19/04/2014 14:02
«Դեմ եմ»-ը կշարունակի պայքարը մինչև իրական արդյունքի չհասնի
Մինչև Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ չմտնի, նոր օրենքի մշակման վրա «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն իշխանությունների հետ չեն աշխատի և կշարունակեն իրենց պայքարը: Խոսելով իրենց անելիքների մասին` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:
Խոսելով նախօրեին ՀՀ Նախագահի նստավայրի դիմաց անցկացված հավաքի մասին, որին միացավ նաև նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Դ. Մանուկյանն ասաց, որ դա եղել է նրա անձնական որոշումը և իրավունքը, և իրենք վարչապետին են ներկայացրել ՍԴ որոշման հետ կապված պահանջները:
«Հովիկ Աբրահամյանը միայն տույժերի հաշվարկի վերաբերյալ է դիմում Ազգային ժողով, սակայն մենք պահանջում ենք, որ մեր առաջարկած բոլոր կետերը՝ կապված ֆոնդերի և ֆոնդերի կառավարիչների ավտոմատ ընտրության հետ և այլ կերտեր հանվեն»,- մանրամասնեց նա:
Դ. Մանուկյանն ասաց նաև, որ իրենք վարչապետին ասել են, որ մինչև ԱԺ-ին նախագիծը ներկայացնելը, պետք է ներկայացվի իրենց, «որպեսզի տեսնենք` արդյոք այդ նախագիծը մեր կետերին համապատասխանում է, թե ոչ»:
«Եթե կառավարությունն իսկապես ցանկանում է քայլ կատարել, ապա օր առաջ դա կանի»,- ասաց նա:
Սահմանադրության որոշումները, շարունակեց խոսքը նա, կարող է իրականացնել միայն նախագահի ինստիտուտը, հետևաբար` պետք է օր առաջ կատարել ՍԴ որոշումը` կասեցնելով ապօրինի դրամահավաքը:
Նախորդող հրապարակում` Վարչապետը միացավ «Դեմ եմ»-ի ցույցին. Մեկ ամսվա մեջ որոշում կունենանք
Հովիկ Աբրահամյանը՝ «Դեմ եմ»-ին. 3 օրվա վարչապետ եմ, ըմբռնումով մոտեցեք