19/08/2014 19:16
Քոբուլեթիում մահացած հայ երեխայի հորը թույլ չէին տալիս լքել երկիրը
Վրաստանի Քոբուլեթի քաղաքում օգոստոսի 16-ին ավտովթարի ժամանակ մահացած 13-ամյա ՀՀ քաղաքացի Քոչար Խառատյանի դին տեղափոխել են Հայաստան: Այս օրերին երեխայի հայրը, սակայն, ստիպված էր մնալ Վրաստանում, քանի որ տեղի իրավապահները միջադեպից հետո նրան թույլ չեն տվել լքել երկիրը:
Aysor.am-ի տեղեկություններով` իրավապահները չեն ընդառաջել անգամ այն դեպքում, երբ հայրը նշել է, որ Հայաստան պետք է գա երեխայի հուղարկավորությանը մասնակցելու համար:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հարցին նախ միջամտել է ՀՀ ԱԳՆ-ն, որից հետո Սամվել Խառատյանը թույլտվություն է ստացել լքել Վրաստանը:
Ավելի ուշ, սակայն, որոշումը բողոքարկվել է և Ս. Խառատյանին նորից արգելել են լքել Վրաստանի սահմանները:
Այս անգամ վարչապետի հանձնարարությամբ գործին միջամտել է ՀՀ գլխավոր դատախազը, ով պայմանավորվածություն է ձեռք բերել իր վրացի գործընկերոջ հետ՝ Ս. Խառատյանին Վրաստանի սահմանները լքելու թույլտվություն տալու վերաբերյալ:
Նշենք, որ Քոբուլեթիում տեղի ունեցած ողբերգական վթարի ժամանակ Սամվել Խառատյանի մեքենայում եղել են նրա երեք երեխաները և կինը:
Նախորդող հրապարակում՝ Քոբուլեթիում վթարի պատճառով 13-ամյա ՀՀ քաղաքացի է մահացել