24/04/2014 11:01
ԱՄՆ-ի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի հայտարարությանը
Ամերիկայի «Հայ դատի» հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ապրիլի 24-ի նախօրեին արված հայտարարությունը «1915-ի դեպքերի» վերաբերյալ:
«Միջազգային մակարդակով մեծացող մեկուսացման պարագայում Անկարան մի շարք ձևակերպումներով շարունակում է հերքել Հայոց ցեղասպանությունը: Այսօրվա իր ելույթում վարչապետ Էրդողանը զուր է փորձել խուսափել Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` ինչ-որ կերպ հավասարեցնելով այս անպատիժ միջազգային հանցագործությունը հասարակ երկկողմ հակամարտության: Ո´չ փաստերը, ո´չ միջազգային մակարդակով ընդունված օրենքները չեն աջակցում Թուրքիայի՝ այս տարօրինակ դիրքորոշմանը:
Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի այս անսիրտ և ցինիկ դիրքորոշումը ցույց է տալիս, թե ինչպես է Թուրքիան այսօր հերքում ճշմարտությունը և խոչընդոտում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին», - նշել է Արամ Համբարյանը:
Հիշեցնենք, որ Էրդողանի հայտարարությանն արձագանքել են մի շարք արտասահմանյան հեղինակավոր պարբերականներ:
Նախորդող հրապարակում՝ Թուրքիայի վարչապետը՝ 1915 թ. դեպքերի մասին. Մենք ցավակցում ենք հայերին