18/09/2014 16:07
Ռեկտորի սեքսուալ սկանդալի գործը քննչական ակտիվ գործողությունների փուլում է
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանի գործով առայժմ չկան փորձաքննությունների պատասխանները, սակայն գործը գտնվում է քննչական ակտիվ գործողությունների փուլում:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Պետրոսյանը:
«Ցավոք, հասկանալի պատճառներով, առավել մանրամասն չեմ կարող խոսել այս գործի վերաբերյալ, քանի որ գործը գտնվում է նախաքննության փուլում, միայն կարող եմ փաստել, որ սույն թվականի փետրվարի 5-ին ՀՊՃՀ Տեղեկատվական և Հաղորդակցման տեխնոլոգիաների վարչության պետի կողմից ահազանգ է ստացվել, որ Հովհ. Թոքմաջյանի էջին ապօրինի հասանելիություն է ստացվել և նրա էջից նրա ընկերներին ուղարկվել են որոշակի հաղորդագրություններ:
Նախապատրաստվել են նյութեր, բացատրություններ են վերցվել գործին առնչվող անձանցից, նաև պարոն Թոքմաջյանից, հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 254 Հոդվածի 1-ին մասով»,-ասաց նա:
Տ. Պետրոսյանը ասաց, որ բոլոր հարցերի պատասխանը կտրվի միայն փորձաքննությունների արդյունքում:
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 5-ին Հովհաննես Թոքմաջյանի անվան շուրջ վիրտուալ փաստեր էին տարածվել, որոնք իրական աղմուկի պատճառ էին դարձել:
Համացանցում տարածվել էր ռեկտորի և բուհի աշխատակցուհու ֆեյսբուքյան նամակագրությունը, որտեղ բացահայտվում էր նրանց սիրային կապը: Մեկ այլ նամակում էլ ռեկտորի անունից ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հասցեին անբարո խոսքեր էին գրված:
Հովհաննես Թոքմաջյանը հենց սկզբից հերքում էր իր մասնակցությունն այդ պատմությանը` նշելով, որ իր ֆեյսբուքյան էջը կոտրել են, կեղծ նամակագրություն տեղադրել և ուղարկել իր բոլոր ֆեյսբուքյան «ընկերներին»»:
Նախորդող հրապարակում՝ Համալսարանից պնդում են, որ ՀՊՃՀ ռեկտորի ֆեյսբուքյան ինտիմ զրույցը կեղծ է
Համալսարանից պնդում են, որ ՀՊՃՀ ռեկտորի ֆեյսբուքյան ինտիմ զրույցը կեղծ է