31/05/2014 16:26
Վաղը Կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար կլինի անվճար
Վաղը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի կենդանաբանական այգին այցելուների համար կկազմակերպի մի շարք անակնկալներ: Այս մասին տեղեկանում ենք Կենդանաբանական այգու մամուլի ծառայությունից:
«Այգու փոքրիկ այցելուներին կդիմավորեն ծաղրածուները, կլինեն թատերական ներկայացումներ, համերգային ընդարձակ ծրագիր՝ երաժշտական տարբեր խմբերի, մանկական համույթների մասնակցությամբ, խաղ-մրցույթներ:
Այգու տարածքում տեղադրված կլինեն Երևանի կենդանաբանական այգու և գործընկեր կառույցների տաղավարներ, որոնք կներկայացնեն օրվա խորհրդին առնչվող իրենց գործունեությունը, ինտերակտիվ խաղեր ու մրցույթներ կառաջարկեն երեխաներին:
Այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Երևանի կենդանաբանական այգու «Զու» մանկական ամսագրի, կենդանիների խնամակալության ծրագրին, այգու այլ նորություններին: Նախատեսվում են կենդանիների ցուցադրական կերակրումներ:
Տոնական միջոցառումների մեկնարկը կտրվի առավոտյան ժամը 10:00-ին: Միջոցառումները կավարտվեն ժամը 18:00-ին:
Հունիսի 1-ին Երևանի կենդանաբանական այգու մուտքը մինչև 16 տարեկանների համար` կլինի անվճար»,- ասվում Երևանի Կենդանաբանական այգու մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում: