21/10/2014 16:20
Ռ. Հակոբյան. Ժողովուրդը հստակ հասկանում է, որ խոսքը պետք է գործի վերածել
Հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ներկա կլինի: Այսօր եռյակի նիստի ավարատից հետո հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
«Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցությունը կատեգորիկ դրված չի եղել երբեք: Ուղղակի և՛ մենք, և՛ Ր. Հովհաննիսյանը մասնակցության համար դրել ենք կարևորագույն հարց` միասնական օրակարգի ձևավորում, միասնական ճանապարհային քարտեզ, որի ուղղությամբ էլ այսօր աշխատում ենք»,-ասաց Ռ. Հակոբյանը:
Դիտարկմանը, թե միասնական ասելով ի՞նչ նկատի ունի, Ռ. Հակոբյանը ասաց. «Թեմատիկ առումով, հարթակից հնչած ելույթները պետք է լինեն բոլորիս համար միասնական ծրագրի շրջանակներում: Ինչ վերաբերում է ճանապարհային քարտեզին, ապա միասին այդ քարտեզը գծում ենք»,- ասաց Հակոբյանը:
Անդրադառնալով հոկտեմբերի 10-ին կայացած հանրահավաքին` պատգամավորը նշեց, որ կարելի է ցանկացած գնահատական տալ այդ հանրահավաքին, բայց այն բացառիկ էր իր բնույթով: Այսինքն` միասնություն էր ակնկալվում, միասնական հանրահավաք էլ տեղի ունեցավ: «Դա հանրահավաք էր, որը ոչ առաջինն էր, ոչ էլ վերջինը: Այդ հանրահավաքում, բնականաբար, որոշակի խնդիրներ ունեինք թե՛ ժողովրդի, թե՛ քանակի, և թե՛ որակի հետ կապված: Ինչ վերաբերում է քաղաքական ուժերին, ապա նրանցից յուրաքանչյուրն ուներ իր ակնկալիքն ու գործողությունների օրակարգը»,-ասաց պատգամավորը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև հաջորդ հանրահավաքի օրակարգից, ի պատասխան Ռ. Հակոբյանն ասաց, որ եղել են առաջարկներ, որոնք այսօր արդեն քննարկվում են: «Եթե իշխանությունները նման կերպ են իրենց պահում, բնականաբար` մենք էլ մեր պահուստում ունենք մեր մարտավարական որոշակի հարցերի հոգեպահուստը: Բոլոր դեպքերում` եռյակի ուժերը ակտիվորեն մասնակցելու են այս ակտիվ քննարկումներին»,- մանրամասնեց նա:
Իսկ գալիք հանրահավաքի վերաբերյալ Ռ. Հակոբյանը զերծ մնաց գնահատականներ տալուց: Նրա խոսքով` այն ևս կլինի միասնական, իսկ թե կլինի գործողությունների՞, թե՞ ելույթների հանրահավաք`դա արդեն ժողովուրդը կորոշի: «Ժողովուրդն այլևս խոսքերի հանրահավաք չի ակնկալում: Ժողովուրդը շատ հստակ հասկանում է, որ խոսքը պետք է գործի վերածել: Իսկ այդ գործը պետք է միասնական լինի»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն հայտարարել է, որ ճանապարհային քարտեզը Գագիկ Ծառուկյանն էլ որոշելու, Ռ. Հակոբյանը շեշտեց, թե ինքը չի կարդացել, թե Գագիկ Ծառուկյանն է ճանապարհային քարտեզը գծելու: «Բոլոր քաղաքական ուժերն իրավունք ունեն առանձին-առանձին խոսելու: Ինչ վերաբերում է միասնական քարտեզին, դա ուղղակի անհրաժեշտություն է և քննարկման փուլում է այն արդեն»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ժողովուրդն ուզում է զգալ, որ ինքը գործոն է և կարողանում է ուղղորդել այդ շարժումը և քաղաքական ուժերին:
Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի ելույթին, ապա պատգամավորը պատասխանեց այսպես. «Իշխանափոխության խնդիրը դրված է: Ինչ մակարդակով կգնանք և ինչ գործողություններով՝ առաջիկայում պարզ կդառնա: Ոչ միայն ժողովուրդն է ակնկալում նրա ելույթը, այլև բոլորը»: