20/09/2014 16:48
Վիգեն Սարգսյան. Հայաստանը դառնալու է Ցեղասպանության դեմ պայքարի հարթակ
Այսօր Երևանում իր աշխատանքներ շարունակեց «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովը, որին մասնակցեց և համաժողովի մասնակիցներին դիմեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Այնուհետև խոսքով հանդես եկավ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների աշխատանքները համակարգող Վիգեն Սարգսյանը: Իր խոսքում նա նշեց, որ 2015թ-ին ողջ հայ ժողովուրդը հավաքվելու է սգալու անդարձ կորուստները, Ցեղասպանությունը հայ ժողովրդին թեև վտարանդի դարձրեց, սակայն չբարոյազրկվեցինք, այլ համախմբվեցինք, ինչպես կաներ յուրաքանչյուր իմաստուն ժողովուրդ:
Վ. Սարսգյանը նաև նշեց, որ դահիճները չգիտեին, որ Ցեղասպանություն իրագործելով, հայերին սփռվելով աշխարհով մեկ` տարբեր երկրներում ծնվելու են համաշխարհային մեծություններ, որոնք դառնալու էին հայոց դեսպաններ. Պետություն չունեցող երկրի դեսպաններ՝ Արշիլ Գորկի, Շարլ Ազնավուր, Վիլյամ Սարոյան: Հայերը դարձան կուռ ու միասնական, նախ ստեղծվեց Հայաստանի առաջին Հանրապետությունը, հետո Խորհրդային Հայաստանը, հետո նաև Անկախ Հայաստանը, որոնք դարձան հզոր կենտրոններ և մարտահրավեր նետեցին աշխարհին ապրելու հաստատուն վկայությամբ:
Վ. Սարգսյանը վստահեցրեց, որ հարևանների հորինած ստերն ու կեղծիքները, իբր թե հայերն անհնազանդ էին, պարզապես հորինվածքներ են, որոնք փորձում են սահմանափակել Ցեղասպանության մասին խոսելու հայերի իրավունքը:
«Հայ ժողովուրդը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ ունի նաև մեծ առաքելություն` Հայաստանը ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային պայքարի ճանաչված առաջնամարտիկներից է այլևս: Եվ մեր պարտքն է անընդհատ հիշեցնել մարդկությանը, որ կանխարգելումը, ճանաչումը, դատապարտումն ու պատիժը այդ պայքարի կարևորագույն ու անքակտելի գործոններն են: Եվ ուրեմն նաև այդ մասին է լինելու ցեղասպանության 100-ամյակի մեր ոգեկոչումը»,- ասաց Վ. Սարգսյանը:
2015-ը, նրա խոսքով, դառնալու է Ցեղասպանության դեմ պայքարի միջազգային հարթակ, նա հայտարարեց նաև, որ 2015-ին տեղի են ունենալու Ցեղասպանությունը դատապարտող տարբեր միջոցառումներ և համաժողովներ:
«Ուրիշի ցեղասպանություն չի լինում, քանի որ որևէ ժողովրդի բնաջնջում վտանգ է աշխարհի ողջ բնակչության համար».- եզրափակեց խոսքը Վ. Սարգսյանը: