20/09/2014 18:18
Հերոսի ընկալումը քրիստոնեությունից առաջ և հետո
Խոսելով քրիստոնեության` համաշխարհային մշակույթում թողած ազդեցության մասին` մենք անմիջապես ուշադրություն ենք սևեռում աստվածաշնչյան կերպարների կամ սյուժեների արտացոլմանը արվեստի տարբեր գործերում, ինչպես նաև ամբողջությամբ քրիստոնեական թեմաներին նվիրված ստեղծագործություններին: Մինչդեռ «ազդեցություն» բառը ենթադրում է ոչ թե սոսկ անդրադարձ Աստվածաշնչին կամ եկեղեցական ավանդությանը, այլ ավելի խորը, բովանդակային ներթափանցում, որն ուղղակի փոփոխության է ենթարկել բարոյագիտությունն ու գեղարվեստական մտածողությունը:
Այսպիսի ազդեցությունը տեղի է ունենում աննկատ, չափազանց տևական ժամանակի ընթացքում, և այն խորությամբ ուսումնասիրելն արդեն մի ամբողջ գիտություն է պահանջում:
Այդուհանդերձ անդրադառնանք քրիստոնեական մտածողության մի տարրի, որ դարերի ընթացքում փոփոխության է ենթարկել նաև արվեստի իդեալները: Խոսքը հերոսի ընկալման մասին է:
Հին փիլիսոփաների մեծ մասը, առանձնացնելով գլխավոր մարդկային առաքինությունները, դրանց մեջ առաջին տեղը հատկացնում էր ուժին: Անտիկ շրջանի գրական հերոսները ֆիզիկապես ուժեղ, հպարտ աստվածներ ու կիսաստվածներ էին: Քրիստոնեությունն ուժի սկզբունքը փոխարինեց արիության գաղափարով: Ուշագրավ է, որ հրեաներն էլ, այն ժամանակների ընկալմանը համապատասխան, սպասում էին, որ Աստված իրենց մի հզոր արքա է ուղարկելու, որը պիտի ֆիզիկապես ոչնչացներ թշնամուն և ազատեր իրենց հռոմեական գերությունից: Մինչդեռ Քրիստոս ո՛չ սուր ուներ, ո՛չ սաղավարտ ու նժույգ: Խոնարհ, համբերատար, հանդարտ կեցվածքով այդ մարդը գյուղից գյուղ, քաղաքից քաղաք էր շրջում, քարոզում, բժշկություններ կատարում, իսկ վերջում անտրտունջ հանձն առավ խաչելությունը` հանուն մարդկության փրկության:
Այսպիսով` քրիստոնեությունը ֆիզիկական ուժին ու հպարտությանը հակադրեց խոնարհությունը` առավել խորը, ներքին հոգևոր մի գիտակցություն, որը ոչ թե անտեսում է անձի արժանապատվությունը, այլ նրան հավելում է նաև զոհաբերվելու, նեղություն կրելու գաղափարը: Խոնարհությունը նաև ինքնաճանաչողության, ինքնամաքրման ճանապարհ է, որ բացառում է ագրեսիան կամ հուսահատությունը: Հեմինգուեյն իր «Ծերունին և ծովը» գրքում մի հրաշալի տող ունի. «Նա շատ պարզասիրտ մարդ էր, որպեսզի մտածեր, թե հեզությունը երբ է համակել իրեն, բայց նա գիտեր, որ հեզությունը եկել է և իր հետ ո՛չ ամոթ է բերել, ո՛չ մարդկային արժանապատվության կորուստ»:
Խոնարհ հերոսների կոթողային կերպարներով հարուստ է Ֆեոդոր Դոստոևսկու գրականությունը: Խոնարհությունը` որպես զգացողություն, բյուրեղացած է Բախի` հոգևոր և «աշխարհիկ» բազմաթիվ ստեղծագործություններում: Խոնարհության հանճարեղ գովք է հայ կինեմատոգրաֆի լավագույն նմուշներից մեկը` «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմը: Խոնարհ ու արժանապատիվ են Մաթևոսյանի հովիվները` պատրաստ նաև ինքնաքննության` ճիշտ ինչպես քրիստոնեկան սրբերը: Խոնարհ մարդու պես սակավախոս, պարզ ու ջինջ են Կոմիտաս Վարդապետի մանրանվագները:
Քրիստոնեությունը` համաշխարհային կրոններից ամենամեծը, և Աստվածաշունչը` աշխարհի ամենաշատ թարգմանված և տպագրված գիրքը, հարյուրամյակների ընթացքում հանդարտ և աննկատ փոխել են մարդկության մտածողության հունը: