26/07/2014 14:38
Քննիչը լավ չի բացատրել մեղադրանքը. Ամբաստանյալը արդարացվել է
Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է կնոջը ծեծի ենթարկելու և սուտ հաղորդում տալու մեջ մեղադրվող տաքսու վարորդին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Կառլեն Խաչատրյանին առաջադրված մեղադրանքի` նա 2013 թվականի հունվարի 23-ին` ժամը 2100-ի սահմաններում, իրենց` Երևան քաղաքի Նոր Նորքի 4-րդ զանգվածում, ալկոհոլային հարբածության վիճակում ծեծի է ենթարկել կնոջը` Արփինե Հարությունյանին, պատճառելով ձախ բազկի միջին երրորդի ներսային մակերեսի արյունազեղումների ձևով, առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնավածք:
Բացի դրանից, Կառլեն Խաչատրյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է, մտացածին ծանր հանցագործության վերաբերյալ, 2013 թվականի փետրվարի 7-ին գրավոր հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 7-ին` ժամը 1430-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածի Ավետիսյան և Դավիթ Բեկի փողոցների խաչմերուկում վիճաբանել է անհայտ անձի հետ, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է իր որովայնի շրջանին` պատճառելով որովայնի ձախ զստափոսի շրջանի ծակած կտրած թափանցող վերքի ձևով մարմնական վնասվածք և դիմել փախուստի, մինչդեռ 2013 թվականի փետրվարի 7-ին` ժամը 1430-ի սահմաններում, ոգելից խմիչքի ազդեցության տակ, իրենց հիշյալ բնակարանից վերցնելով խոհանոցային դանակը, դուրս է եկել բնակարանից և հասնելով Երևան քաղաքի Նոր Նորքի 7-րդ զանգվածում գտնվող` ՙՊիոներ Պալատին՚ հարող տարածք, ինքնասպանություն կատարելու նպատակով ձախ ձեռքով հագուստները բարձրացրել է վերև և աջ ձեռքում գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է իր որովայնի ձախ զստափոսի շրջանին` ինքն իրեն պատճառելով ծակած կտրած թափանցող վերքի ձևով ծանր մարմնական վնասվածք:
2013 թվականի հունիսի 12-ին Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մուտք է եղել տուժող Արփիինե Հարությունյանը դիմումն այն մասին, որ ինքը ներում է Կառլեն Խաչատրյանին և նրա նկատմամբ բողոք չունի:
Նույնը տուժողը պնդել է նաև դատարանում` հայտնելով, որ հաշտվել է ամբաստանյալի հետ և չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության` միջնորդելով նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով քրեական հետապնդումը դադարեցնել:
Քրեական գործի նախաքննության ընթացքում Կառլեն Խաչատրյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, նման դիրքորոշում է ցուցաբերել նաև դատաքննության սկզբում, սակայն հարցաքննվելիս հայտնել է, որ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը, որպեսզի դրանով իր հանդեպ հետագայում կիրառվի արագացված դատական քննություն: Հայտարարություն տալիս գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ, չի գիտակցել, թե ինչ է հայտնում սակայն հաջորդ օրը, գիտակցության գալով, քննիչին հայտնել է իրականությունը, այն է գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքն իրեն դանակով պատճառել է մարմնական վնասվածք:
Պաշտպան Ա. Ստեփանյանի հարցերին պատասխանել է, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրեն մեղավոր է ճանաչել, քանի որ գտնվել է ալկոհոլային ազդեցության ներքո, քննիչն էլ իր հերթին լավ չի բացատրել մեղադրանքը:
Ինչ վերաբերում է ինչ-որ անձի կողմից իրեն ինքնասպանության դրդելուն կամ հասցնելուն, պատասխանել է, որ նման բան չի եղել, ինքն անձամբ է իրեն վնասվածք հասցրել` պայմանավորված կնոջ կողմից իրեն լքելու, ինչպես նաև հուսահատված և կյանքից նեղված լինելու հանգամանքով: Քննիչի մյուս հարցին պատասխանել է, որ նախկինում ևս ոգելից խմիչքի օգտագործման հետ կապված վիճաբանել է կնոջ հետ: Նա նախկինում էլ էր լքել իրեն, որից հետո ևս կատարել էր ինքնավնասում, մասնավորապես վնասել է թևերը: Այդ անգամ ևս իրեն ոչ-ոք չի դրդել և չի հակել ինքնասպանության փորձ կատարելուն. դա եղել է իր ընկճվածության արդյունքում: Ինքը հասկացել է, որ, սուտ հաղորդում տալով, սխալ է գործել, զղջացել է կատարվածի համար և խնդրել, որ իր նկատմամբ մեղմ վարվեն: