29/10/2014 19:36
Վաղը կկայանա «ՌեԱնիմանիա» 6-րդ կինոփառատոնի փակման արարողությունը
Հոկտեմբերի 30-ին ժամը 18:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա «ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի փակման արարողությանն ու Արի Ֆոլմանի «Համաժողովը» ֆիլմի երևանյան պրեմիերան:
«Փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 25-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 31-ը: Փառատոնի վերջին օրը «Մոսկվա» կինոթատրոնի Փոքր դահլիճում կցուցադրվեն փառատոնի հաղթող ֆիլմերը:
Այս տարի Փառատոնը ստացել էր ռեկորդային թվով հայտեր ՝ 900 ֆիլմ մոտ 90 երկրից, որոնցից ցուցադրվեցին մոտ 400 լիամետրաժ, կարճամետրած անիմացիոն ֆիլմեր և հոլովակներ:
Փառատոնի հիմնական մրցութային ծրագրերն են՝ Լիամետրաժ, Կարճամետրաժ, Ավարտական, Երաժշտական, Հեռուստատեսային և ուսուցողական:
Արտամրցույթային ծրագրերն են՝ Երևանյան պրեմիերաները, որի շրջանակներում տեղի ունեցան 6 լիամետրաժ ֆիլմի տարածաշրջանային պրեմիերա: Փառատոնի բացման ֆիլմն էր մեծ աղմուկ բարձրացրած, արդեն իսկ հեղինակավոր մի քանի փառատոններում գլխավոր մրցանակների արժանացած Ստեֆան Բերլայի «Ջեքը և կկվով ժամացույց սիրտը» լիամետրաժ ֆիլմը, որը անձամբ ներկայացրեց Ֆիլմի ռեժիսորը:
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ փառատոնի շրջանակներում ներկայացվեց ֆրանսիական լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկը՝ «ՖՈԼԻՄԱԺԸ»:
«Անիմացիայի հսկանեը» ծրագրի շրջանակներում այս տարի փառատոնը տոնեց անգլիացի նշանավոր անիմատոր Նորման Մքլարենի 100ամյա և Վալենտին Պոդպոմոգովի 90 ամյա հոբելյանները: Հոբելյանական ծրգարերի շրջանակներում կայացան ռեժիսորների ֆիլմերի հետահայաց ցուցադրությունները:
Փառատոնային ցուցադրություններից զատ, «ՌեԱնիմանիայի» համար առանձնակի կարևորություն ունեն վարպետության դասընթացները և աշխատաժողովները, որոնց անվճար մասնակցելու հնարավորություն ունեն, ինչպես հայաստանցի, այնպես էլ տարածաշրջանի երկրների ներկայացուցիչները: Այս տարի նախատեսված էր 3 մասնագիտական վարպետության դասընթաց՝ յուրաքանչյուրը երեք օր տևողությամբ: Մասնավորապես՝ վարպետության դասընթացներով հանդես եկան ԱՄՆ-ից ժամանած բրենդինգի և մարքեթինգի մասնագետ Մարկ Շապիրոն, որը ներկայացրեց ամերիկյան լավագույն անիմացիոն ստուդիաներից մեկի՝ ԼԱՅԿԱՅԻ հիմնական գործունեությունը և մասնագիտական ժամանակակից ուղղությունները: Գերմանիայից ժամանած Կարոլին Շվայցերը, որ բազմաթիվ հայտնի ֆիլմերի նկարիչն ու դիզայներն է, վարեց “Կերպարի դիզայն” խորագրով մասնագիտական եռօրյա աշխատաժողով: Հայ արմատներ ունեցող և Ֆրանսիայում բնակվող ժամանակակից ամենահայտնի հեռուստատեսային անիմացիայի ներկայացուցիչներից Շառլի Սանսոնեթին փառատոնի շրջանակներում անցկացրեց մասնագիտական վապետության դասընթաց՝ «Ինչպե՞ս և ինչո՞ւ արտադրել հեռուստատեսային անիմացիոն սերիալներ» թեմայով:
Այս տարվա մեր կարևորագույն նախաձեռնություններից մեկը ընթացիկ նախագծերի մասնագիտական ներկայացումն էր, որի շրջանակներում ներկայացվեցին երեք նախագիծ: Սերժ Ավետիքյանը ներկայացրեց իր նոր անիմացիոն ֆիլմի՝ «Վերջին ռաունդը Ստամբուլում»-ի արտադրական ընթացքը: Իլյա Յուդովիչը և Վալենտին Լապինը, ովքեր ներկայացնում են ռուսական «Նուռ» անիմացիոն ստուդիան, ներկայացրեցին Վիլյամ Սարոյանի «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը» վիպակի հիման վրա նկարահանվող «Իմ սիրտը» տիկնիկային լիամետրաժ ֆիլմի ընթացքը, որը նվիրվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին և ֆիլմի պրեմիերան տեղի է ունենուլ «ՌեԱնիմանիա» 7-րդ անիմացիոն կինոփառատոնի շրջանակներում:
Լևոն Պետրոսյանը, ով 2011թ-ին «ՌեԱնիմանիա» կինոփառատոնի շրջանակներում ուսանելու մեկնեց անգլիական Աարդման ստուդիա, վերադառնալուց հետո Էջմիածին քաղաքում հիմնել է իր տիկնիկային անիմացիայի ստուդիան, որի գործունեությունը և առաջին ֆիլմի նախնական տարբերակի ցուցադրությունը տեղի ունեցավ «ՌեԱնիմանիայի» շրջանակներում:
«ՌեԱնիմանիա» Երևանի 6-րդ միջազգային կինոփառատոնին հյուրընկալվեցին 20 միջազգայի հյուրեր: Երևանյան թողարկումից հետո «ՌեԱնիմանիան» կհյուրընկալվի Հայաստանի մշակույթային մայրաքաղաք Գյումրիում»,-ասված է փառատոնի լրատվական բաժնի տարածած հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում՝ Հոկտեմբերի 25-ին Երևանում կմեկնարկի «ՌեԱնիմանիա» 6-րդ փառատոնը
Հոկտեմբերի 25-31-ը կանցկացվի «ՌեԱնիմանիա» 6-րդ միջազգային փառատոնը