30/07/2014 13:44
«Վճռաբեկ դատարանի նախագահի պարտությունից խոսելն անհեթեթ է»
Անհեթեթ է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությունից խոսելը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ դատական դեպարտամենտի Միջազգային համագործակցության և հանրային կապերի ծառայության պետ Արսեն Բաբայանը:
«Վճռաբեկ դատարանի նախագահը, ինչպես մյուս բոլոր դատավորները, քվեարկության համար ունեն մեկ ձայն: Բացի այդ, ՎԴ նախագահը օրենքի ուժով է Արդարադատության խորհրդի նախագահը, ուստի՝ անհեթեթ է խոսել Վճռաբեկ դատարանի նախագահի պարտությունից»,-ասաց Ա. Բաբայանը:
Նշենք, որ «Ժողովուրդն» այսօր գրել էր, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում տեղի ունեցած Արդարադատության խորհրդի անդամների ընտրություններն ավարտվել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի պարտությամբ: Այդ խորհուրդը համարվում է դատավորների «դատարանը», վերահսկում է դատական իշխանության աշխատանքը և ենթարկում տույժերի, ուստի Վճռաբեկ դատարանի նախագահը ցանկանում է այնտեղ ունենալ բացառապես իրեն հնազանդ անդամներ, որպեսզի անհրաժեշտության դեպքում հատուկենտ «անկախ» դատավորներին թելադրի իր կամքը, վախեցնի նրանց:
ԱԽ անդամներին ընտրում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից գաղտնի քվեարկությամբ 9 դատավոր, ՀՀ նախագահի և ԱԺ-ի կողմից նշանակված երկուական իրավաբան-գիտնականներ: Եվ որպեսզի այդ 9 դատավորների կազմում հավատարիմներ ունենա, Մկրտումյանը սկսել է լոբբինգ անել իր ցանկալի թեկնածուների համար: Անգամ հուլիսի 25-ի ընտրության ժամանակ անձամբ է զանգահարել մարզային մի շարք դատավորների՝ հորդորելով ընտրել Մնացական Մարտիրոսյանին՝ որպես ԱԽ անդամ: Սակայն դատավորների մեծամասնությունը բոյկոտել է Մկրտումյանին և քվեարկել միանգամայն այլ թեկնածուի օգտին: