19/09/2014 15:28
Կարեն Քոչարյան. Քառյակը դարձավ երկուսուկես
ԲՀԿ-ն 2013 թվականին էլ ուներ թեկնածու, բայց վերջին պահին փոշմանեց և ընտրություններին թեկնածու չառաջադրեց: Այսօր հրավիրված ասուլիսում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, պատասխանելով հարցին՝ ԲՀԿ-ն ունի թեկնածու, հնարավոր համարո՞ւմ է որևէ փոփոխություն:
Կ. Քոչարյանի կարծիքով՝ Հայաստանի ներքաղաքական կյանքը շատ ծիծաղելի է: Նրա խոսքով՝ հասկանալի չէ, թե մեր քաղաքական ուժերն ինչ են ուզում կամ ինչ են պահանջում:
Ինչ վերաբերում է իշխանափոխությանը, ապա նրա խոսքով, դժվար է ասել, թե այդ իշխանափոխությամբ երկրում ինչ-որ բան կփոխվի, թե ոչ: «Իշխանափոխությունն էլ ինչ-որ փոփոխություն է, սակայն այս պահին ես դա չեմ տեսնում: Եթե չլինի պալատական հեղաշրջում, ապա Հայաստանում ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չի ունենա: Իսկ պալատական հեղաշրջումը այսօր կլինի միայն անձնական ամբիցիաների մակարդակով: Հայաստանում համակարգային ոչինչ չի փոխվելու»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է քառյակի հանրահավաքին, ապա Քոչարյանը համոզված է, որ նրանց մոտ ոչինչ չի ստացվելու: «Ի՞նչը պետք է կանխարգելեն, կամ՝ ո՞վ: ԲՀԿ-ն ասե՞մ, ՀԱ՞Կ-ը, թե՞ «Ժառանգությունը»: Կուսակցութան ներսում հիմա կռիվ է գնում հենց դրա համար, որովհետև մի մասն ուզում է, մի մասն էլ՝ ոչ: Այսինքն՝ ստացվում է, որ քառյակը դարձավ երկուսուկես»,-ասաց նա:
Անդրադառնլով Դաշնակցության հրաժարականին՝ քաղտեխնոլոգը նշեց, որ ՀՅԴ-ն միշտ էլ եղել է ազնիվ քաղաքական ուժ, համենայնդեպս, իր համար, քանի որ նա միշտ բաց հայտարարել է, որ կողմ է սահմանադրական բարեփոխումներին:
«Այդ ուժերից միակ ազնիվ ուժը, թերևս, Դաշնակցությունն է: Նա իշխանությունից դուրս է եկել միայն հայ-թուրքական արձանագրությունների պատճառով: Արդեն մի քանի տարի է, ինչ այդ խնդիրը իշխանությունների առջև դրված չէ: Իսկ թե ինչ կլինի հետո՝ կկազմի կոալիցիայի մաս, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Այսինքն՝ մեծ հաշվով այսօր Դաշնակցությունը իշխանությունների հետ այլևս հարցեր չունի պարզելու: Իսկ երկրորդը՝ Դաշնակցությունը միշտ պահանջել է, որ երկրում սահմանադրական բարեփոխումներ լինեն: ՀՅԴ-ն միշտ կողմ է եղել խորհրդարանական համակարգին, որովհետև իր կառուցվածքով երբեք չի ունեցել ընդգծված լիդեր: Այդ ուժը ուժեղ է ոչ թե լիդերներով, այլ իր կառույցներով՝ իր ֆորմատի մեջ: Դաշնակցությունը միշտ էլ հասկացել է, որ իր դիրքերը միշտ էլ կուժեղանան»,-ասաց Քոչարյանը: