22/10/2014 20:45
«Իրանի և Հայաստանի լավ հարաբերություններն ուղղված չեն այլ երկրների դեմ»
Տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր դիրքորոշում: Այդ մասին իրանական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի արտաքին գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան հարևան երկրների՝ հայ-իրանական հարաբերությունների վերաբերյալ հնչեցրած քննադատություններին, մասնավորապես նշել է. «Իրանի և Հայաստանի միջև առկա է լավ համագործակցություն, երկու երկրների միջև լուրջ համաձայնություններ են ձեռք բերվել, հուսով ենք` կարճ ժամանակում ձեռք բերված համաձայնությունները կյանքի կկոչվեն»:
Շարունակելով խոսքը՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը հավելել է. «Տարածաշրջանային մի շարք խնդիրների շուրջ Իրանն ու Հայաստանը ունեն ընդհանուր դիրքորոշում. Վստահ եմ մեր երկու երկների լավ հարաբերությունները ուղղված չեն այլ երկրների շահերի դեմ»:
Հիշեցնենք, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 20-21-ը երկօրյա այցով մեկնել էր Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ հանդիպում է ունեցել նախագահ Հասան Ռոհանիի, նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիի, ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի և Սպահանի նահանգապետ Ռասուլ Զարգարփուրի հետ: Բացի այդ, հանդիպում է ունեցել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ, մասնակցել Սպահանի հայկական Ս.Ամենափրկիչ հայկական եկեղեցու հիմնադրման 350-րդ տարեդարձի միջոցառումներին: