18/09/2014 15:15
«Գոմեշի մսի» գործով Ալբերտ Օհանջանյանը դատապարտվել է պայմանական ազատազրկման
Բանակին գոմեշի միս մատակարարելու գործով այսօր կայացվել է դատավճիռ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեն Օհանյանի նախագահությամբ ամբաստանյալ, Կապանի մսի կոմբինատի նախկին տնօրեն Ալբերտ Օհանջանյանին դատապարտել է 3 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման՝ դատավճիռը պայմանականորեն չկիրառելով և նրա նկատմամբ սահմանելով չորս տարվա հսկողություն։
Ա. Օհանջանյանի փաստաբան Իրինա Մանուկյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս պահին չի կարող մեկնաբանել դատական ակտը, քանի որ դեռևս այն չի ստացել, իսկ իրենց միջնորդությունը պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, ըստ էության, բավարարվել է:
Ըստ Ալբերտ Օհանջանյանին առաջադրված մեղադրանքի՝ նա ընդհանուր առմամբ 82 տոննա տավարի ոսկրոտ քառատված մսի փոխարեն մատակարարել է նույն քանակությամբ բրիկետ տեսակի հնդկական արտադրության գոմեշի միս,իսկ ՀՀ ՊՆ-ից տավարի մսի դիմաց ստացված գումրը հափշտակել է`ՀՀ ՊՆ -ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի `126.936.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ա. Օհանջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178 Հոդվածի 3 Մասի 1 Կետի (Խարդախությունը) հատկանիշներով:
Օհանջանյանն ամբողջությամբ փոխհատուցել է վնասը, իրեն մեղավոր է ճանաչել և միջնորդել այս գործով արագացված դատաքննություն իրականացնել։
Նախորդող հրապարակում՝ «Գոմեշի մսի» գործը դատարանում է
«Գոմեշի մսի» գործով առաջին դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 1-ին