20/08/2014 10:14
Երկրի կայուն զարգացումը պետք է ապահովեն հող մշակող ֆերմերները. «Առավոտ»
«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Չգիտեմ՝ ում համար ինչպես, բայց ինձ համար էներգիայի ամենահզոր աղբյուրը (թող վերամբարձ չհնչի) Հայաստանի հողն է, և երբ հնարավորություն կա՝ Երևանի ասֆալտից և նեղ գրասենյակներից դուրս գալու և շփվելու այդ հողի հետ, քայլելու այդ հողի վրայով, առիթը բաց չեմ թողնում: Հողը և նրա մարդիկ ապրում են այլ հոգսերով, այլ ռիթմով, և երբ վերադառնում ես քաղաք, աչքի է զարնում այդ ռիթմերի և հոգսերի տարբերությունը, մասնավորապես՝ «համացանցային» և իրական կյանքի միջև ընկած անդունդը:
«Այստեղ կան ինչ-որ «բազեներ» և ինչ-որ մարդկ, որոնք այդ «բազեներին» հայհոյում են: Ինչ-որ մարդկանց մի խումբ ցանկանում է «թախտից գցել» մարդկանց մեկ այլ խմբի, վերջինս էլ ցանկանում է հավերժ նստել այդ թախտին: «Այնտեղ»՝ ժամանակին կթել կովերին, հետևել որ կենդանիները չհիվանդանան, ժամանակին տանել նրանց արածելու, ժամանակին հետ բերել, այնպես անել, որ նրանք երեկոյան չկորչեն, հավաքել որքան հնարավոր է շատ խոտ, այն բարձել «լաֆետներին» ու բեռնատարները և բերել գյուղ՝ հնարավորինս առանց «կուրուստների» (դարուփոս ճանպարհային այդ խոտը անխուսափելիորեն թափվում է):
Վստահ եմ, որ Միացյալ Նահանգների հիմքը կազմում են ոչ թե հոլիվուդյան աստղերը, ոչ էլ միլիոնատեր «ռեփերները» կամ բեյսբոլիստները: Այդ երկրի հիմքը խիստ, պուրիտանական բարքերով ապրող ֆերմերներն են, որոնք իրենց պապերից ժառանգել են հող մշակելու փեշակը և որոնք երեկոյան աշխատանքից հետո գալիս են տուն, սառնարանից հանում են գարեջուրը հեռուստացուց դիտում վերոհիշյալ «ռեպերներին» և բեյսբոլիստներին: Հայաստանում նույնպես երկրի կայուն զարգացումը պետ է ապահովեն հենց նման «խառնվածքի» մարդիկ: Պարզապես մեր երկրում նրանք չնչին փոքրամասնություն են կազմում: Հայտնի պատճառներով»: