23/10/2014 11:25
Ծառուկյանի հետ հանդիպումներ եղել են. Արմեն Մարտիրոսյան
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը չհերքեց, որ երեկ Գագիկ Ծառուկյանի հետ եղել են առանձին հանդիպումներ:
«Հանդիպումներ եղել են, և էական չէ, թե դրանք որտեղ են տեղի ունեցել»,- ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ երեկ ԲՀԿ գրասենյակում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն առանձին հանդիպումներ ունեցե՞լ է Րաֆֆի Հովհաննիսյանի և Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը Ծառուկյանի մոտ դժգոհել է Տեր-Պետրոսյանից:
Թերթը հավելել էր նաև, թե եռյակում առանցքային որոշումները կայացնելուց հետո են միայն Րաֆֆի Հովհաննիսյանին տեղյակ պահում, ինչը դժգոհելու առիթ է հանդիսացել։ «Իսկ արդեն եռակողմ հանդիպման ժամանակ որոշում է կայացվել, որ այս անգամ լավ կլինի առանցքային ելույթ ունենա հենց Ծառուկյանը, քանի որ մարդիկ հենց նրա խոսքն են ցանկանում լսել»,- գրել է թերթը։
Արմեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով հրապարակմանն ասաց. «Թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը մամուլի հետ հանդիպումից հետո առիթ չեն ունեցել հանդիպելու, ուստի այդ տեղեկությունները անհիմն են: Լրագրողներ էլ հանդիպմանը ներկա չեն եղել»:
Ի դեպ՝ թերթը գրել էր նաև, թե որոշվել է նաև, որ Ծառուկյանը ևս պետք է ելույթ ունենա, ու խոսքը պետք է լինի սուր քննադատական՝ սոցիալական ուղղվածությամբ, բայց «չափի մեջ»։
Մեզ հետ զրույցում Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ հանդիպման մանրամասների մասին մեկնաբանություններ տալ չի կարող, սակայն քննարկվել են հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքի վերաբերյալ, ինչպես նաև՝ ներքաղաքական հարցեր: Ի պատասխան հարցին, թե ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ելույթ կունենա՞, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը նախընտրեց լռել: «Այդ մասին առայժմ ոչինչ ասել չենք կարող»:
Գագիկ Ծառուկյանի ելույթի հետ կապված՝ մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև ԲՀԿ ղեկավարի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանից, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: