17/09/2014 14:18
ԵԱՀԿ առաքելությունը դիտարկում է անցկացրել. Խախտումներ չեն արձանագրվել
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ: Այս մասին հայտնում են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության լրատվական բաժնից:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն /Չեխիա/, Եվգենի Շարովը /Ուկրաինա/, ինչպես նաև ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ղեկավար գնդապետ Մարկուս Վիդմերը /Շվեյցարիա/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ և ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի /ԲՄՊԽ/ ներկայացուցիչ փոխգնդապետ Թունկայ Շեվինը /Թուրքիա/:
Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Նախորդող հրապարակում՝ ԵԱՀԿ-ն վաղը Գյուլիստան գյուղի հարավային ուղղությամբ դիտարկում կանցկացնի