24/07/2014 14:16
Արդարադատության նախարարը` Վերնիսաժի գործի մասին
Կառավարության նիստից հետո այսօր ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին լրագրողները մի քանի հարց ուղղեցին` Վերնիսաժի գործի հետ կապված:
Նախարարը, սակայն, նախ խնդրեց իրեն տալ հարցեր, որոնք իր լիազորություններին են վերաբերում, ապա շարունակեց, որ այս պահին դեռ նախաքննություն է ընթանում, և նախաքննության վերաբերյալ չի ուզում քաղաքական հայտարարություններ անել, որովհետև.
«Ինքս իրավաբան եմ, աշխատել եմ իրավապահ համակարգում, դատավոր եմ եղել, և հասկանում եմ դրա անմիմաստությունը, սխալը, հատկապես եթե գործը գտնվում է նախաքննության փուլում: Մամուլը, քաղաքական գործիչները կարող են իրենց թույլ տալ նման հայտարարություններ անել, բայց ես կառավարության անդամ եմ, արդարադատության նախարարն եմ և չեմ կարող ինձ նման շռայլություններ թույլ տալ»:
Նշենք, որ այսօր Կառավարության շենքի մոտ էր եկել Վերնիսաժի տարածքում ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի( Յուվեցի Կարո) փեսայի կրակոցներից տուժած, ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մայրը: Նրա խոսքով` Կարո Կարապետյանն անձամբ է սպառնում իր ընտանիքին, որպեսզի որդին կեղծ ցուցմունք տա: