02/10/2014 15:17
Հայաստանում թմրամոլների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է
Հայաստանում 2014-ին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է թմրամոլների թիվը, իսկ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերը 94-ով նվազել են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Վարդան Բադասյանը:
Նրա խոսքով՝ 2014-ի 9 ամիսների ընթացքում հայտնաբերվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության 883 դեպք, ավելացել է առգրավված թմրանյութերի քանակը, ինչպես նաև դրանց մաքսանենգ ճանապարհով ներկրումը:
«Հայաստանում գրանցված է 5271 թմրամոլ՝ նախորդ տարվա 5022 թմրամոլի դիմաց: Այս տարի պատասխանատվության է ենթարկվել 362 ապօրինի շրջանառությամբ զբաղվող անձ՝ նախորդ տարվա 243 հոգու դիմաց»,- ասաց նա:
Բանախոսը ասաց, որ թմրամոլության և թմրանյութերի ապօրինի շրջանառության կանխարգելման համար իրականացնում են դաստիարակչական միջոցառումներ, այդ թվում՝ նաև դպրոցներում դասեր են անցկացնում երեխաների համար: