23/07/2014 17:11
«Բանդայի գործով» ամբաստանյալն ինքնավնասում է արել. Նիստը հետաձգվել է
«Բանդայի գործով» ամբաստանյալ Դավիթ Գալստյանը այսօր դատական նիստի ընթացքում փորձել է ինքնավնասում անել այն ժամանակ, երբ դատախազը հրապարակել է Դավիթ Գալստյանի նախաքննական ցուցմունքները՝ դատաքննական և նախաքննական ցուցմունքների միջև առկա հակասությունների հիմքով։
Դա նկատել են պաշտպաններից նրան ավելի մոտ նստածները, որից հետո դատարանը ընդմիջում է հայտարարել:
Դ. Գալստյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին տեսակցել է, նրա առողջական վիճակը լավ է, սակայն հոգեբանորեն ճնշված վիճակում է:
Հարցին՝ ի՞նչն էր ինքնավնասման պատճառը, Ս. Ոսկանյանը ասաց, որ հստակ պատճառը իրեն հայտնի չէ, սակայն ենթադրում է, որ դա եղել է նախաքննական ցուցմունքները կորզելու ժամանակ ունեցած հիշողությունների ազդեցության հետևանքով:
Ս. Ոսկանյանը ասաց նաև, որ ինքը չգիտի, թե ինչով է ինքնավնասում արել, բայց հավանական է, որ կրակայրիչով:
Դատական նիստը հետաձգվել է:
Հիշեցնենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել Արտուշ Ռուբիկի Հակոբյանին, Դավիթ Սուրենի Գալստյանին , Սամվել Հրաչի Դավթյանին, Արման Ալբերտի Դալլաքյանին, Արթուր Գրիշայի Մանուկյանին, Քյարամ Թոռնիկի Ամոյանին 2011թվականի մայիսի սկզբին անձանց նկատմամբ ավազակային հարձակումներ կատարելու գործով:
Նախորդող հրապարակում՝ «Բանդայի գործով» Արտուշ Հակոբյանին թունավո՞րել են