24/10/2014 13:10
ՀՀԿ պատգամավոր. Սպասենք և կլսենք, թե ինչ է արտաբերելու Գագիկ Ծառուկյանը
«Բազմիցս ասել ենք, որ 12 կետերը դա ոչ միայն ընդդիմության բարձրացրած հարցերն են, այլև՝ մեր ամենօրյա քննարկվող խնդիրները, որոնք միշտ պահում ենք մեր ուշադրության կենտրոնում»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Մենք դրանք չենք ընդունում իբրև պահանջ, այլ ընդունում ենք որպես առաջար»,- ընդգծեց նա:
Անդրադառնալով եռյակի այսօրվա հանրահավաքին և դրա ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի սպասվող ելույթին` ՀՀԿ խմբակցության ղեկավարը չցանկացավ գուշակություններ անել և ժամանակից առաջ ընկնել: «Պետք չէ շտապել: Կսպասենք ու կլսենք, թե ինչ է արտաբերելու Գագիկ Ծառուկյանն՝ իր շուրթերից: Կարծես թե` եռյակն անխակնատեսելի է և միասնականություն չի արտացոլվում»,- նկատեց պատգամավորը:
Ի դեպ` նշենք, որ այսօր ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները չէին ներկայացել ԱԺ ճեպազրույցներին:
Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջին, ապա Վ. Բաղդասարյանն ընդգծեց, որ իշխանություններն իրենք են իշխանափոխություն առաջարկում: «Մենք ձեռնամուխ ենք եղել իշխանափոխության` առաջարկվող սահամանադրական բարեփոխումներով: Մենք առաջարկում ենք մոդելի փոփոխությունը, որը իշխանափոխության ձև է: Սակայն այլ բան է, որ ուզում ենք ասել, թե մենք ուզում ենք գալ իշխանության: Ձևակերպումները ճիշտ չեն: Եթե լինեն ընտրություներ, չի բացառվում, որ հենց այդ ուժերը գան իշխանության»,- եզրափակեց խոսքը ՀՀԿ պատգամավորը:
Նախորդող հրապարակում՝ Արամ Մանուկյան. Այսօր կունենանք քայլ առաջ հանրահավաք