23/09/2014 17:31
ՀՀԿ-ն կողմ չէ, բայց ինքնազսպման ճանապարհով է գնում. Գալուստ Սահակյան
Սահմանարդրական բարեփոխումները դեռևս գտնվում են Վենետիկի հանձնաժոփղովի քննարկման փուլում: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Երբ դրանք կհրապարակվեն, Գ. Սահակյանի խոսքով, այդ ժամանակ էլ կսկսվեն քաղաքական ուժերի հետ քննարկումները:
Հարցին` արդյոք իշխանությունները վախեցած են Լևոն Զուրաբյանի այն հայտարարությունից, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը ձնագնդիի նման մեծացող գործընթաց է, և կարող է ավելի լուրջ գործընթացների հանգեցնել, Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ իշխանությունները վախեցած չեն.
«Ես կարծում եմ, որ Լևոն Զուրաբյանը մանկական հրճվանք է ապրում, որովհետև չի կարելի ԲՀԿ-ի թևի տակ մտածել և հոխորտալ, որ կարող է ինչ-որ գործողություններ ծավալվել: Ընդհանարապես քառյակի գործունեության մեջ վճռորոշը ԲՀԿ-ն է, բայց ԲՀԿ-ն երբեք նման հայտարարություններ չի անում: ՀԱԿ-ը իրեն համոզել է, որ կարող է ինչ-որ բան փոխել և փշրանքներից օգտվել, բայց այն 7 հոգանոց խմբակցություն է, և ես երբեք չեմ տեսել, որ նրանք միասին մի կարծիք հայտնեն»:
Լրագրողի դիտարկմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանի իր կուսակից ՀՀԿ–ականների կարճ հիշողությունը, որ ընդամենը մեկ տարի առաջ խիստ քննադատում էին կառավարման խորհրդարանական համակարգը, իսկ այսօր նույն եռանդով հակառակն են պնդում, Գ. Սահակյանն ասաց, որ ՀՀԿ-ն, որպես կուսակցություն, կայացած ուժ է, այնուհետև շարունակեց, որ ՀՀԿ-ին գործող կիսանախագահական համակարգը ձեռնտու է, բայց դա պայմանավորված է կուսակցության նեղ շահերով:
Ինչ վերաբերում է համապետական շահերին, ապա Գ. Սահակյանի խոսքով՝ քաղաքական կառավարման մոդելի խնդիր է առաջացել, ուստի ՀՀԿ-ն ոչ թե գնահատում է այն, որ դա այն բանաձևն է, այլ սպառիչ ձևով բավարարում է հասարակությանը և քաղաքական մյուս ուժերին:
«Մենք այսօր ոչ թե մտածում ենք կառավարման չինովնիկական պրոցեսներով առաջ գնալու մասին, այլ այն, որ քաղաքական համակարգը ինքը կարողանա կառավարման մաս դառնալ: Եվ այս տեսակետից մենք ինքներս մեզ զսպման մեխանիզմներով գնում ենք այդ ճանապարհով, բայց դա չի նշանակում, որ մենք կողմնակից ենք խորհրդարանական կառավարման ձևին»,- եզրափակեց Գալուստ Սահակյանը: