22/04/2014 21:00
Սպորտի վարպետը արդարացվել է 50 տարվա հարևանուհուն ապտակելու գործով
Aysor.am-ի շարքը` «Օրենքի զոհերը», այն մարդկանց մասին է, ովքեր մեղադրվելուց հետո պայքարել ու արդարացման վճիռ են լսել:
Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով արդարացվել է հարևանուհուն բռունցքով հարվածելու և ապտակելու գործով մեղադրվող Մակար Մովսեսյանը:
Ըստ Մ. Մովսեսյանին առաջադրված մեղադրանքի՝ նա Կարինե Ավետիսյանի հետ վիճաբանության ժամանակ բռունցքով մեկ անգամ հարվածել է վերջինիս շրթունքին և երկու անգամ էլ ապտակել է՝ պատճառելով առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։
Ըմբշամարտի սպորտի վարպետը՝ առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով
ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում ամբաստանյալ Մակար Մովսեսյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ Կարինե Ավետիսյանն իր հարևանն է, վերջինիս ընտանիքի հետ հարևաններ են 1965թ.-ից և իրենց հարաբերություններ եղել են լարված: Սկզբում հարաբերությունները սրված են եղել Կարինեի հոր հետ, որոնք որոշ ժամանակով կարգավորվել են, սակայն Կարինեի հոր մահից հետո լարված հարաբերություններ են սկսվել Կարինեի հետ, որոնք շարունակվում են մինչ օրս:
07.11.2013թ. ժամը 13:00-ի սահմաններում իր բնակարանի պատշգամբից նայել է դեպի բակ և տեսել, որ իր կողմից նկուղի միջանցքի պատին հենած 2x3 մետր չափերով թատրոնին վերաբերող 40.000 դրամ արժողությամբ գունավոր պաստառը շպրտված է գետնին: Դրանից շատ բարկացած դուրս է եկել տանից և իջել նկուղ` ճշտելու համար, թե ով է պաստառը դուրս շպրտել: Մտել է նկուղ, նկատել է Կարինեին վերջինիս նկուղի մոտ ու հարցրել է, թե ով է պաստառը դուրս նետել: Կարինեն պատասխանել է, որ ինքն է դա արել, որից հետո իրենց միջև սկսվել է լեզվակռիվ, որի ընթացքում հնչել են բազմաթիվ հայհոյանքներ: Դրան ներկա է գտնվել իր կինը: Կարինեն կնոջ ներկայությամբ սկսել է հայհոյել իր մորը, ինչից ինքն ավելի է զայրացել և ձեռքի ափով փորձել է փակել Կարինեի բերանը, որպեսզի վերջինս լռի և չհայհոյի իր մահացած մորը: Այդ ժամանակ Կարինեն ասել է, որ արյուն է գալիս և արագ հեռացել է նկուղից: Ինքն արյուն չի տեսել, Կարինեին չի հարվածել և չի ապտակել: Հանդիսանում է ըմբշամարտի սպորտի վարպետ, և եթե Կարինեին հարվածեր, ապա վերջինս կունենար լուրջ վնասվածքներ, իսկ Կարինեի ստացած վնասվածքը հնարավոր է առաջացած լինի իր ձեռքով Կարինեի բերանին ուժգին սեղմելու արդյունքում:
Տուժող Կարինե Ավետիսյանը ցուցմունք է տվեց այն մասին, որ շուրջ 50 տարի ճանաչում է Մակար Մովսեսյանին և նրա ընտանիքի անդամներին: Իր ու Մակար Մովսեսյանի ընտանիքները երկար տարիներ միմյանց հետ գտնվել են լարված հարաբերությունների մեջ և հաճախակի վիճել են տարբեր կենցաղային հարցերի շուրջ: Առաջին հարվածից ուժեղ, բութ ցավ է զգացել, որից ինքը շշմել է ու շթունքից սկսել է արնահոսել, իսկ գլխին ստացած 2 հարվածներից ինքը ցավ չի զգացել: Համոզված է, որ եթե Մակարի հարված հասցնելու ժամանակ վերջինիս կինը չգտնվեր իր ու Մակարի մեջտեղում, ապա Մակարի հասցրած հարվածն ավելի ուժեղ կլիներ ու ինքը դրանից ավելի շատ վնասվածք կստանար: Պատռված շրթունքը ցույց է տվել Լյուդմիլային ու արագ հեռացել նկուղից, որից հետո գնացել է ոստիկանություն: Նախաքննության ընթացքում նշել է, որ Մակարը 2 անգամ ապտակել է իրեն, բանն այն է, որ «խփելը»,«հարվածելը» և «ապտակելը» իր համար նույն են:
Դատաբժշկական փորձաքննության փորձագետի եզրակացության համաձայն` Կարինե Ավետիսյանի մարմնական վնասվածքը վերին շրթունքի ներսային մակերեսի սալջարդ վերքի ձևով պատճառվել է բութ առարկայի ներգործությամբ, հնարավոր է նշված ժամանակին և հանգամանքներում, որը առողջության թեթև վնասի հատկանիշներ չի պարունակում: Աջ նախաբազկի միջին երրորդ ճանկռվածքը վաղեմությամբ չի համապատասխանում նշված դեպքի ժամանակին, առաջացել է նշված դեպքից ավելի վաղ:
Դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Մ. Մովսեսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքում` վերջինիս արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նախորդող հրապարակում՝ 6.570.000 ՀՀ դրամի հափշտակության մեջ մեղադրվողը արդարացվել է
3 զինծառայողները արդարացվել են՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքով
Արդարացվել է պետությանը 1.862.129 ՀՀ դրամ վնաս պատճառելու մեջ մեղադրվողը