22/09/2014 20:29
Պուտինի առաջարկով «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումը նոր կերպար կունենա
Ռուսական «КЛАСС!» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի ներկայացուցիչ Ալեքսանդր Միտրոշենկովը հայտարարել է, որ ռուսական հայտնի «Բարի գիշեր, երեխաներ» հաղորդումն արդեն նոր կերպար ունի: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ունեինք նոր կերպարի մի քանի տարբերակ: Քննարկվում էր գայլի, կապիկի, ընձուղտի ու անգամ ձիու տարբերակը: Բայց արդյուքնում որպես կերպար ընտրվեց վագրը»,- ասել է Միտրոշենկովն ու որպես կերպարի խորհրդանիշ՝ լրագրողների ներկայությամբ բաց թողել փոքրիկ կենդանի վագրի:
Հաղորդման մեջ նոր կերպար ավելացնելու միտքը հեռուստատեսության աշխատակիցներին տվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ամիսներ առաջ հաղորդման վրա աշխատողներն ասացին, որ այն անպայման կապ է ունենալու երկրի ղեկավարի հետ:
Բանն այն է, որ այս տարվա մայիսին ՌԴ նախագահը ազատ է արձակել 3 փոքրիկ վագրերի, ովքեր մորը կորցնելուց հետո երկար ժամանակ հատուկ խնամք էին ստանում մասնագետների կողմից:
Նշվում է, որ հաղորդման նոր կերպարը եթերում կհայտնվի արդեն հոկտեմբերին: