22/08/2014 12:48
Նախարարության պաշտոնյան ազատվել է աշխատանքից. Պատճառը բուժո՞ւմն է
ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետ Արսեն Ավագյանը 2014 թ. հունիսի 24-ից բացակայել է աշխատանքից՝ ստացիոնար բուժում ստանալու նպատակով, որի համար հիմք է հանդիսացել անաշխատունակության թերթիկը, իսկ 2014թ. օգոստոսի 21-ին ներկայացրել է դիմում՝ սույն թվականի սեպտեմբերի 1-ից զբաղեցրած պաշտոնից ազատվելու մասին: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեցին ՀՀ ԲՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, թե Արսեն Ավագյանը երեկ առավոտյան պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, հավելելով նաև՝ Ա. Ավագյանը այս տարիների ընթացքում աշխատելով զբաղեցրած պաշտոնում բավականին խոսուն ցուցանիշներ է գրանցել և զամանալի է, թե ինչն է եղել նրա հեռանալու պատճառը:
«Մինչ նրա պետ նշանակվելը, տեսչության կողմից վերահսկվող գրեթե բոլոր ոլորտներում 2011 թ. առաջին վեց ամիսներին ՀՀ բյուջե է մուտքագրվել 40 միլիոն 34 հազար դրամ, որից 3,6 միլիոնը՝ օպերատիվ աշխատանքների արդյունքում, իսկ երբ Արսեն Ավագյանն է նշանակվել տեսչության պետ, արձանագրված ցուցանիշները էականորեն փոխվել են։ Օրինակ՝ հուլիսից հետո ընկած ժամանակահատվածում՝ վեց ամսում բնապահպանական տեսչության կողմից 100 միլիոն 24 հազար դրամ է մուտքագրվել պետբյուջե, որից 62 միլիոնը՝ օպերատիվ աշխատանքների արդյունքում։ Այսինքն՝ վեց ամսվա ընթացքում մոտ 20 անգամ ավելի շատ գումար է մուտքագրվել պետբյուջե միայն օպերատիվ աշխատանքի արդյունքում»,- մեջբերում է թերթը։