23/04/2014 11:27
2013-ին բարեգործական ծրագրերով ներմուծվել է 23.61 մլրդ դրամ արժեքով բեռ
2013 թ-ի ընթացքում բարեգործական ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքների մասին այսօր կառավարության քննարկմանը ներկայացրեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը:
Նախ առաջարկվում է ընդունել ի գիտություն ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2013 թվականի ընթացքում բարեգործական ծրագրերի կատարման ընթացքի մասին հաղորդումը:
Նաև հանձնարարվում է ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել Երևանի քաղաքապետին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում և համայնքներում մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի կողմից որակված ծրագրերի շրջանակներում 2013 թվականի ընթացքում հանրապետությունում բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր են իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Դրանցից 55 կազմակերպություն իրականացրել են երկարաժամկետ ծրագրեր՝ կապված ինչպես աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, այնպես էլ՝ բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման հետ, իսկ 74 կազմակերպություն իրականացրել են կարճաժամկետ ծրագրեր՝ կապված միայն բարեգործական բեռների ներմուծման և բաշխման հետ:
Մեծածավալ ծրագրեր են իրականացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը` 5.1 մլրդ դրամ, «Արմենիա Լայթհաուս» բարեգործական հիմնադրամը՝ շուրջ 4.76 մլրդ դրամ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը՝ 2.16 մլրդ դրամ, «Յանգ Լայֆ» կազմակերպության Հայաստանի մասնաճյուղը՝ շուրջ 2 մլրդ դրամ, «Սիմոնյան» կրթական հիմնադրամը՝ 1.98 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 1.95 մլրդ դրամ, «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը՝ 1.34 մլրդ դրամ, «Արագիլ» հիմնադրամը՝ 1.2 մլրդ դրամ և այլ կազմակերպություններ:
2013 թվականի ընթացքում հանձնաժողովի կողմից որակված բարեգործական ծրագրերի շրջանակներում 48 երկրից հանրապետություն են ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռներ՝ 118 կազմակերպության հասցեով, այդ թվում՝ երկարաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 9.25 մլրդ դրամ արժեքով, կարճաժամկետ ծրագրեր իրականացնող կազմակերպությունների հասցեով՝ 14.36 մլրդ դրամ արժեքով (այդ թվում ՀՀ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի 8.62 մլրդ դրամ մաքսային արժեքով դեղորայք, բժշկական պարագաներ և սարքավորումներ): 2012 թվականի համեմատությամբ 2013 թվականին ներմուծված բեռների մաքսային արժեքը աճել է 251 մլն դրամի չափով:
Հարկ է նշել, որ ներմուծվող դեղորայքը, բժշկական սարքավորումները և պարագաները «Մարդասիրական օգնության, բարեգործության և տեխնիկական օգնության կարգով ստացվող դեղերը, բժշկական նշանակության առարկաներն ու բժշկական սարքա-վորումները վերագնահատող» աշխատանքային խմբի կողմից հետագայում ենթակա են վերագնահատման, հետևաբար վերոհիշյալ գումարային արտահայտությունները պետք է ընդունել որպես կողմնորոշիչ կամ տեղեկատվական բնույթի:
Ըստ մաքսային արժեքի՝ ներմուծված բեռների 63.9 %-ը առողջապահության բնագավառի ապրանքներ են, այդ թվում՝ դեղորայք՝ 11.54 մլրդ դրամ մաքսային արժեքով, բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 3.55 մլրդ դրամ մաքսային արժեքով:
Բեռների 44.4 %-ը ներմուծվել է ԱՄՆ-ից, 16.7 %-ը՝ Շվեյցարիայից, 6.8 %-ը՝ Գերմանիայից, 4.9 %-ը՝ Չինաստանից, և 4.4 %-ը՝ Արաբական Միացյալ Էմիրություններից:
Ընդհանուր առմամբ, ըստ մաքսային արժեքի, բեռների 43.57 %-ը ներմուծվել է նախարարությունների, գերատեսչությունների և պետական ու համայնքային այլ կազմակերպությունների հասցեով: