է` ասելով, թե «դու սրբություն չունես»: Նույն օրը դասվարն ասում է եղբորս, որ դասերի ավարտին կանչի հորը դպրոց: Եղբայրս, այս ամենից զարմացած, հետաքրքրվում է համադասարանցիներից, թե ինչպես կարող էր քիթը կոտրվել նման վեճի ժամանակ: Իրեն համադասարանցիներից մեկն ասում է, թե իրականում այդ վեճի ժամանակ «քիթը կոտրած» տղան մի պահ վայր է ընկել դեմքի վրա, ինչի հետևանքով, հնարավոր է, վնասեր քիթը: Եղբայրս զանգահարում է հորս` հայտնելով դասվարի պահանջը` ներկայանալ դպրոց: Տարեց հայրս կրկին հասնում է դպրոց, տեսնում է դասվարին և այդ տղայի մորը, ով, առանց երկար բարակ խոսել ցանկանալու, ասում է հորս, թե կա՛մ Հարությունը կմնա այդ դպրոցում, կա՛մ իր տղան:

Հայրս, եղածի համար ներողություն խնդրելով (առհասարակ լինելով մշտապես զիջող մարդ), որպես ավագ խորհուրդ է տալիս հարցերին այդպես կտրուկ և վերջնագրով չմոտենալ, այլ մշտապես փորձել գտնել հաշտության եզրեր: Հայրս նաև բազաթիվ անգամներ առաջարկում է հնարավորինս օժանդակել նրանց որդու շուտափույթ ապաքինմանը (եթե իհարկե նման բանի անհրաժեշտություն կար!, այդ ժամանակ հայրս դեռ տեղյակ չէր ողջ եղելությանը): Գալով տուն` եղբայրս ինձ և հորս պատմում է այդ երկու օրվա իրադարձությունները, որի ընթացքում անմիջապես ստանում ենք դպրոցից հեռախոսազանգ, թե տնօրենը կանչում է Հարությունի ծնողներին իր մոտ (կրկին! իգական բնազդը հանգիստ չի գտնում): Որոշում եմ ես էլ գնալ:

Առաջին անգամ պետք է իմ աչքով տեսնեի այդ վարքուբարքը... Մտնելով տնօրենի մոտ` տեսնում ենք տնօրենին, փոխտնօրենին և այդ տղայի մորը, որոնք խիստ անկիրթ կերպով սկսում են ծայրահեղ անհիմն և միտումնավոր կերպով ոտքից գլուխ ծայրեիծայր խեղաթյուրված «իրողությունների» մի ամբողջ տարափ տեղալ մեզ վրա, և դրանց վրա հիմնվելով` ներկայացնել եղբորս որպես... «հանցագործի»: Այնուհետև, առանց թողնելու, որ գեթ մի խոսք ասենք (բառի բուն իմաստով), ներկայացնում են այդ տղայի մոր կողմից «կայացված» որոշումը. «կա՛մ ձեր տղան է հեռանում դպրոցից, կա՛մ իմ տղան»: Մայրը, տնօրենն ու փոխտնօրենը վրդոված պնդում են («տուժող կողմ» երևալու համար), թե հիմա այդ երեխան պետք է վաղը վիրահատության ենթարկվի: Առաջ ընկնելով` ասեմ, որ այդ «վաղը» մեկ շաբաթ մնում է «վաղը», հետագայում դառնում` «չորս օրից», իսկ հետո...` 4 տարի (սրանից ավելի աբսուրդային ու տկար սուտ դժվար է երևակայել` «տուժող կողմ» երևալու համար): Այնուհետև գալիս են այդ կնոջ ամուսինն ու եղբայրը, վերջինս սկզբում փորձում է փողոցային ժարգոնով ու տրամաբանությամբ մի երկու չկապակցված միտք արտահայտել, բայց շատ արագ հասկանում է, որ հասցեների շփոթ ունի ու լռում:

Ամեն գնով, որևէ տեսակ լկտիությունից չխորշելով` իրենց երեխաներից դասարանային «լիդերներ» ստանալու երիտասարդական նողկալի մղում: Պետք է կրկին ու կրկին արձանագրենք, որ եղելությունները պարզելու համար ամենևին ջանք կամ հատուկ ունակություններ չեն պահանջվում ուսուցչական անձնակազմի կողմից, անհրաժեշտ է միայն այդպիսի կամք և երիտասարդ ծնողների ագրեսիային արդարամտությամբ ու օրինապաշտությամբ դիմակայելու վճռականություն, ինչը, ցավոք, չի դրսևորվում. լավագույն դեպքում որդեգրվում է կողքից դիտողի կարգավիճակ:

Ես այդ ընթացքում, ամենաանկիրթ ձևով ըստ էության չստանալով որևէ հերթ խոսելու, միայն կաբինետից դուրս գալիս կարողանում եմ բարձրաձայն արձանագրել, որ զրույցը կամ քննարկումը ոչ մի կերպ չկայացավ` դրսևորված կատարյալ անհասունության պատճառով, և հույս հայտնում, որ հետագայում մեկ ուրիշ անգամ կկարողանանք զրուցել (բարեբախտաբար կարողանում եմ այդ մթնոլորտում հավասարակշռությունից դուրս չգալ...): Այդ ընթացքում հայրս միայն հասցնում էր ասել, որ շատ է ցավում, եթե այդ տղայի քիթը վնասվել է, և առաջարկում իր օգնությունը, իսկ ավելին ասելուց ամաչելով` պարզապես կարմրում էր... Դուրս գալիս տեսնում եմ այդ տղային, ում քիթը (իբր) կոտրվել էր, որն արտաքինից կատարելապես անվնաս էր երևում (երբեք նման «կոտրվածք» ստացածի չեմ տեսել...) (բայց այդ ժամանակ չեմ համարձակվում կասկածս հայտնել` իրավիճակին ամեն դեպքում լուծում տալու և կոնֆլիկտը չխորացնելու նպատակով): Այդ տղայի հայրը և մենք հաշտեցնում ենք մեր երեխաներին` հետագայի համար խրատներ տալով, ինչի ընթացքում տղայի մայրը, շարունակելով չզսպել իր հաճախ սանձարձակության սահմանը հատող վարքը, կիսաբարձրաձայն հայհոյում և անպարկեշտ արտահայտություններ էր հասցեագրում կա՛մ իմ, կա՛մ եղբորս հասցեին, ինչին սակայն անդրադառնալը և պատասխանելը ինձ թույլ չէր տալիս դաստիարակությունս (առավել ևս` հորս ներկայությունը): Արդեն պարզ էր ինչի հետ գործ ունենք...

Հաշտությունը չկայացավ... Իրենց տղաների համար «խոչընդոտն» անհանդուրժելի էր...
«Կոտրվածք» ստացած տղայի մայրը լուր է տարածում, թե իր որդուն չի բերի դպրոց, քանի դեռ Հարությունին չեն հեռացրել: Ֆոնային տիրույթում գործի է դրվում ծնողական կոմիտեի ողջ զինանոցը` կենտրոնում ունենալով ծնողական կոմիտեի նախագահի և իր շուրջ համախմբված մի քանի այլ երիտասարդ ծնողների ուսումնական պրոցեսը փոթորկելու «լծակները»: Չեն խորշում անգամ «մանկապղծությունից»` սովորեցնելով և ուղղորդելով երեխաներին ակնբախ ու ակնհայտ Սուտը «հաստատել», երբ իրենց նման ուղղորդված հարց կտրվի` ձգտելով ազդել եղբորս հոգեկան աշխարհի և ճշմարտության ու արդարամտության` տարիների ընթացքում սերմանված արժեքների վրա` հանգեցնելով լիարժեք հիասթափության ազնիվ, խիզախ և շիտակ մարդու կերպարից... Ակտիվիստ ծնողները սկսում են սպառնալ տնօրինությանը և վերջնագրեր ներկայացնել. «կա՛մ մենք մեր տղաներին կհանենք դպրոցից, կա՛մ Հարությունը դուրս կգա»: Իսկ տնօրինությունը... չցանկանալով ճշմարտությունը համարձակորեն բացահայտել և պաշտպանել, սկսում է «խփել և՛ նալին, և՛ մեխին»` մեզ առանձին ասելով, թե «ախր դուք չեք տեսնու՞մ` ինչ որակի մարդկանց հետ գործ ունեք, մենք ի՞նչ կարող ենք անել (զարմանալի է !, բա էլ ո՞վ պետք է կարողանա)», իսկ ընդհանուրի մեջ պարտակողի դեր ստանձնելով, բռնելով նվազագույն հոգսատար ճանապարհը` անկախ նրանից, թե որքանով այն կհակադրվի արդարությանը:
Այսպիսով, տուրք տալով այս ճնշումներին` որոշ ուսուցիչներ այդ մի քանի օրերի ընթացքում սկսում են իրենց դրսևորել կատարյալ հակամանկավարժական, հակամարդկային և հակաբարոյական կեցվածքով` ձգտելով եղբորս հասցնել այնպիսի հոգեբանական իրավիճակի, որ մենք ինքներս մեր կամքով երեխային տանենք դպրոցից:

Օրինակ` ուսուցիչներից մեկը, տեղի ունեցած միջադեպի հետ կապված, դասարանում բղավելով, ասում է եղբորս, թե ինքը այնքան կծեծի եղբորս, միչև նա «խելքը գլուխը հավաքի», իսկ թե ուժն էլ չպատի, ապա «քացիներով կտա» (մեջբերում եմ իր իսկ բառերով), ինչը կրկնում է նաև մեկ այլ ուսուցիչ` ավելացնելով. «ընենց կչռփեմ, որ կծեփվես պատին ու լապատկով էլ չեն կարանա քեզ քերեն»): Մեկ ուրիշ անգամ ասում` «տղա ջան, ես քեզ խղճում եմ», կամ «երեխաներ (դիմում է դասարանին), մինչև էդ լավ էր, չէ՞, երբ մեր դասարանում կլյաուզնիկներ չկային...»: Մեկ այլ ուսուցիչ էլ` թե «դու մեկ-մեկ զուգարանում մտածի քո ապագայի մասին...» (ներեցեք նման լեքսիկոնի համար... պարզապես տառացի մեջբերված զարհուրելի խոսքեր են): Եվ այս ամենը` հատկապես դասարանում տրամադրություններ բորբոքելու ակնբախ նպատակով: Ի դեպ, ցանկացած խոսք եղբորս կողմից նման իրավիճակներում հրամցվում է որպես մեծին հակաճառել ու անմիջապես լռեցվում, նույնիսկ հանում են դասարանից դուրս: Մենք, կատարելապես տեղյակ լինելով այս ամենին, որևէ կերպ չէինք արձագանքում` հուսալով, թե որոշ ժամանակ անց կհանդարտվի: Բայց...

Գալիս է հաջորդ հեռախոսազանգը, որով դասվարը տեղեկացնում է, որ ծնողական ժողով պետք է լինի և կանչում է միայն ու միայն հորը (ցանկանում էին համեստ մարդու հետ գործ ունենալ): Հայրս, կարծելով, թե դա հերթական ժողով է, գնում է ժողովին, որտեղ հանկարծ իրեն բացահայտում են, որ դա արտահերթ ժողով է, կազմակերպվել է միայն ծնողների կողմից, որտեղ «Հարությունի՛ հարցը պետք է քննվի»: Ներկա էին միայն մոտ տասը կին, որոնց կորիզը կազմում էին այդ մի քանի տղաների «ակտիվ» մայրերը, և մեկ աղջիկ աշակերտի հայր: Եվ ահա, այս «ակտիվիստ» կանանցից մի քանիսը միանգամից հռետորաբար հայտնում են հորս, որ իրենք «որոշել են» (! փաստորեն, ակամայից մատնելով, որ որոշողն այդտեղ իրենք են), որ Հարությունը պետք է դպրոցից հեռանա, ինչից հետո, այդ կանանցից մեկը (ում տղան քիչ անց պետք է «աչքի ընկնի» իր աներևակայելի արտառոց արարքով) ցուցադրական կերպով բացում է դուռը, մատով ցույց տալիս դուռը և ասում հորս, որ այժմ նա «ազատ» է և կարող է գնալ: Ավելի մեծ անբարոյական վարք նման իրավիճակում դժվար է պատկերացնել երիտասարդ կնոջ կողմից: Այս դեպքերի առնչությամբ տնօրենը առանձին զրույցում ասում է հորս, որ ուշադրություն չդարձնի, «թող ինչ ուզում են անեն», «ինքն արդեն չգիտի` ինչ անի դրանց ձեռքը»:

Հայրս չափից շատ բարկանալով այս ամենի պատճառով` եղբորս այդ օրն ասում է, որ եթե մեկ անգամ էլ ինքը լսի, որ կռիվ է արել` անկախ նրանից` ճիշտ է, թե սխալ, ապա կարող է այլևս տուն չգալ: Մի քանի օր անց եղբայրս խիստ հուզված զանգում է հորը և ասում, թե չի գալու տուն, բայց չի կարող այս անգամ էլ լռել ու պատասխան չտալ: Բնականաբար բոլորս, զգալով պահի լրջությունը և թողնելով մեր բոլոր գործերը, անմիջապես շտապում ենք դպրոց: Որտեղ իմանում եմ եղբորիցս, որ այդ ակտիվ ծնողներից մեկի տղան, ում քիչ վերը հիշատակեցի, (ակնհայտորեն ծնողների կողից սովորեցված կերպով, որովհետև թեկուզև այս ամենից հետո եղբորս անկոտրում լինելն ու արժանապատվության զգացումը ճանաչած լինելով` անհնար էր նման բան խիզախեր) հայհոյել է եղբորս (ոչ ավել, ոչ պակաս)... մորը, այն էլ` ողջ դասարանի ներկայությամբ: Փաստորեն, այս անգամ արդեն փորձ էր արվել վերջնականապես այնպիսի բան անել, որ եղբայրս ուղղակի որևէ գերլարումով անգամ չկարողանար զսպել իրեն, և հենց դա էլ օգտագործեին եղբորս մեղադրելու և նախորդ բոլոր դեպքերում էլ որպես նախահարձակ և մեղավոր կողմ ներկայացնելը հիմնավորելու համար: Ուզում էին ստանալ «հանցագործ», որպեսզի հետո հնարավոր լիներ «պատժել»: Վերջին մոտեցումը, ի դեպ, եղբորս նկատմամբ շարունակվում է առ այսօր` պարբերաբար կոնֆլիկտներ հրահրելով և ծնողների և ուսուցչական անձնակազմի կողմից երեխաներին սովորեցված սցենարով ընթացող խմբակային զազրելի վարք դրսևորելով: Ահա՛ ստորաբար ձևավորված հանցածին միջավայր: Եվ այսպես, երբ հասանք տեղ, հավաքվել էին ուսուցիչները տնօրենը և երեխաները, իսկ այդ տղաներից մի քանիսը փորձում էին նախապես պայմանավորված (բայց վատ) սցենարով հրամցնել, թե իբր ոչ թե իրենք են նման հայհոյանք հասցրել, այլ... ընդհակառակը. իրենք պարզապես հակադարձել են այդ հայհոյանքը: Բայց փոխտնօրենի և մեր մի քանի դիպուկ հարցերից հետո անմիջապես սկսեցին շփոթվել ու հակասել իրենք իրենց, բոլորին արդեն պարզ էր իրականությունը: Իսկ քիչ անց փոխտնօրենն, ինձ մոտենալով, հաղորդում է, որ իրենք դասարանի հետ առանձնազրույցում արդեն պարզել են, որ իրոք այդ երեխան է եղբորս հայհոյել, և որ այլևս անհանգստանալու կարիք չկա. իրենք վերահսկում են իրավիճակը:

Այնուհետև «պատահաբար» հայտնվում են այդ մի երկու խիստ ակտիվ ծնողները, մեկն էլ` ամուսնու հետ (հայհոյանք տվողի հայրը), ով, նորից սկսելով արդեն իսկ ավարտված թվացող զազրելի «խաղը», վերստին շարունակում է պնդել, թե այդ եղբայրս է այդպիսի հայհոյանք հասցրել իր տղային: Ստիպված սկսվում է ժողով տնօրենի ղեկավարությամբ (թերևս իրական ղեկավարությունը այդ ծնողների ձեռքում էր) և դասարանի մասնակցությամբ: Այնուհետև այդ ծնողների նախապես մշակած սցենարով ու հրահանգներով հերթով բարձրանում են մեկ-երկու չափազանց ակտիվ և կեղծավոր համեստությամբ աչքի ընկնել ցանկացող երեխաներ, որոնք, իրենք իրենց ասածների և համեմած խոսքերի մեջ շփոթվելով, «հաստատում» են, թե այդ հայհոյանքը առաջինը հասցվել է Հարությունի կողմից:

Եղբայրս, ապշած այս ամենից, նայելով նրանց, մերթընդմերթ մոտենում էր այդպիսի «ցուցմունքներ» տվողներին` ասելով, որ նայեն իր աչքերին ու ազնվորեն կրկնեն իրենց ասածը. հավատը չէր գալիս, որ նման տականքություն հնարավոր է (դեռ չէր տեսել...), բայց երեխաներից ոմանց արդեն հասցրել էին վերջնականապես խեղաթյուրել: Երեխաներից մի քանիսը եղբորս հարցի վրա կարկամում էին, գլուխները կախում, մի քանիսը, նայելով ծնողներին և տնօրենին, վարժեցված կերպով կամաց ձայնով ասում «այո», իսկ առավելաբար նախընտորում ծնողների կամ տնօրենի հարցերին պատասխանել խմբային համաձայնով (унисон), որտեղ պատասխանողի անհատականությունն ընդգծված չէ (դեռևս ազնվությունը լրիվ չէր նահանջում երբեմն). զրկել էին երեխաներին իրենց անհատականությունից, էլ ինչ ավելի մեծ բան կարելի էր երեխաներից գողանալ: Իսկ երբ եղբայրս մոտենում էր «սուտ վկայություն տվող» որևէ աշակերտի և իր ապշանքն ու զարմանքը հայտնում` խնդրելով ազնվորեն կրկնել «վկայությունը», այդ ակտիվիստ ծնողները... կորցրած արդեն բոլոր բարոյական նորմերը և ցանկանալով ստեղծել ինչ-որ վատ բան անող երեխայի Պատրանք, եղբորս ամեն մի արարքի, շարժման կամ հայացքի արձագանքում էին ռեպլիկով ու բղավոցով` ձգտելով կաշկանդեցնել երեխային` մեղքի զգացում ներարկելով, իսկ համադասարանցիներին սցենարին չենթարկվելու որևէ հնարավոր փորձ թույլ չտալով: Երբ Սիրացի հայրենադարձ-փախստական երեխաներից մի երկուսը ոտքի կանգնելով փորձեցին իրենց իսկապես տեսածն ու լսածը հաղորդել, անմիջապես հետևեց այդ ծնողների լռեցնող արձագանքը. «իրանք հիմա ի՞նչ են հասկանում, թե ինչ է կատարվում, որ բան են ուզում պատմեն...»: Իսկ վերջում հերթով մոտենում էին երեխաներին ու ասում. «ես քեզ չեմ ասե՞լ, որ իրա հետ չշփվես ու չխոսաս»: Փաստորեն, ասել էին...
Տեսածս զարհուրելի էր...

Իհարկե, անկարելի էր իրավիճակն այլևս հանդուրժել և պետք էր դուրս գալ այդ ամենը տեսնելուց հետո առաջացած ապատիայից: Ընդամենը... մեկուկես րոպե պահանջվեց, որպեսզի բոլորի աչքի առջև մի քանի դիպուկ հարցեր տալով երեխաներին` հանգիստ բացվի արհեստականորեն սարքված թնջուկը, և ճշմարտությունը ջրի երես դուրս գա: Այս ամենը, իհարկե, ամեն կերպ խոչընդոտվում էր ծնողների ու տնօրենի կողմից. բայց համբերության բաժակը լցված էր, իսկ մեջտեղում մի կողմից դեռևս նոր ձևավորվող և բարու ու չարի մասին նոր-նոր պատկերացում կազմող եղբայրս էր, իսկ մյուսում` մի ամբողջ դասարան երեխաներ, որոնք կարող էին արդեն, ուր որ է, իրենց փորձով «սովորել», որ անբարոյականությունը կարող է «հաղթանակ» տոնել: Սրա համար անկասկած պետք չէին յուրահատուկ ունակություններ (ինչպես արդեն մեկ անգամ նշեցի), ցանկացած ուսուցիչ (մեծահասակ մարդ) կարող էր դա անել հաշված րոպեների ընթացքում, միայն ցանկություն և համարձակություն լիներ:

Այս բացահայտմանը հետևեց մի քանի ակնթարթ տևած լռություն` պայմանավորված այդ մի քանի ծնողների կողմից իրենց սատանայական «խաղը» տապալված տեսնելու գիտակցությամբ: Նպատակին (Հարությունին իրենց տղաների կողքին որպես «խոչընդոտ» չտեսնելը) կառչած մնալու համար մնում էր մեկ ելք` տապալել ժողովը ու ստեղծել վիճաբանություն (պատրանք), որպեսզի եղելությունը ամփոփված չհամարվի, ինչին էլ միանգամից լծվեցին մեր «բարեկիրթ» և «ազնվաբարո» ծնողները: Անմիջապես տեղներից վեր կենալով` սկսեցին բոլորով բղավել և քաոս ստեղծել, իսկ այդ վիրավորանք հասցրած տղայի հայրը նույնիսկ ցանկանում էր ինձ հետ հրահրել ֆիզիկական կոնֆլիկտ ` մոտենալով ինձ և հրել ցանկանալով, ինչն, իհարկե, չստացվեց: Այս ամենից հետո տնօրենին այլ ելք չէր մնում, քան բոլորին հեռացնելը դասասենյակից:
Դրան հետևում է այդ ծնողների կողմից տնօրենին` արդեն ծանոթ բովանդակությամբ վերջնագիր ներկայացնելը. «կա՛մ մենք, կա՛մ Հարությունը»:

Հաջորդ աշխատանքային օրը եղբորս տանելով դպրոց` քույրս դպրոցի մուտքի մոտ հանդիպում է իրենց սպասող տնօրենին, ով հրամցնում է իր կայացրած որոշումը. Հարությունը պետք է տեղափոխվի այլ դասարան, ինչը, բնականաբար, կտրականապես մերժվում է: Այս «որոշումը» ներկայացվում է որպես տնօրենի իրավասությունների մեջ գտնվող տիրույթի հարց:
Այս իրավիճակում առավել քան ակնհայտ է դառնում, որ տնօրինությունն ի վիճակի չէ, ըստ էության, արդարության առջև առանց կոպտագույնս մեղանչելու, կարգավորել այս իրավիճակը և այս անգամ էլ նախընտրելով նվազագույն «գլխացավանքի» ճանապարհը` «որոշում» է կայացնում եղբորս դասարանից տեղափոխելու վերաբերյալ, ինչը, սակայն, որևէ առողջ տրամաբանությամբ խստագույնս անթույլատրելի եմ համարում թե՛ բարոյական, թե՛ մանկավարժական և թե՛ օրինականության տեսանկյունից:

Այս բոլոր իրադարձություններում բազմակի անգամներ կոպտագույնս խախտվել են թե՛ բարոյական ամենից հասարակ նորմերը, թե՛ «Կրթության մասին ՀՀ օրենքի», «Հանրակրթության մասին ՀՀ օրենքի», «Երեխաների իրավունքների մասին» միջազգային հռչակագրի և «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի» բազում սկզբունքային կետեր և հոդվածներ:
Նկարագրված իրականությունը բովանդակող նմանօրինակ մեկ այլ դիմում ներկայացվել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանը:

Ձեզնից ակնկալում եմ հետևողականորեն վերահսկել Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժանմունքի` սույն գործի վերաբերյալ տարվող քննության ողջ գործընթացը և անհապաղ միջոցներ ձեռնարկել ստեղծված հակաբարոյական, հակամանկավարժական և հանցագործ ու հանցածին մթնոլորտը կարգի բերելու ուղղությամբ:
Ձեր հետևողական միջնորդությամբ իրավիճակը շուտափույթ կերպով շտկված տեսնելու ակնկալիքով...

Շնորհակալ եմ նախապես»:

Նրանք նաև հայտարարություն են տարածել, որում, մասնավորապես, ասված է.

«Սույնով ցանկանում եմ հայտարարել, որ օրերս որոշ լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը` կապված Երևանի թիվ 71 միջնակարգ դպրոցում տիրող իրավիճակի հետ, պարզապես լրագրողական անպատասխանատու, իսկ որոշ դեպքերում` ընդհուպ անբարո աշխատանքի խայտառակ արդյունք է:

Իրականության գլխիվայր շրջված պատկերը ձևավորվել է աշակերտներից մեկի` թշնաբար տրամադրված ծնողի կողմից թերթերից մեկի մի, մեղմ ասած, անբարեխիղճ լրագրողի` դպրոց հրավիրելով, որը, տեղում ծանոթանալով իրավիճակին, լսելով ու գրանցելով մեր կողմի խոսքը և մեր կողմից ընդհուպ ստանալով ճշմարտությունը բացահայտող էլեկտրոնային նամակ, այնուամենայնիվ կատարել է իրեն հրավիրողի պատվերը և ներկայացրել հրեշավոր կերպով կեղծված իրավիճակ` առանց ներկայացնելու նույնիսկ մեր խոսքը: Թե՛ լրագրողական, թե՛ զուտ մարդկային բարոյականության տեսանկյունից խստագույնս դատապարտելի սույն անորակ հոդվածը, լրատվամիջոցների կողմից պատճենվելով, տարածվում է և ներկայացվում որպես «օբյեկտիվ ճշմարտություն»:

Այնինչ` ճշմարտությունը կայանում է նրանում, որ նշված դպրոցի նշված դասարանի մի քանի երիտասարդ և կարիերիստ ծնողների հովանավորությամբ և տնօրինության լռելյայն համաձայնության ներքո հինգ տարի շարունակ սույն դասարանի տղաների միջև ձևավորվել էին արատավոր հիերարխիկ, կարծրացած հարաբերություններ, որտեղ փառամոլ ամբիցիաներով տառապող հիշյալ մի քանի ծնողների տղաները ունեին իշխող և ամենաթող կարգավիճակ. երբ նրանց թույլատրված էր անարգել կերպով դասարանի աղջիկների և ուսուցիչների ներկայությամբ սեռական բնույթի հայհոյանքներ տալ իրենց կողմից պարբերաբար ճնշումների ենթարկվող երեխաների հասցեին և բռունցքով հարվածել ու լկտիությամբ անարգանքի ենթարկել անգամ աղջիկ երեխաներին, որոնց թվում նաև` Սիրիայից հայրենիք նոր վերադարձած մի քանի աղջիկ աշակերտների: Այս ամենը ձեռնտու էր նաև մանկավարժական կոլեկտիվին, ում համար կարևորը դասարանում տիրող իրավիճակի «անաղմուկությունն» էր, այլ ոչ` արդարությանը և ճշմարտությանը հետամուտ լինելու մանկավարժական տարրական նորմը: Իսկ դասարան նոր եկած Հարությունը դասարան ոտք դնելու առաջին իսկ օրերին հանդիպում է այդ «սուբորդինացիոն» հարաբերություններին ենթարկվելու հրամայական պահանջին, սակայն լինելով արդարամիտ և լուրջ կամքի ու տրամաբանության տեր անձնավորություն` բնականաբար չէր կարող հանդուրժել լկտի և իշխող վերաբերմունք դասարանի, այսպես կոչված, «լիդերների» կողմից (ներկայացված է իրենց ծնողների շրջանակում տարածված բառապաշարով), ինչը լուրջ խոչընդոտ էր իրենց ծնողների անբարո «փառամոլության» ճանապարհին:

«Խոչընդոտը» վերացնելու նպատակով առաջին իսկ օրերից այդ մի քանի ծնողների կողմից կազմակերպվում և ստոր կերպով ղեկավարվում էին շարունակական բնույթ կրող և լկտիության ու ստախոսության սահման չճանաչող և ընդհարումների մղող պրովոկացիաներ, որպեսզի այդ ամենի արդյունքում իրենց «խանգարող» աշակերտին կարողանան ներկայացնել որպես «հանցագործի», ինչից հետո արդեն շատ հեշտ կլիներ «պատժելը», իմա` հեռացնելը նրան իրենց ու իրենց երեխաների ճանապարհից: Հատկանշական է, որ այդ մի քանի ծնողների վերահսկողությամբ Հարությունի նկատմամբ իրականացվող բոլոր պրովոկացիոն ագրեսիաներից հետո իրենց երեխաներին սովորեցնում էին «միաբերան» հնչեցնել սարսափելի չափերի հասնող ՍՏԵՐ` ուղղակիորեն բռնաբարելով ողջ ճշմարտությունն ու իրականությունը` առանց գիտակցելու, որ դրանով սպանում են նաև իրենց երեխաների հոգին ու բարոյական աշխարհայացքը:

Ինչպես ասում էր Նացիստական Գերմանիայի պրոպագանդայի նախարար Իոսիֆ Գեբելսը, «որպեսզի հավատան քո ստին, այն պետք է լինի զարհուրելի չափերի»: Բոլոր դեպքերի մանրամասն նկարագրությունը բերված է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին և Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչությանն ուղղված մեր դիմումներում, որոնց էլեկտրոնային տարբերակները կարող ենք տրամադրել լրատվական միջոցներին` ծանոթանալու համար պատմության բոլոր մանրամասներին, քանի որ «Սատանան (և այն էլ` ինչպիսի) թաքնված է մանրամասներում»: Այդ փաստաթղթերում ներկայացվող ցանկացած դրվագի ճշմարտացիությունը պատրաստ ենք ապացուցել ցանկացած հետաքնության շրջանակներում:

Պետք է նշել նաև, որ «բոլոր» աշակերտների անունից խոսողները ընդամենը այդ մի քանի փառասեր ծնողների «լիդեր» երևալ ցանկացող երեխաներն են: Հիրավի հեղափոխությունները կատարվում են փոքրիկ խմբերի կողմից, որոնց անմտորեն հետևում են մնացյալը` հանրահայտ ֆիլմի «все побежали, и я побежал» սկզբունքով:

Անհրաժեշտ է նշել այս ողջ գործընթացներում տնօրինության անգործության և յուրաքանչյուր դեպքում նվազագույն «հոգսատարության» ճանապարհն ընտրելու հանգամանքը` անկախ նրանից, թե այդ ընթացքում որքանով կոտնահարվեն ու կտրորվեն երեխաների հիմնարար իրավունքները, ազատությունները և մանկական հոգիները:
Այսպիսով, կոչ եմ անում բոլոր լրագրողներին և լրատվամիջոցներին սեփական աշխատանքը կատարել` հավատարիմ մնալով մասնագիտական և բարոյական տարրական նորմերին և չարատավորել բարձրորակ լրագրության պատիվն ու բարի համբավը:

Հարգանքներով` Հ. Ղ.-ի ծնողներ»:

Նախորդող հրապարակում՝ Թիվ 71 դպրոցի աշակերտների ծնողները վերջնագիր են ներկայացրել տնօրենին

Քաղաքապետարանը պարզաբանում է 71 դպրոցի աղմկալի միջադեպը


 

 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 17:22 «Ազդարարում, տարհանում, պատսպարում»․ Գործնական վարժանք են անցկացնելու Գեղարքունիքի Կարմիրգյուղ բնակավայրում Այսօր, 17:10 Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի քայլերը խաղաղության ուղղությամբ․ Սիյարտո Այսօր, 17:00 Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը մեզ ծնկած վիճակից վեր է հանելու․ Վազգեն Մանուկյան Այսօր, 16:50 «Ես կարծիք չունեմ»․ Գագիկ Մելքոնյանը՝ Տավուշից սկիզբ առած շարժման մասին Այսօր, 16:37 Նախորդ շաբաթվա համեմատ` կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերն աճել են 27-ով Այսօր, 16:31 Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ Այսօր, 16:11 Ուզում եմ զգուշավոր լավատեսություն հայտնել առաջիկայում սպասվող բանակցությունների առումով. Արարատ Միրզոյան Այսօր, 15:54 Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները Այսօր, 15:47 Պետք է կտրել այն լեզուն, որն ասում է՝ Արցախն «Ադրբեջան է». ով հայ է, թող միանա մեզ, որ փրկենք Հայաստան աշխարհը. Դադիվանքի վանահայր (Տեսանյութ) Այսօր, 15:41 Ընդհանուր հայտարարություն կլինի, ես մեջը կլինեմ. Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ Այսօր, 15:39 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանին Այսօր, 15:37 Երկիրն արձակուրդի մեջ է, պետք է հետ բերել արձակուրդից. Դավիթ Ամալյան (Տեսանյութ) Այսօր, 15:34 Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի Այսօր, 15:26 Տեղումները կշարունակվեն, սպասվում է նաև քամու ուժգնացում Այսօր, 15:12 Աստված օգնական, Սրբազա՛ն. երթի մասնակիցներին միացավ ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը (Տեսանյութ) Այսօր, 15:04 Նուբարաշենի խճուղում հայտնաբերվել է «Կոշ» գաղութում հաշվառված 35-ամյա տղամարդու դի Այսօր, 14:56 Տիգրան Ավինյանը ներկայացրել է Կենտրոն վարչական շրջանի նոր ղեկավարին Այսօր, 14:48 Բազմաթիվ պրոֆեսիոնալ սակրավորներ հրաժարվում են ականազերծման աշխատանքներին մասնակցել, դիմումներ են գրել ու դուրս են գալիս (Տեսանյութ) Այսօր, 14:37 Մեկնարկում է առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Այսօր, 14:29 Սամվել Կարապետյանի ինքնաթիռը հանվել է ամերիկյան «սև ցուցակից»․ «Հետք» Այսօր, 14:24 Հայ փորձագետները Գերմանիայում հանդիպել են ադրբեջանցի փորձագետներին Այսօր, 14:20 Ավտոմեքենայում հայտնաբերվել են ատրճանակ և արնանման հետքեր․ կա վիրավոր Այսօր, 14:17 Հալաբյան փողոցում մեքենան բախվել է սյանը Այսօր, 14:11 Կիրանցեցիներին թույլ չեն տալիս իրենց այգիներ մտնել Այսօր, 14:05 Միքայել Բադալյանը Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ բռնություն չի գործադրել. Փաստաբաններ Այսօր, 13:52 «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար երկու անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել Այսօր, 13:51 Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 13:49 Գնել Սանոսյանն այցելել է ատոմակայան ու տվել խիստ հանձնարարականներ Այսօր, 13:46 Այսօր Ոսկեպար գյուղի տարածքում զոհված ոստիկանների 33-րդ տարելիցի օրն է Այսօր, 13:44 Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարները համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել Այսօր, 13:36 Պարզվում է՝ սփյուռքում էլ եմ եղել ռուսական ագենտ, փաստորեն, Կրեմլից բացի, մեկ-մեկ արքայական պալատն էլ է ֆինանսավորել՝ Եղիասբեթ 2-րդի շքանշան են տվել․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:28 Դուք կարաք մանդատ դնե՞ք. իրար մեջ պաշտոնի համար էնքան կգզվռտվեք. Ալեն Սիմոնյանն՝ ընդդիմադիրներին (Տեսանյութ) Այսօր, 13:24 Ադրբեջանում ԱՄՆ դեսպանն այցելել է օկուպացված Շուշի Այսօր, 13:15 Մեր երկրում քաղաքականություն կա՞, որ մի հատ էլ եկեղեցուն քաղաքական դաշտ ներքաշեն, կամ ոչ․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 13:11 ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննարկմանը Այսօր, 13:09 ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականն այցելել է Գեղարքունիք և Տավուշ Այսօր, 13:03 Միջազգային մրցույթ՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում Հայաստան-Իտալիա համագործակցության շրջանակում Այսօր, 12:52 ՀՅԴ Կանադայի «Սիմոն Զավարյան» երիտասարդական միությունն իր աջակցությունն է հայտնել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը (Լուսանկարներ) Այսօր, 12:50 Կեղծ հայտարարություն է․ կիրանցեցիների և Բագրատ Սրբազանի միջև որևէ տարաձայնություն չկա․ կիրանցեցիներ (Տեսանյութ) Այսօր, 12:45 Իրավական տեսանկյունից ամենաչոր ձևով պետք է մոտենանք, սա խաղուպար չի, չենք պատրաստվում տարիներով խաղեր խաղալ. Ավինյան Այսօր, 12:42 Քայլերթը մեր ակնկալիքները գերազանցել է. օր օրի շարժման նկատմամբ վստահությունն աճում է. Արա Ռոստոմյան (Տեսանյութ) Այսօր, 12:38 Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 7-ին և 8-ին գազամատակարարման անջատումներ կլինեն Այսօր, 12:32 Սա կուռքերի շարժում չի. ոչ մի ատելություն, թշնամանք, ոչինչ չկա և չի կարող լինել. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:29 Ես վստահ եմ՝ Հայաստանի ժողովուրդը չի պատրաստվում հներին վերադարձնել իշխանությունը, կրոնապետության գնալ. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:24 Նիկոլ Փաշինյանն ասուլիս կտա Այսօր, 12:22 Պետականության քանդման, միակողմանի հանձնման գործընթացները պետք է կասեցվեն. Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 12:15 Գերագույն գլխավոր դավաճանին պետք է թարս նստեցնել ավանակի վրա․ ավանակը հետախուզման մեջ է, բայց մեզ հետ է․ իջևանցի (Տեսանյութ) Այսօր, 12:07 Հետքայլի տեղ չունենք. ի՞նչ է՝ նստենք, նայենք, թե ինչպես է մի խելագար մեր երկիրը կործանո՞ւմ. Զոհված զինվորի մայր (Տեսանյութ) Այսօր, 12:02 Իշխանափոխություն չի լինելու. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) Այսօր, 12:00 Այս տարի Երևանը կունենա 171 հատ 8.5 մետրանոց նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս. Ավինյան Այսօր, 11:56 Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին (Տեսանյութ) Այսօր, 11:53 Մենկարկել է Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Բուդապեշտ Այսօր, 11:50 LIVE. Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը դեպի Երևան Այսօր, 11:46 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը Այսօր, 11:41 Կիրանցի բնակիչները սպասում են՝ չափագրողները հասնեն իրենց՝ Խաչյալի բարձnւնք, ճանապարհները դեռևս փակ են Այսօր, 11:39 ՔՊ-ական Հայկ Ցիրունյանն ԱԺ-ի նիստի ժամանակ անգործությունից դրդված՝ թղթե ինքնաթիռ է պատրաստում (Տեսանյութ) Այսօր, 11:30 Ձեր աչքի առաջ ատելություն է տարածվում եկեղեցու նկատմամբ, ասելիք չունե՞ք. Մինասյանը՝ դատախազին (Տեսանյութ) Այսօր, 11:26 Բաքվում կայանալիք COP29-ին Ադրբեջանը կարող է երկրներին հրավիրել զինադադար կնքելու․ Ալիևի օգնական Այսօր, 11:22 ՀՀ-ն զավթելու նոր քայլեր են մշակվում․ անվտանգության մարտահրավերները պետք է դիտարկել ինչպես լայն կոնտեքստում, այնպես էլ ամբողջ համակարգի ներսում․ Թաթոյան Այսօր, 11:17 Այս տարի պետք է վերջնական լուծենք, արդեն էլ հնարավոր չի. Ավինյանը՝ տեղումներից առաջացած խնդիրների մասին Այսօր, 11:04 Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, նախնական տվյալներով, վտանգ չի սպառնում. Արամ Թորոսյան Այսօր, 11:01 Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն մայիսի 10-ին Այսօր, 11:00 Ողբերգական դեպք՝ Արմավիրում․ հայտնաբերվել է 8-ամյա աղջնակի մարմին Այսօր, 10:52 Ցյուրիխի հայ ակադեմիականների միությունն աջակցություն է հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր, 10:48 Ոմանք փորձում են մոռանալ մեր պատմական անցյալը, մշակույթն ու ավանդույթները. առանց դրանց ես իմաստ չեմ տեսնում ապրելու. Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 10:44 Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը եղբորն ուղարկել է տեսնելու, թե համայնքի որ բնակիչներն են մասնակցում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթին․ Ոսկան Սարգսյան Այսօր, 10:40 Միշտ նախանձել եմ ինկվիզիցիայի ենթարկվածներին. Հովիկ Աղազարյան Այսօր, 10:35 Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա Այսօր, 10:33 Ռուսները ցանկանում են ռուս սահմանապահներին տեղափոխել Հայաստան-Ադրբեջան սահմանին․ Թոմ դե Վաալ Այսօր, 10:29 Բռնություն է կիրառվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ. Գոհար Հայրապետյան Այսօր, 10:19 Փրկարարները հայտնաբերել են հանդամասում մոլորված 10-ամյա երեխային Այսօր, 10:15 Ողջունում ենք այն նախաձեռնությունը, որը միտված է պետության գահավիժումը կասեցնելուն․ Զաքարյան Այսօր, 10:11 Իշխանությունը Հայաստանում թափ առնող ներքաղաքական զարգացումներին փորձում է հակադրվել պատերազմի սպառնալիքով. Տիգրան Աբրահամյան Այսօր, 09:57 Լարսը բաց է Այսօր, 09:53 Երևանում քամու հետևանքով վնասվել են տանիքների, պատշգամբների թիթեղյա ծածկեր, կոտրվել են ծառեր Այսօր, 09:44 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները կմիանան Տավուշից սկիզբ առած երթին Այսօր, 09:41 Lույս չի լինի 05/05/2024 22:09 Ես հավատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին. ԱԱԾ նախկին տնօրեն 05/05/2024 20:23 Սոցցանցերում Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի անունից բացվող որևէ էջ կապ չունի ո՛չ Շարժման, ո’չ էլ Սրբազանի հետ. հայտարարություն 05/05/2024 19:18 Ցանկանում են առանց ընտրությունների իշխանություն վերցնել. Արսեն Թորոսյան 05/05/2024 18:29 Մարդու հետ մի կապեք ոչ մի բան. այս չակնկալիքների պայքարը հայրենիք ու պատիվ ստանալու մասին է. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 17:44 Եռագույններով քոչարի՝ դեպի Երևան ճանապարհին (տեսանյութ) 05/05/2024 17:38 Նույն սխալը չգործենք. մի մերժեք հոգևորականների ձայնը և խրատը. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան (տեսանյութ) 05/05/2024 17:09 Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում 05/05/2024 16:40 Փլուզվել է Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի արտաքին պատը 05/05/2024 16:04 Երբեք որևէ երթի չեմ մասնակցել, սա միակն է, սա մեր վերջին գոյաբանական ճիգն է. Արման Նուռ (տեսանյութ) 05/05/2024 15:02 18:00-ին շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ կհասնի Սևան 05/05/2024 14:50 Ստի կայսրությունը փլուզվելու է. ես գիտեմ` մենք կհասնենք հաղթական ավարտին. Խաչիկ Մանուկյան 05/05/2024 14:01 Մենք ճամփա ենք ընկել, որ այս ամբողջ ճանապարհը դառնա եռագույնի հաղթանակը սև ու սպիտակի վրա. Բագրատ Սրբազան (տեսանյութ) 05/05/2024 13:44 «Ո՛չ հանձնողական քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել (լուսանկարներ) 05/05/2024 13:11 Տավուշի հատվածում հայտարարված «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգության ու իրավունքների կոպիտ խախտում է. Արման Թաթոյան 05/05/2024 12:52 Շարունակվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը դեպի Երևան (տեսանյութ) 05/05/2024 12:37 «Հային կբերենք նոր լուսաբաց». Ռուբեն Մխիթարյանը նոր երգ է ներկայացրել (տեսանյութ) 05/05/2024 11:48 Ատեստավորման քննությունների բացարձակ գերազանցիկը. գնդապետ Տիգրան Հակոբյան (տեսանյութ) 05/05/2024 11:16 Բագրատ Սրբազանի դեմ իրականացվող կեղտոտ արշավը չափազանց անարդյունավետ է ու իր նպատակին չի ծառայում. Տիգրան Աբրահամյան 05/05/2024 11:05 Զղջացեք, ապաշխարեք, հեռացեք բոլոր տեսակի մեղքերից. Բագրատ Սրբազանն` իշխանությանը (տեսանյութ) 05/05/2024 10:12 Տպավորություն է, որ իշխանությանը ծառայող լրատվամիջոցները վերցնում են ադրբեջանական նյութերը, թարգմանում հայերեն ու տարածում. թյուրքագետ 05/05/2024 10:05 Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը Հաղարծինում մասնակցում է Սուրբ Պատարագի 05/05/2024 09:54 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 04/05/2024 22:51 Եթերում «Իմնեմնիմի»-ն է․ Այսօրվա հերթապահները Գևորգ Պետրոսյանը և Լուսինե Հարոյանն են

Տվյալ բաժնի վերջին նյութերը