02/10/2014 16:01
ՄԻՊ. Մարդու իրավունքները խախտվում են Դատախազության և ոստիկանության պատճառով
Այսօր ԱԺ-ում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն առաջարկեց ստեղծել հատուկ հանձնաժողով, որը կզբաղվի խաղաղ պայմաններում զոհված զինվորների ծնողների խնդիրներով:
«Ինչպես գիտենք, կան զինվորների մայրեր, որոնց երեխաները չեն մահացել թշնամու գնդակից: Առաջարկում եմ, ստեղծել օրենսդրական միակուսակացական, չեզոք մի կառույց, որտեղ գործը կքննվի»,- նշեց Կ. Անդրեասյանը՝ հավելելով, որ ՄԻՊ-ը վաղվանից կսպասի բոլոր առաջակներին:
Կարեն Անդրեասյանի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության խիստ կարևոր գործը դրված է միայն այդ կառույցի ուսերի վրա, մինչդեռ՝ այդ կառույցի հետ պետք է համագործակցեն բոլորը, այդ թվում և ԱԺ-ը:
«Ես վաղվանից կսպասեմ բոլոր առաջարկներին, որոնք հավասարապես կբաշխվեն ձեր և մեր աշխատակիցների միջև»,-հավելեց նա:
Այստեղ կրկին միջամտեց ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն, ով իր խոսքում ասաց, որ օմբուդսմենը շատ է գերագնահատում ԱԺ-ի դերը:
«Դուք մի փոքր գերագնահատում եք ԱԺ-ի դերը: Շատ քիչ դեպքերում է, որ պատգամավորիներին իշխանությունները արձագանքում են»,-ասաց պատգամավորը, որի հետ չհամաձայնեց նաև Կարեն Անդրեասյանը.
«Թույլ տվեք այս կետից չհամաձայնել ձեզ հետ: Իմ սպասելիքները չափից դուրս ռեալիստական են: Ես տեսել եմ, թե ինչպես են պատգամավորների մեծ մասը համախմբված աշխատում, որի արդյունքը մեկ անգամ չէ, որ ստացվել է: Պարոն Մելքումյանն է շատ գեղեցիկ համագործակցել ՀՀԿ առանձին պատգամավորների հետ, որտեղ չեն եղել լուրջ քաղաքական հարցեր: Ես կրկնում եմ, ներկայացնում եմ մի զեկույց, որը դուր չի գալիս այս կամ այն կառույցին: Խնդրում եմ՝ ինձ ուղարկեք այն կետերը, որոնք չեն առաջացնի որևէ ուժի դժգոհությունը: Հնարավոր է, որ մենք կոնսեսուսի գանք և փորձենք ձեզ հետ միասին լուծել առաջացած բոլոր խնդիրները»,-ասաց Օմբուդսմենը:
Կ. Անդրեասյանը այստեղ ընդգծեց, որ կա երկու կառույց, որոնց պատճառով էլ հիմնականում առաջանում են մարդու իրավունքների կոպիտ խախտումները: Ըստ նրա, դրանք են՝ Գլխավոր դատախազությունը և ոստիկանությունը:
Նախորդող հրապարակում՝ Կարեն Անդրեասյան. Մենք քննադատել ենք, բայց պատշաճ արձագանք չի եղել