22/04/2014 11:15
Զոհրաբ Մնացականյանը նշանակվել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից և տեղեկացնում, որ, ըստ ստորագրված հրամանագրի, Միավորված ազգերի կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյանն ազատվել է պաշտոնից:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Կարեն Նազարյանին ազատել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից»,- ասված է Ս. Սարգսյանի հրամանագրում:
Նախագահի մեկ այլ հրամանագրով ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` որոշում եմ.
Զոհրաբ Մնացականյանին ազատել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ»:
Նախագահի մեկ այլ հրամանագրի համաձայն էլ` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել Զոհրաբ Մնացականյանը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Զոհրաբ Մնացականյանին նշանակել Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Նյու Յորք)»,- ասված է հրամանագրում: