20/09/2014 17:10
«Էս ինչ լավն ա» ու «էս հավի հետ»-ի պատճառով 3 հոգի ամբաստանյալի աթոռին են
Երևանի Բաղրամյան փողոցով քայլող ամուսիններին հանդիպակաց ուղղությամբ եկողների՝ «Էս ինչ լավն ա» ու «էս հավի հետ» արտահայտության պատճառով 3 հոգի հայտնվել են ամբաստանյալի առոթին: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Արմեն Գրիգորյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 2013թ. փետրվարի 09-ին, ժամը 23։00-ի սահմաններում իր կնոջ՝ Լաուրա Վարդանյանի հետ Երևան քաղաքի Բաղրամյան փողոցով քայլելիս, իրենց հանդիպակաց ուղղությամբ եկող Համլետ Մանուկյանն ու Գուրգեն Գոլեցյանը, հավասարվելով նրանց, նրա և կնոջ հասցեին վիրավորական արտահայտություններ են արել, թե՝ «էս ինչ լավն ա ու էս հավի հետ»։ Դրանից մեկ ժամ անց նշված հողի վրա, Ա.Գրիգորյանն երկու եղբայրների հետ, նույն վայրում վիճաբանության մեջ է մտել նրանց հետ, որն ավարտվել է միմյանց ծեծկռտուքի ենթարկելով, որից հետո Ա.Գրիգորյանից վրեժխնդիր լինելու նպատակով Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը, Համլետ Հակոբյանը, Արման Չատինյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք, իմանալով Ա.Գրիգորյանի բնակության հասցեն, 2013թ. փետրվարի 10-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, գնացել են նրա տան դիմաց, որտեղ Համլետ Մանուկյանը, Արամ Գոլեցյանը, Գագիկ Ապերյանը և քննությամբ դեռևս չպարզված մյուս անձինք Ա.Գրիգորյանի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքներով, շուրջ 20 րոպե սեռական բնույթի հայհոյանքներ են տվել, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտել Ա.Գրիգորյանի ընտանքի անդամների ու շրջակա տներից դուրս եկած բնակիչների նկատմամբ, կատարել են խուլիգանություն։
Այդ պահին Ա.Գրիգորյանը դուրս գալով տնից, իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող չեխական արտադրության CZ 75B CAL 9 LUGER մոդելի, 6292S համարի ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ, որից հետո խուլիգանություն կատարող անձանց վախեցնելու նպատակով` ցույց տալու համար, որ իր կողմից գործադրվող ատրճանակը հրազեն է, մեկ անգամ էլ կրակել է ասֆալտին, որի արդյունքում՝ գնդակը անդրադարձ թռիչք կատարելով շարունակել է ուղղությունը տաղավարի մոտ կայանված «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայի աջ կողմի բացված դռան ուղղությամբ, այն վնասել ավտոմեքենայի աջ դռան ապակին և դռան հետևում գտնվող Գագիկ Ապերյանի դեմքի շրջանում անզգուշությամբ պատճառել ստորին ծնոտի ձախ հոդային ելունի կոտրվածքով, դեմքի շրջանի միջանցիկ հրազենային գնդակային վնասվածք` առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս։
Ա. Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 121 Հոդվածի 1-ին Մասի և 235 Հոդվածի 1-ին Մասի հատկանիշներով:
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև Համլետ Մանուկյանին և Գագիկ Ապերյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 Հոդվածի 3-րդ Մասի 1-ին Կետի հատկանիշներով: Ա. Գրիգորյանի նկատմամբ որպես խափանմանմիջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Համլետ Մանուկյանին և Գագիկ Ապերյանի նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին: