20/09/2014 17:20
Բժիշկը քաղցկեղով հիվանդի անվամբ դեղեր է դուրս գրել և հափշտակել
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է բժիշկ, «Հիսուսի մանուկներ» ԱԿ ՓԲԸ տնօրեն Գագիկ Հարությունյանի նկատմամբ հարուցված գործը: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Գագիկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի՝ նա աշխատելով Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի Քևօրք և Անիթա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» Առողջության կենտրոն ՓԲԸ-ում, որպես տնօրեն, միաժամանակ նաև` օնկոլոգիական կաբինետի բժիշկ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ. սեպտեմբերի 2-ին, առողջության կենտրոնում հաշվառված օնկոլոգիական հիվանդ Սրբուհի Բաղդասարյանի անվամբ թմրամիջոց դուրս գրելով և այն վերջինիս չհատկացնելով, իրացնելու նպատակով հափշտակել է առողջության կենտրոնի օնկոլոգիական հիվանդների համար «Արֆարմացիա» ՓԲԸ-ից ստացված և իր տիրապետության տակ գտնվող «Օմնոպոն 2 0/0 1.0» տեսակի թմրամիջոցի թվով 8 սրվակները:
Այսինքն Գագիկ Հարությունյանը կատարել է հանցավոր արարքներ, որոնք նախատեսված են ՀՀ քրեական օրենսգրքի 266հոդվածի 1-ին մասով և 269հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: