26/07/2014 10:56
Հայկական կողմը կորուստներ չունի, հակառակորդը վիրավորներ ունի. ՊՆ խոսնակ
Ադրբեջանական կողմը նախօրեին մի քանի ժամ կրակի տակ է պահել Տավուշի մարզի սահմանամերձ Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր և Այգեպար գյուղերը: Բարեբախտաբար, հայկական կողմը կորուստներ չունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մենք հակառակորդի անկանոն կրակոցներին չենք արձագանքել, իսկ երբ սկսել են կրակել կանոնավոր, հակադարձել ենք: Միշտ էլ ասում ենք, որ հրադադարի ռեժիմը խախտում են, կորուստներ են կրում, թող մտածեն այդ պատասխանատվության մասին: Մի քանի օր է՝ ինչ հանգիստ էր, նորմալ էր: Թող չխախտեին, իրենք խախտել են, հետևաբար` պատասխան են ստացել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը` ընդգծելով, որ հակառակորդը վիրավորներ ունի:
Հակառակորդի ակտիվացումը, ՊՆ խոսնակի խոսքով, սեզոնային բնույթ է կրում` հաշվի առնելով բերքահավաքի շրջանը: