09/07/2014 13:36
«Երևանի շենքերի 80 տոկոսը սեյսմակայուն չեն. 88-ի շունչը մինչ օրս զգում ենք»
«Հայ Նախագիծ» ընկերության տնօրեն Գրիգոր Ազիզյանն ահազանգում է. Երևանի շենքերի 80 տոկոսը սեյսմակայուն չեն: Նրա համոզմամբ՝ այստեղ խոսքը գնում է ոչ միայն բնակիչների, այլև ազգի անվտանգության մասին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա նշեց, որ թեև մարդիկ իրենց բնակարանները մասնակի վերանորոգում են, ամրացնում, բայց այդ երևույթը շենքի անվտանգությունը չի ապահովում:
Նա նշեց, որ թեև 88-ի երկրաշարժից հետո երբ փոխվեցին սեյսմակայության նորմերը, որոնք ավելի ուժեղացված են այժմ, բայց այսօր այն շենքերը, որոնք կառուցված էին մինչ այդ, այլևս չեն համապատասխանում ժամանակակից սեյսմիկ նորմերին: Իսկ դա նշանակում է, որ ուժեղ երկրաշարժի ժամանակ այդ շինությունների մեծ մասը հնարավոր է փլուզվի, անգամ ոչ ուժեղ երկրաշարժի դեպքում:
«Սա ոչ թե բնակչի, այլ պետության անվտանգության խնդիր է, որի համար հատուկ ծրագիր է անհրաժեշտ՝ պետական մակարդակով»,- ասաց նա:
Գ. Ազիզյանը նշեց, որ դեռևս 88 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանի շենքերի 20 տոկոսը վերակառուցվեց ժամանակակից նորմերին համապատասխան և դրանք որակի տեսանկյունից անհամեմատ ավելի բարձր են, բայց 88-ից առաջ կառուցված շենքերը բոլորովին անմխիթար վիճակում են գտնվում:
«88-ի շունչը մինչ օրս զգում ենք և չենք կարողացել ազատվել աղետի հետևանքներից: Եվ դա ոչ միայն Գյումրիում և Վանաձորում, այլև ամբողջ Հանրապետությունում է նկատվում: Այսօր բոլորը աշխատում են, որպեսզի այդ հետևանքներից ազատվեն: Դրա պատճառով է, որ չի զարգանում ոչ տնտեսությունը, ոչ էլ երկիրը. չկան աշխատատեղեր, իսկ տնտեսությունը տուժում է դրանից»,-ասաց նա՝ շարունակելով, որ պետք է մեծ ուշադրություն դարձվի շենքերի ուժեղացման գործընթացին:
Գ. Ազիզյանն առաջարկում է մշակել հատուկ ծրագիր՝ պետական մակարդակով և ամրացնել այդ շենքերը: Նա նշեց, որ այդպիսի հնարավորություն կա, իսկ մասնագետները կարող են:
«Կան հատուկ մասնագիտական լուծումներ, որոնք թույլ կտան ուժեղացնել շենքերի սեյսմակայունությունը: Դրանք թույլ կտան ոչ մեծ ծախսերով, մի փոքր պետական աջակցությամբ՝ կարգավորել այս խնդիրը: Մենք ունենք իսկապես հնամաշ ու հնացած շենքեր, որոնք ամրացման ենթակա են: Դրանց մեջ են 2, 4, 10,15 հարկանի շենքեր, բայց ունենք նաև շենքեր, որոնք իսկապես պիտանի չեն ամրացման համար»: