16/04/2014 11:11
Ն. Բաղդասարյան. Սիմոն Բաբայանը առավել որակով կկազմակերպի դպրոցի ուսուցումը
Այսօր՝ ապրիլի 15-ին, տեղի է ունեցել ՀՀ փաստաբանական դպրոց հիմնադրամի կառավարման խորհրդի նիստը, որը նախագահել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Այս մասին հայտնում են ՀՀ փաստաբանների պալատի հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ըստ Փաստաբանական դպրոցի կանոնադրության նիստին մասնակցել են վեց անդամից բաղկացած Խորհրդի 5 (հինգ) անդամները' Արա Զոհրաբյանը (Խորհրդի նախագահ), Լյուդվիգ Դավթյանը, Լեռնիկ Հովհաննիսյանը, Նիկոլայ Հակոբյանը և Հերիքնազ Տիգրանյանը:
Նիստի ընթացքում քննարկվել է Փաստաբանական դպրոցի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները դադարեցնելու և նոր տնօրեն նշանակելու հարցերը:
Նիկոլայ Բաղդասարյանը պնդել է իր հրաժարականի դիմումը և հայտնել, որ այլ գործերով անձնական ծանրաբեռնվածության պատճառով է ցանկանում ազատվել դպրոցի տնօրենի պաշտոնից: Նիկոլայ Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի խորհրդի նախագահ Արա Զոհրաբյանին և խորհրդի անդամներին՝ համատեղ աշխատելու համար:
Արա Զոհրաբյանը առաջարկել է Դպրոցի նոր տնօրեն նշանակել Փաստաբանների պալատի խորհրդի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանին, ով հանդիսանում է իրավաբանական գիտությունների թեկնածու և ունի ուսումնական գործընթաց ղեկավարելու հարուստ փորձ:
Դպրոցի խորհրդի նախագահն առաջարկել է Դպրոցի երկու ծրագրերի պատասխանատու սահմանել Նիկոլայ Բաղդասարյանին, նկատի ունենալով այն, որ այդպիսի ցանկություն է հայտնել նա և այդ ծրագրերից տեղյակ լինելով կարող է ծրագրերը հասցնել իրենց ավարտին։
Նիկոլայ Բաղդասարյանն իր հերթին հայտնել է, որ Սիմոն Բաբայանը առավել որակով է կազմակերպելու փաստաբանական դպրոցի ուսումնական գործընթացը, քանի որ ունի փորձ մանկավարժական ոլորտում:
Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլայ Բաղդասարյանին վերջին երկու տարիներին կատարած արդյունավետ աշխատանքի համար և հարցերը ներկայացրել է քվեարկության:
ՀՀ փաստաբանական դպրոցի խորհուրդը միաձայն որոշել է «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն Նիկոլայ Բաղդասարյանի դիմումը բավարարել և դադարեցնել Նիկոլայ Բաղդասարյանի լիազորությունները' լուծելով նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը և 2014 թվականի ապրիլի 16-ից «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն նշանակել Սիմոն Ալբերտի Բաբայանին:
Քվեարկությունից հետո Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել խորհրդից վստահության և պատասխանատու պաշտոնում նշանակելու համար:
Խորհրդի նիստից հետո Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը Դպրոցի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին:
Նախորդող հրապարակում՝ Փաստաբանական դպրոցի նոր տնօրենը Սիմոն Բաբայանն է. Կխոսեմ 100 օր անց