29/09/2014 14:01
Էրդողան. Թուրքիան և Ադրբեջանը էներգետիկ միջանցք են ստեղծել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը, տարածաշրջանում իրականացնելով համատեղ նախագծեր, ստեղծել են էներգետիկ միջանցք, որը միավորում է Արևելքն ու Արևմուտքը:
Trend գործակալության փոխանցմամբ, Էրդողանը նշել է, որ այդպիսի նախագծեր են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ TANAP ծրագիրը, որը գտնվում է իրականացման փուլում, ունի կարևոր նշանակություն աշխարհի էներգետիկ անվտանգության ապահովման համար:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Բաքվում տեղի ունեցավ «Հարավային գազային միջանցքի» հիմնարկեքի արարողությունը, որին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն և Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին:
«Հարավային գազային միջանցքը» անցնելու է այդ երկրների տարածով: 2013թ.-ի դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել շահագործման հանձնել ադրբեջանական «Շահ Դենիզ» գազային հանքավայրը, որտեղից գազը Վրաստանի և Թուրքիայի տարածքներով պետք է արտահանվի եվրոպական շուկաներ:
Ադրբեջանական այդ հանքավայրից գազը Հարավկովկասյան գազամուղի ընդլայնման և TANAP ու TAP նոր գազամուղերի կառուցման շնորհիվ պետք է դիվերսիֆիկացնի ԵՄ-ի էներգետիկ հոսքերը և նվազեցնի ռուսական գազից Բրյուսելի կախվածությունը:
TAP-ի միջոցով հնարավոր կլինի արտահանել 10-20 միլիարդ խմ գազ, իսկ մինչև այդ գազամուղը, որը գտնվելու է թուրք-հունական սահմանին, կառուցվելու է TANAP գազամուղը: