30/09/2014 14:02
Սերժ Սարգսյանն ընդունել է Հունաստանի նախագահին. Ստորագրվել են համաձայնագրեր
Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Այս մասին հայտնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես՝ ստորագրվել են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Հունաստանի Հանրապետության գյուղական զարգացման և պարենի նախարարության միջև համաձայնագիր և Հայկական զարգացման գործակալության ու Հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի միջև փոխըմբռնման հուշագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես են եկել բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: