30/09/2014 14:32
«Սուրիկ Խաչատրյանի նշանակումից հետո մտքումս միայն հայհոյանքներ էին»
Երբ իմացա, որ Սուրիկ Խաչատրյանը նորից մարզպետ է նշանակվել՝ մտքումս միայն հայհոյանքներ էին: Այս նշանակումը հերթական անգամ ցույց տվեց, որ մենք կորցնում ենք մեր պետությունն ու արժանապատվությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Անդրադառնալով ասուլիսի թեմային՝ Շանթ Հարությունյանի և ընկերների գործին, Ավետիք Իշխանյանը փորձեց զուգահեռներ անցկացնել դրա և Սուրիկ Խաչատրյան-Բուդաղյաններ գործի միջև.
«Փաստորեն ստացվում է, որ մի դեպքում օրինական է Խաչատրյանների, այսպես ասած, ինքնապաշտպանությունը, իսկ մյուս դեպքում՝ անչափահաս Շահեն Հարությունյանի գործողություններն, ով ընդամենը ցանկացել է պաշտպանել հորը՝ անօրինական են ու մեղադրողը նրա համար 5 տարա ազատազրկում է պահանջում»,- ասաց իրավապաշտպանը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ «Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի և քաղբանտարկյալների» նախաձեռնության համակարգող Վրեժ Զատիկյանը նշեց, որ Շանթ Հարությունյանն ու նրա ընկերներն այսօր բանտարկված են ազատության համար.
«Նշեմ, որ վաղը տեղի ունենալիք դատական նիստից մեկ ժամ առաջ մենք ի պաշտպօանություն քաղբանտարկյալների կազմակերպելու ենք հանրահավաք »,- ասաց Վրեժ Զատիկյանը: