30/08/2014 14:15
Նուռնուսցիները 9 ամիս շարունակ ապրում են գարշահոտության մեջ
Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի Այգեգործական թաղամասի բնակիչները արդեն 9 ամիս է ապրում են գարշահոտության մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում բնակիչները մանրամասնեցին, որ պատճառը Նուռնուսի և Բյուրեղավանի հարևանությամբ գործող «Առողջ սունկ» ՍՊԸ-ի արտադրամասն է:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ նուռնուսցիները բողոքի ակցիա են անցկացրել ՀՀ կառավարության շենքի դիմաց: Կառավարությունից խոստացել են 15 օրվա ընթացքում ստեղծել հանձնաժողով, որը կզբաղվի հարցի ուսումնասիրմամբ:
«Այդ ընկերությունը բնակիչների համար դարձել է իսկական պատուհաս: Թռչնաղբի հիմքի վրա արտադրում է սնկի աճեցման մեջ օգտագործվող պարարտանյութ»,- նշեց բնակիչներից Լաուրա Վարդազարյանը` հավելելով, որ արտադրամասը մոտ է բնակելի տներին, ինչի հետևանքով մշտապես առկա է գարշահոտություն, որի հետևանքով օդ են արտանետվում առողջության համար վտանգավոր նյութեր, որոնք առաջացնում են շնչահեղձություն, թոքային խնդիրներ, սրտխառնոց և այլն:
Բնակիչները հավաստիացնում են, որ գործարանը պետք է կառուցվեր բնակելի վայրերից 1 կմ հեռավորության վրա: Ըստ նրանց՝ խախտվել են ոչ միայն իրենց իրավունքները, այլև քաղաքաշինության նորմերը: Բնակիչների պնդմամբ՝ գործարանը գտնվում է մի վայրում, որտեղ քամին միշտ նույն ուղղությամբ է փչում:
Նրանց խոսքով՝ իրենք հանդիպել են ընկերության տնօրինության հետ, ովքեր խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն, սակայն ոչ մի միջոց էլ մինչ օրս չի ձեռնարկվել:
«Ասել են, թե պիտի խողովակ անցկացնեն, ինչից հետո գարշահոտությունն էլ չի խանգարի: Դիմել ենք նաև մարզպետարան, որտեղից ևս հաստատեցին, որ գարշահոտություն կա, և տնօրինության հետ պայմանավորվածություն կա, որ հոտը կվերանա, բայց մինչ օրս ոչ մի փոփոխություն չկա»,- նշեց բնակիչներից Գագիկ Հովակիմյանը:
Բնակիչները մտահոգված են, վրդովված. «Համաճարակաբաններին կոչ ենք անում գնալ և ստուգել արդյո՞ք այդ գործարանում պահպանվո՞ւմ են նորմերը»: