21/10/2014 15:34
«Իշխանությունը մանր խորամանկություն է բանեցնում՝ ժամանակ շահելու համար»
Քիչ առաջ ԱԺ ժողովում ավարտվեց եռյակի հերթական նիստը, որն այս անգամ անց էր կացվում «Ժառանգություն» խմբակցությունում:
Նիստի ավարտից հետո խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, ամփոփելով նիստը, հայտարարեց, որ քննարկվել են Սահմանամերձ գյուղական համայնքների հարկերի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի վերաբերյալ հարցեր:
Ռ. Հակոբյանի խոսքով` իշխանությունները օրենքով ժամանակ են շահում, որպեսզի ընդդիմությանը թույլ չտան արտահերթ նիստ հրավիրելու:
«Սրանք օրենքներ են, որոնք պետք է առանձին-առանձին լուրջ քննարկվեն: Հերթական անգամ խախտվում է ԱԺ կանոնակարգը: Այդ օրենքները նաև հանրային քննարկումների անհրաժեշտություն ունեն: Իշխանություններն ուզում են թույլ չտալ, որպեսզի ընդդիմությունը արտահերթ նիստ հրավիրի և օրենսդրական գրքում փոփոխություններ իրականացնի: Սա մանր խորամանկություն է, որ իշխանությունները փորձում են բանեցնել: Նրանք հանկարծ թմբիրից արթնանում են և որշում են, որ պետք է այս ինչ օրենքը քննարկեն»,-ասաց «Ժառանգության» պատգամավորը:
Վերջինիս խոսքով, այսօր շատ ավելի կարևոր ու հրատապ օրենքներ կան, որոնք քննարկման անհրաժեշտություն ունեն, սակայն իշխանությունները դրանք չեն քննարկում: «Արհեստականորեն օրենքները գցում են իրար ու սկսում դրանք միանգամից քննարկել: Օրենսդրական մշակույթին ծանոթ ցանկացած մարդ կհասկանա, որ այն, ինչ ներկայացվում է, հեռու է պառլամենտական մշակույթից և ԱԺ կանոնակարգի տրամաբանությունից»,-ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ մանրամասներ քննարկվե՞լ են, որին ի պատասխան Ռ. Հակոբյանը ասաց, որ ոչ.
«Հանրահավաքի հետ կապված` այսօր որևէ հարց չի քննարկվել»: