20/10/2014 16:11
«Շանթ Հարությունյանի արածը հեղափոխության բեմականացում էր»
Շանթ Հարությունյանի հեղափոխությունը բեմականացում էր և անհրաժեշտ էր, որ այն որպես բեմականացում ավարտվեր: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով՝ Շ. Հարությունյանի գործողությունները հեղափոխություն չէին, քանի որ տհաճ իրավիճակ ստեղծվեց, և մարդիկ չպետք է մահակներով զինված փողոց դուրս գային, դա պետք է կանխվեր, սակայն անչափահաս Շահեն Հարությունյանին այս պատմության մեջ ներքաշելը անընդունելի է:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը ևս ասաց, որ իր կարծիքով, Շ. Հարությունյանի արածը հեղափոխության բեմադրություն էր, սակայն նրա նկատմամբ դաժան հաշվեհարդար իրականացվեց, թեև նրա արածը չպետք է հանցագործություն որակվեր, քանի որ դրա ընթացքում որևէ մեկը չի տուժել:
Նա հույս հայտնեց, որ ՀԱԿ-ից բացի, մյուս քաղաքական ուժերը ևս Շանթ Հարությունյանին կճանաչեն որպես քաղբանտարկյալ:
«Բարեփոխում» ՀԿ նախագահ Կարինե Հակոբյանի խոսքով՝ Շ. Հարությունյանն իր ուսերին վերցրեց հազարավոր մարդկանց բողոքը և իրեն զոհաբերեց հանուն Հայաստանի, սակայն դրա համար շատ թանկ վճարեց: