21/07/2014 13:42
Համաձայնության չհասնելու դեպքում՝ Իրանը կգործարկի Արաքի ռեակտորը
Համաձայնության չհասնելու դեպքում՝ Իրանը կգործարկի Արաքի ռեակտորն ու մի շարք նոր ցենտրիֆուգներ: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահ Ալաէդդին Բորուջերդին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին ավարտվեցին Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների միջև Վիեննայում ավելի քան երկու շաբաթ տևած բանակցությունները, և ինչպես որ նախատեսվում էր 2013թ. նոյեմբերի 24-ին Ժնևում կողմերի միջև ստորագրված համաձայնագրով՝ համապարփակ համաձայնագիր չստորագրվեց:
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Քեթրին Էշթոնն նախօրեին համատեղ հայտարարություն էին արել, որտեղ նշվում է, որ «Համատեղ քայլերի ծրագրի» կատարման համար նախատեսված 6-ամսյա ժամկետը, որն ավարտվում է հուլիսի 20-ին, երկարացվում է ևս 4 ամսով, մինչև 2014թ. նոյեմբերի 24-ը:
Իրանցի խորհրդարանականը, անդրադառնալով վերոնշյալ խնդրին, մասնավորապես նշել է. «Բանակցությունների ընթացքում համապատասխան պաշտոնյաներն ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ համապարփակ համաձայնագրի չստորագրման դեպքում Իրանը կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացման աշխատանքները, կգործարկի Արաքի ռեակտորն ու մի շարք նոր ցենտրիֆուգներ»:
Բորուջերդին միևնույն ժամանակ ընդգծել է, որ բանակացությունները չորս ամսով հետաձգելու փաստը վկայում է, որ կողմերը ցանկություն ունեն հասնել վերջնական համաձայնության:
Իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ էլ՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ Թեհրանը հավատարիմ է մնացել ժնևյան համաձայնագրով ստանձնած իր պարտավորություններին: