20/09/2014 14:27
Պատմաբան. 23 տարվա մեր ամենամեծ ձեռքբերումն անկախությունն ու բանակն են
Այս 23 տարիների ընթացքում մեր ամենամեծ ձեռքբերումները հայկական երկու հանրապետությունների անկախությունն ու ազգային բանակակայացումն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմաբան Էդիկ Մինասյանը:
«Թեև կան բացթողումներ, բայց դրանք կլուծվեն ժամանակի ընթացքում»,- ասաց պատմաբանն` ավելացնելով, որ պետք է տարբերել անկախության արժեքը կենցաղային խնդիրներից:
«Թերություններ կան, բայց դրանք հնարավոր է ժամանակի ընթացքում շտկել: Իսկ այդ թերությունների պատճառով անտեսել անկախությունը, ես դա ճիշտ չեմ համարում»,- ասաց Էդիկ Մինասյանը:
Պատմաբանն ընդգծեց` անկախությունը յուրաքանչյուր ժողովրդի բաղձալի ցանկությունն է և բոլոր ազգերն էլ կորուստներ են ունեցել դրա ձեռքբերման ճանապարհին: