20/10/2014 17:46
ԱԺ նախագահը բարկացավ. Մի թույլ տվեք՝ ես սկսեմ գործել իբրև Գալուստ Սահակյան
Հայաստանում դատական համակարգը չի գործում: ԱԺ ամբիոնից այսօր հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորը նշեց, որ օգտվելով առիթից ուզում է կարդալ մի դատավճիռ` «Դատավճիռ հանուն հայ ժողովրդի ու ազատ, անկախ միացյալ Հայաստանի»:
«Սերժ Սարգսյանը, ով բնակվում է Բաղրամյան 26 պալատում…»,- շարունակեց տիկին Փոստանջյանը, որի խոսափողը հերթական անգամ անջատվեց:
«Տիկին Փոստանջյան ես ստիպված եմ արդեն երրորդ անգամ Ձեր խոսափողը անջատել»,- հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուրարդ Շարմզանովը, ում հոդորը, սակայն, չլսեց Զարուհի Փոստանջյանը՝ անջատված խոսափողով շարունակելով կարդալ իր զեկույցը:
«Տիկին Փոստանջյան, Ձեր խոսափողն անջատված է, Ձեզ ոչ ոք չի լսում»,- հայտարարեց, Շարմազանովը, իսկ Փոստանջյանը շարունակում էր…
Փոստանջյանի ելույթը դուր չէր գալի պատգամավորներից շատերին, այդ թվում և` Արտաշես Գեղամյանին: «Պարոն Գեղամյան, ձեր նյարդերը պահպանեք»,- հորդորեց Շարմազանովը:
Իսկ ահա ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Սա կարգազանցության վառ օրինակ է: Խնդրում եմ գրի առեք, չնայած` անբուժելի է»,-ասաց նա:
Վարման կարգով ելույթ ունենալով՝ նա հայտարարեց, որ ինքը կողմնակից է բարեկրթության. «Չի կարելի: Ինձ մի թույլ տվեք, որ ես սկսեմ գործել իբրև Գալուստ Սահակյան: Ես ԱԺ նախագահ եմ և չեմ ուզում, որ գործընկերներիս միջև բախումներ կամ հայհոյանքներ լինեն»,-ասաց ԱԺ նախագահը` հավելելով, որ ինքը դեմ չէ քննադատությանը, բայց դա պետք է լինի առողջ քննադատություն: