21/07/2014 20:28
«Happy Tour» ընկերությունը մրցույթ է հայտարարել, սակայն մրցանակ չի տվել»
«Happy Tour» ընկերությունը մրցույթ է հայտարարել, սակայն հաղթողներին որևէ մրցանակ չի տվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց մրցույթի առաջին մրցանակի հաղթող Լիլիթ Կարապետյանը:
«Մենք պետք է նախ հնարավորինս շատ «vote»-եր հավաքեինք իրենց Facebook-յան էջին, ապա նաև մեր նկարների լայքեր: 3 ընկերուհիներով մասնակցել ենք, երեքս էլ շահել ենք առաջին, երկրորդ և երրորդ մրցանակները՝ ուղևորություն Անթալիա, IPad և IPhone, սակայն այդպես էլ մրցանակ չստացանք: Ես հավաքել էի 5000 լայք, սակայն իրենք ասացին, որ արդար կերպով հավաքվել է 2000-ը և ես ամեն դեպքում հաղթող ճանաչվեցի: Մրցույթից հետո զանգեցի, որովհետև իրենց կողմից որևէ զանգ չեղավ և ասացին, որ պետք է շնորհանդես անեն ու նոր տան մրցանակները, սակայն դրանից հետո ինչքան զանգել եմ, այսօր-վաղն են ասել»,- ասաց նա:
Լիլիթի խոսքով՝ ինքը պատրաստ է իր մրցանակը տալ անապահով ընտանիքներին, եթե այն ստանա:
«Happy Tour» ընկերությունից Aysor.am-ի թղթակցին նախ ասացին, որ ընկերության տնօրենը տեղում չէ, վաղը տեղում կլինի, սակայն պնդելուց հետո խոստացան զանգել տնօրենին, ապա հետ զանգեցին և ասացին, որ տնօրենը անձնական հարցով է բացակայում և ցանկանում է ճշտել, թե ի՞նչ հարցեր պետք է իրեն տրվեն: Լսելով, որ խոսքը վերոնշյալ մրցույթի մասին է, ընկերության աշխատակցուհին ասաց. «Այդ մրցույթը եղել է անցյալ տարի, ամբողջ ղեկավարությունը դրանից հետո փոխվել է, այդ պատճառով էլ մրցանակը չի տրվել»:
Հարցին՝ դա ի՞նչ կապ ունի մրցանակը չտալու հետ, եթե մրցույթը հայտարարել է ընկերությունը, և ոչ նախկին տնօրենը, աշխատակցուհին պատասխանեց. «Իր ղեկավարության ժամանակ է եղել, նա է հայտարարել, իսկ նոր տնօրենը դրա հետ կապ չունի»:
Մեր մյուս հարցին՝ տնօրինությունը ե՞րբ է փոխվել և մրցույթը ե՞րբ է անցկացվել, աշխատակցուհին պատասխանեց. «Մրցույթը եղել է անցյալ տարի ամռանը, իսկ տնօրինությունը փոխվել է մարտ ամսին»:
Հարցին՝ արդյոք դա բավարար ժամանակ չէ՞ր մրցանակները հանձնելու, նա պատասխանեց, որ իրեն այլ բան հայտնի չէ:
Նշենք, որ նա նաև տրամադրեց նախկին տնօրենի հեռախոսահամարը, սակայն վերջինս անջատված է: